Մատչելիության հղումներ

Մոսկվան վստահեցնում է՝ Երևանի հետ 1997-ի համաձայնագրով նախատեսված անհրաժեշտ բոլոր գործողություններն իրականացվում են


ՌԴ ԱԳ փոխնախարար Անդրեյ Ռուդենկո, արխիվ

Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն, այսօր պատասխանելով հարցին՝ նախատեսվո՞ւմ են արդյոք ռուս-հայկական խորհրդակցություններ Հայաստանին օգնության վերաբերյալ, ասել է, թե 1997 թվականի համաձայնագրով նախատեսված անհրաժեշտ բոլոր գործողություններն իրականացվում են։

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը լրագրողների հետ իր ավանդական հանդիպմանը այսօր չի անդրադարձել ոչ Հայաստանի վարչապետի նամակին Ռուսաստանի նախագահին, ոչ էլ Ղարաբաղյան պատերազմին ընդհանրապես։

Հիշեցնենք, շաբաթ օրը Հայաստանի արտգործնախարարությունը հաղորդագրություն էր տարածել, որի համաձայն, «հաշվի առնելով մարտական գործողությունների` Հայաստանի սահմանին մոտենալը, ՀՀ տարածքի նկատմամբ արդեն իսկ տեղի ունեցած ոտնձգությունների փաստերը, Հայաստանի վարչապետը դիմել է Ռուսաստանի նախագահին՝ սկսելու անհապաղ խորհրդակցություններ, դրանց միջոցով սահմանելու աջակցության տեսակները և չափը, որը Ռուսաստանը կարող է հատկացնել Հայաստանին իր անվտանգության ապահովման համար՝ հիմք ընդունելով Հայաստանի և Ռուսաստանի միջև դաշնակցային հարաբերությունները և 1997թ. օգոստոսի 29-ի «Բարեկամության, համագործակցության և փոխադարձ աջակցության մասին» պայմանագրի 2-րդ հոդվածը»։

Հայաստանի արտգործնախարարության այս հաղորդագրությանը նույն օրը մի քանի ժամից պատասխանել է Ռուսաստանի արտգործնախարարությունը՝ շեշտելով, որ Ռուսաստանը կկատարի ստանձնած բոլոր պարտավորությունները և անհրաժեշտ օգնություն կտրամադրի Հայաստանին, եթե ռազմական գործողությունները տեղափոխվեն անմիջապես Հայաստանի տարածք։

Նույն օրը “Россия 24” հեռուստաալիքի եթերում հեռախոսով նույն այս դիրքորոշումը հնչեցրել է նաև Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Ռուսաստանի փոխարտգործնախար Ռուդենկոն այսօր նաև հայտարարել է, թե Լեռնային Ղարաբաղում սկանդինավյան խաղաղապահների տեղակայման մասին ԱՄՆ-ի առաջարկած գաղափարը պետք է համաձայնեցվի հակամարտության կողմերի հետ։ «Դա պետք է ամերիկացիներին հարցնել, թե որտեղից են վերցրել այդ առաջարկներն ու գաղափարները։ Հնարավոր մեխանիզմների բոլոր անհրաժեշտ պարամետրերը պետք է համաձայնեցվեն հակամարտության կողմերի հետ խորհրդակցություններում», - ասել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալը։

Ի դեպ, արտգործնախարար Սերգեյ Լավրովը անցած շաբաթ հայտարարել է կորոնավիրուսով վարակվածի հետ շփումից հետո ինքնամեկուսացվելու իր որոշման մասին և արդեն մի քանի օր որևէ հայտարարություն ոչ Ղարաբաղի, ոչ էլ ընդհանրապես Ռուսաստանի արտաքին քաղաքականության մասին չի արել, իսկ լրատվամիջոցները, և ոչ միայն ռուսական լրատվամիջոցները, ակտիվ քննարկում են նրա հնարավոր պաշտոնանկությունը։

Ռուսաստանցի ռազմական և քաղաքական վերլուծաբան, Աշխարհաքաղաքական խնդիրների ակադեմիայի առաջին փոխնախագահ Կոնստանտին Սիվկովը, օրինակ, կարծում է , որ Ադրբեջանի նպատակը ոչ այնքան Ղարաբաղի գրավումն է, որքան Հայաստանի տարածքով դեպի Նախիջևան «միջանցքի» ձեռքբերումը։ Նրա կարծիքով՝ ներկայիս իրավիճակում դա միանգամայն հնարավոր է։ Սիվկովը, սակայն, վստահ է, որ եթե Մոսկվան իր համաձայնությունը տա Բաքվի և Անկարայի այս ծրագրին, կհայտնվի «խորը անդունդի մեջ», քանի որ Անկարան «օղակ կփակի Հարավային Կովկասում» և ըստ էության կդառնա այս տարածաշրջանի հիմնական խաղացողը։

“Коммерсантъ”-ը այսօր Ղարաբաղյան պատերազմի մասին հերթական ծավալուն հոդվածում գրում է, որ հակամարտության գոտում թվով 4-րդ հրադադարի տապալումը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Ռուսաստանին օգնության համար դիմելը Մոսկվային դրել են չափազանց դժվար ընտրության առաջ։ Անատոլի Սոբչակի անվան հիմնադրամի փորձագետ, 1990-ականներին Ռուսաստանի նախագահի քաղաքական հարցերով խորհրդական Սերգեյ Ստանկևիչը, ով մասնակցել է հետխորհրդային տարածքում հակամարտությունների կարգավորման բանակցություններին, մասնավորապես գրում է. - «Մոսկվայի համար անընդունելի է ներքաշվել Ադրբեջանի և նրա թիկունքին կանգնած Թուրքիայի դեմ Ղարաբաղի շուրջ վեճի պատճառով։ Նման քայլը կարող է հանգեցնել աղետալի կորուստների առանց որևէ դրական իմաստի: Մոսկվան բոլոր հիմքերն ունի մերժելու Երևանին ուղղակի ռազմական օգնության պահանջը՝ հաշվի առնելով, որ Ղարաբաղը Հայաստանի մաս չէ»։

Ռուսաստանցի փորձագետները հաճախ են անդրադառնում Փաշինյան-Պուտին հարաբերություններին, նշելով, որ Մոսկվան չի վստահում հեղափոխության արդյունքում իշխանության եկած Հայաստանի վարչապետին, սրա հետ մեկտեղ, սակայն, գրեթե բոլորը շեշտում են ՝ այսօր արդեն խոսքը ոչ թե Փաշինյանին, այլ հայ ժողովրդին աջակցելու մասին է։

Փորձագետ Անդրեյ Կորտունովը, օրինակ, գրում է. - «Սակայն Մոսկվան չի կարող թույլ տալ, որ անտարբերությունից վիրավորված Հայաստանը դուրս գա Ռուսաստանի ազդեցության տակից. նման սցենարը վատ օրինակ կլիներ հետխորհրդային տարածքում այլ դաշնակիցների հետ հարաբերությունների համար և խիստ տհաճ հետեւանքներ կունենար Ռուսաստանի ռազմավարական շահերի համար ողջ Եվրասիայում: Այդ պատճառով հրաժարվելով պատերազմել Հայաստանի համար՝ Ռուսաստանը պետք է դիտարկի Երևանին օգնելու տարբերակները, ներառյալ՝ սպառազինությունների մատակարարումները, որոնք կարող էին նրա դաշնակցին զերծ պահել պարտությունից»:

Ռուսաստանցի լիբերալները, Պուտինին քննադատող փորձագետներն այսօր օրերին խոսում են այն մասին , որ ՀԱՊԿ-ը, որը Մոսկվան ստեղծում էր ՆԱՏՕ-ից հետ չմնալու համար, ղարաբաղյան քննությունը տապալեց, իսկ Մոսկվան էլ, հրաժարվելով օգնել Հայաստանին Ղարաբաղում, լրջորեն վնասել է իր հեղինակությունը։

Հրապարակախոս Ալեքսեյ Մելնիկովը, օրինակ, “Эхо Москвы” ռադիոկայանի իր բլոգում գրում է՝ Հայաստանի համար Ռուսաստանի հետ համագործակցության գործնական իմաստը Լեռնային Ղարաբաղի շուրջ խաղաղության ապահովումն էր։ Այժմ, երբ Ռուսաստանը հրաժարվել է Հայաստանին ցուցաբերել ռազմական օգնություն , այդ գործնական իմաստը գոլորշիացավ: Կկորցնի Հայաստանը վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի նկատմամբ, կամ նրան միայնակ կհաջողվի կանգնեցնել Ադրբեջանի և Թուրքիայի հաջող հարձակումը, Երևանի համար այլևս գլխավոր խնդիրը դառնում է անվտանգության նոր երաշխավորի որոնումը՝ Ռուսաստանի փոխարեն. դա կարող է լինել միայն Միացյալ Նահանգները:

XS
SM
MD
LG