Այսօրվանից Վրաստանում կրկին պարտադիր է դառնում դիմակների կրումը բոլոր փակ և բաց տարածքներում։ Վրաստանի կառավարության այս որոշումը կայացվել է կորոնավիրուսի դեպքերի աճի ֆոնին։
Վերջին 24 ժամերին COVID-19-ի ևս 2200 դեպք է հայտնաբերվել, որոնց գրեթե կեսը մայրաքաղաք Թբիլիսիում։ Նույն ժամանակահատվածում վիրուսի պատճառով 19 մարդ է մահացել։
Համաճարակի տարածման ֆոնին Վրաստանի կառավարությանը կից գործող Համակարգող խորհուրդը երեկ ուշ երեկոյան որոշում կայացրեց, որի համաձայն երկրի տարածքում գործող հանրային սննդի բոլոր կետերը պետք է փակվեն երեկոյան ժամը 10-ին։ Թբիլիսիի քաղաքապետի որոշմամբ վաղվանից փակվում են մայրաքաղաքում գործող բոլոր մանկապարտեզները։