Մատչելիության հղումներ

ՊԲ-ի փոխանցմամբ` առավել համառ գործողություններ են ծավալվել Շուշիի մերձակայքում և հարավարևելյան հատվածում


Նոյեմբերի 7-ին և լույս 8-ի գիշերը փոփոխական ինտենսիվությամբ մարտերը շարունակվել են ճակատային գծի բոլոր ուղղություններում, հայտնում է Արցախի պաշտպանության բանակը (ՊԲ):

Առավել համառ գործողություններ են ծավալվել Շուշիի մերձակայքում և հարավարևելյան հատվածում: Նշվում է, որ ՊԲ ստորաբաժանումները ադրբեջանական կողմին հասցրել են թիրախային հարվածներ` հետ մղելով առաջխաղացման բազմակի փորձերը:

«Տարբեր ուղղություններում ծավալված մարտերի ընթացքում ոչնչացվել է թշնամու մեծաթիվ կենդանի ուժ, 4 տանկ, 20 միավոր այլ զրահատեխնիկա, 11 միավոր ավտոտեխնիկա, 2 ԱԹՍ:

Մարտական գործողություններին զուգահեռ հակառակորդը հրթիռահրետանային համակարգերվ թիրախավորել է նաև մայրաքաղաք Ստեփանակերտը և Շուշին: Վնասվել են քաղաքացիական ենթակառուցվածքներ», - ասված է հաղորդագրության մեջ:

Արցախի պաշտպանության նախարարությունից տեղեկացնում են, որ լուսադեմին դիտարկվել են տեխնիկայի և անձնակազմի կուտակումներ ճակատային գծի հարավարևելյան և հյուսիսարևելյան հատվածներում: Բանակային ստորաբաժանումները վերահսկում են օպերատիվ-մարտավարական իրադրությունը և քայլեր են ձեռնարկում կրակային խոցման ուղղությամբ:

Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից էլ հայտնում են. «Շուշին շարունակում է մնալ թշնամական կողմի անհասանելի երազանքը։ Թեպետ քաղաքում ավերածությունները բազմաթիվ են, բայց բերդաքաղաքը դիմանում է թշնամու հարվածներին»։

XS
SM
MD
LG