Մատչելիության հղումներ

Փաշինյանի պնդմամբ` «կասկած չկա, որ Ռուսաստանը կկատարի դաշնակցի պարտավորությունները»


ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Երևան, 19 հոկտեմբերի, 2020թ.

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը գերմանական ARD հեռուստառադիոընկերությանը տված հարցազրույցում ասել է, թե Հայաստանը Ռուսաստանից ստանում է պահանջվող աջակցությունը, և չի կասկածում, որ Ռուսաստանը կկատարի դաշնակցային պարտավորությունները:

«Մենք ստանում ենք Ռուսաստանից այն աջակցությունը, որի վրա հույս ենք դնում և ոչ մի կասկած չունենք, որ Ռուսաստանը կկատարի իր դաշնակցային պարտավորությունները, մենք գիտակցում ենք, որ հանդիսանալով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր՝ Ռուսաստանը պարտավոր է որոշակի չեզոքություն պահպանել Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում»,- ասել է Փաշինյանը, նշելով, որ Ռուսաստանը նաև ունի լավ հարաբերություններ Ադրբեջանի հետ:

«Դա ոչ պարզ իրավիճակ է, բայց մենք գոհ ենք Հայաստանի առջև Ռուսաստանի ստանձնած պարտավորությունների կատարումից»,- ասել է Հայաստանի վարչապետը:

Նա ասել է, որ ղարաբաղյան կարգավորմամբ պետք է զբաղվի միայն ԵԱՀԿ Մինսկի խումբը:

«Դա չի նշանակում, թե միջազգային հանրությունը չպետք է սատարի խմբի համանախագահներին, միջազգային համայնքը պետք է աջակցի, բայց քննարկումը պետք է իրականացվի միայն Մինսկի խմբի շրջանակներում»,- ասել է Փաշինյանը:

Անդրադառնալով խաղաղապահներին թեմային` Փաշինյանն ասել է, որ Հայաստանի համար առավել օպտիմալական տարբերակը հակամարտության գոտում ռուսաստանցի խաղաղապահների տեղակայումն է:

«Մենք համոմոզված ենք, որ հենց ռուսաստանցի խաղաղապահների տեղակայումը կլինի ամենաարդյունավետ լուծումը»,- ասել է Փաշինյանը:

ARD-ի թղթակիցը նշել է, թե Ադրբեջանը կողմ կլիներ, որ կոնֆլիկտի գոտում թուրք խաղաղապահներ տեղակայվեն: Մեկնաբանելով այդ տարբերակը` Նիկոլ Փաշինյանն ասել է, որ Թուրքիան ահաբեկիչներ և վարձկաններ է հասցնում տարածաշրջան:

«Դժվար է հավատալ, որ այդ երկիրը կարող է տարածաշրջանում առաջ տանել խաղաղություն հաստատելու կամ խաղաղապահներ տեղակայելու գործընթաց»,- ասել է Հայաստանի վարչապետը:

XS
SM
MD
LG