Մատչելիության հղումներ

Արմեն Սարգսյանն ու Իտալիայի դեսպանը քննարկել են պատերազմն Արցախում


Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանում Իտալիայի դեսպան Վինչենցո Դել Մոնակոն, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը Հայաստանում:

Ըստ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչության, հանդիպման ընթացքում խոսվել է նաև Ադրբեջանի և Թուրքիայի կողմից Արցախի նկատմամբ սանձազերծված ռազմական ագրեսիայի մասին: Կողմերն ընդգծել են, որ հակամարտությունը չունի ռազմական լուծում, և խնդրի կարգավորումը հնարավոր է միայն բանակցությունների միջոցով:

Անդրադարձ է եղել նաև հայ-իտալական հարաբերությունների ներկա մակարդակին և զարգացման ներուժին: Նշվել է, որ վերջին տարիներին բարձր մակարդակով փոխայցելությունները, մշակութային, գիտատեխնիկական, տեխնոլոգիական և մի շարք այլ ոլորտներում համագործակցության վերաբերյալ պայմանավորվածությունները, երկու բարեկամ ժողովուրդների միջև պատմական և մշակութային կապերը լավ հիմք են ապագայում առավել սերտ հարաբերությունների հաստատման համար:

«Շատ եմ ցավում, որ պետք է հեռանամ Հայաստանից, երբ այդքան շատ տառապանք ու մարդկային կյանքի կորուստներ կան, երբ պատերազմն այդքան մոտ է: Ես տանում եմ ինձ հետ ձեր բարեկամության, հիանալի մարդկանց հայկական հետքը, միևնույն ժամանակ, այնքան տխուր եմ հեռանալու նման պայմաններում», - ասել է դեսպանը՝ շնորհակալություն հայտնելով Արմեն Սարգսյանին՝ երկկողմ հարաբերություններում ունեցած հսկայական ներդրումի համար::

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG