Մատչելիության հղումներ

Արցախից Հայաստան ապօրինի զենք տեղափոխելու փաստերով 9 քրեական գործ կա հարուցված


Արցախից Հայաստան ապօրինի զենք տեղափոխելու փաստերով 9 քրեական գործ կա հարուցված, նախաքննություն է ընթանում, հայտարարում է Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, այժմ նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Արթուր Մելիքյանը: «Որպես կանոն պահեստազորայինների հետ է խնդիրը», - ասում է նա:

Ոստիկանությունն ավելի վաղ մեկ տասնյակից ավելի դեպքերի մասին է հայտնել: Վայքի, Սյունիքի, Ապարանի, Վարդենիսի, Արարատի ոստիկանները տարբեր մեքենաների խուզարկությամբ հայտնաբերել են զենք ու զինամթերք, օրինակ` գնդացիր, ավտոմատ, փամփուշտներ, զրահաբաճկոն, սաղավարտ և այլն:

Արդյոք զենք-զինամթերքն Արցախից բերելը կապված է քրեական ենթամշակույթի հետ, Մելիքյանն ասում է` համագործակցում են Ազգային անվտանգության ծառայության հետ` նաև դա պարզելու համար. «Կա վարկած նաև այդպիսին, դրա համար անկեղծ ասեմ` նաև ԱԱԾ-ի հետ ենք աշխատում այդ առումով, որպեսզի հասկանանք` վերջնակետն ուր էր: Ավարտած քրեական գործ չունենք, որ վերջնական արդյունք արդեն հրապարակեմ, պայմանականորեն ընդունենք, կոպիտ չհնչի, մի հանցավոր հեղինակություն պատվիրել էր, որ զենք կամ փամփուշտ բերեն: Չունենք այս պահին ավարտված գործ, որ կարողանամ միանշանակ պնդել, ասեմ` այ այս նպատակով, այսինչ սուբյեկտի համար բերում էին: Մեղադրյալներ էլ ունենք տարբեր խափանման միջոցներով: Բայց հիմա ամփոփել դա շատ վաղաժամ է, հավատացեք»:

«Ազատության» հարցին, թե ի՞նչ է արվում դա կանխարգելելու համար, Արթուր Մելիքյանը պատասխանեց. - «ԱԱԾ-ն, Ռազմական ոստիկանությունը և Ոստիկանությունը, տեղյակ եմ, որ տարբեր տեղերում պարեկային խմբեր ունի, ինչպես նաև անշարժ պահակետեր ունի, որոնց միջոցով որ փորձելու են կանխել այս կարգի հանցագործությունները»:

Իրավապահները, ըստ Կարապետյանցի, պետք է բացահայտեն զենքերի բերման նպատակը

Իրավապաշտպան Նինա Կարապետյանցը կարծում է՝ իրավապահները պետք է պատասխանեն այն հարցին, թե ինչ նպատակով է այդ զենքը Հայաստան բերվել և ում պատվերով. - «Պետք է հասկանալ, անպայման պետք է հասկանալ, և դա քննությունը պետք է պարզի` ինչի համար են բերվել այդ զենքերը դեպի Հայաստան, որովհետև դա կարող է լինել, ինչպես քննարկվում էր, առաջինը քրեական ենթամշակույթի կողմնակիցները, ջատագովներն իրենց նպատակների համար, և երկրորդ տարբերակը, որին ես ինքս ավելի հակված եմ, այն ուժերը, որոնք ենթադրաբար այնքան էլ գոհ չէին նախկինում հեղափոխությունից, չեմ բացառում, որ նաև կարող է օգտագործվել հեղաշրջման նպատակներով: Մենք դրա դառը փորձն ունեցել ենք, մենք ունեցել ենք օրինակ` «Հոկտեմբերի 27»:

Հանդիպո՞ւմ է սա աշխարհում, թե՞ չէ, իհարկե հանդիպում է, բոլոր տեղերում, որտեղ կան ռազմական գործողություններ, առիթը բաց չեն թողնում այսպես ասած` իրենց նպատակների համար զենքեր, զինամթերք կուտակելու: Այդպիսի իրավիճակ իրականում մենք ունեցել ենք նաև 90-ական թվականներից հետո. մեծ քանակությամբ զենք-զինամթերք կար Հայաստանի տարածքում, տարբեր ժամանակներում կա՛մ ինքնակամ են հանձնել, կա՛մ միջամտություն է եղել, միջամտության արդյունքում են հայտնաբերվել տարբեր քրեական գործերի շրջանակներում: Այնպես չի, որ մենակ հայերն են, բայց մեր դեպքում այն իրավիճակում, որ մենք ենք գտնվում, սա, իհարկե, մարդկայնորեն անգամ հասկանալի ու ընկալելի չի կարող լինել»:

Իրավապաշպանը վստահ է` նման դեպքերը վերացնելու համար պատերազմի պայմաններում Արցախի առաջնագծից զենքը բերողները պետք է պատասխանատվության կանչվեն և խստորեն պատժվեն. - «Ցանկացած պատրոն, ցանկացած ինքնաձիգ այնտեղ կյանք է արժենալու, եթե դա պիտի փրկի մեր զինվորի կյանքը, և դա գալիս է անհասականալի պատճառներով Հայաստան, դա պետք է խստագույնս պատժվի: Շատերը մոռանում են, որ մենք հիմա ռազմական դրության մեջ ենք, և մի տեսակ միապաղաղ ու իրենց հաճելի կյանքով են շարունակում ապրել, իրենց նպատակներին են շարունակում ծառայել: Սրան պետք է շատ խիստ գնահատական տրվի: Ես հույս ունենամ, որ սա նաև պատվախնդրության խնդիր կլինի մեր իրավապահ մարմինների համար, իրենք մեծ ջանասիրությամբ ամբողջ այդ գիծը կկարողանան բացահայտել, ոչ միայն կատարողներին, այլ նաև պատվիրողներին, եթե այդպիսիք կան և մնացած բոլոր աջակցողներին, սատարողներին, այսպես ասած` օժանդակողներին, պարպակողներին, բոլորին պետք է բացահայտել, որովհետև սա պետք է մեկ րոպե առաջ կանխվի»:

XS
SM
MD
LG