Մատչելիության հղումներ

Տասնյակ սփյուռքահայեր են կամավորագրվում, հաղորդում է Reuters-ը


Հայաստան - Պահեստազորայինները և կամավորները վարժանքների են մասնակցում Արցախ մեկնելուց առաջ, հոկտեմբեր, 2020թ.
Հայաստան - Պահեստազորայինները և կամավորները վարժանքների են մասնակցում Արցախ մեկնելուց առաջ, հոկտեմբեր, 2020թ.

Լիբանանի քաղաքներից մեկը՝ Այնճարը, ղարաբաղյան հակամարտության գոտուց հեռու է ավելի քան հազար կիլոմետր, բայց պատերազմի ու կորստի ցավը նաև այստեղ է հասել․ նախօրեին հիմնականում հայերով բնակեցված քաղաքում վերջին հրաժեշտն են տվել կամավորագրված Գևորգ Հաջիյանին։

«Օպերային թատրոնի երգիչ Հաջիյանը մեկն էր այն երիտասարդներից, որ տասնակ այլ լիբանանահայերի հետ մեկնել են ղարաբաղյան առաջնագիծ․ այսօր նրան ծննդավայրում հերոս են համարում», - պատմում է Reuters գործակալությունը։

«Հպարտ եմ, որ գնացել է հայության համար, հայրենիքի համար: Բայց մայր ես վերջապես, զավակ ես կորցրել, շատ դժվար է», - ասել է Գևորգի մայրը՝ Սոսե Հաջիյանը:

74-ամյա կինը չի էլ իմացել, որ որդին առաջնագիծ է մեկնել․ ամեն օր հեռուստացույցով հետևել ու սգացել է պատերազմում ընկող տղաների համար, մինչև եղբայրը հայտնել է, որ իր որդին էլ է այնտեղ նահատակվել: «Եղբայրս եկավ, ես այդ օրը հեռուստացույցը միացրած կարդացի զոհվածներում անունները, նստեցի լաց եղա, և ուրիշին, ես լուր չունեի, որ իմ զավակը զոհվել է», - պատմել է տիկին Սոսեն:

Հաջիյանը մեծացել էր Լիբանանում, 90-ականներին տեղափոխվել Քուվեյթ, հետո՝ Հայաստան։ «Ես գիտեի, որ նա ետ չի գա ռազմադաշտից, մինչև իր նպատակը չիրականանա», - ասել է զոհվածի եղբայրը՝ Վրեժը։ - «Ես նրա կնոջից տեղեկացա, որ գնացել է կռվելու, և միանգամից հասկացա, որ ետ չի գա, քանի դեռ Արցախի անկախությունը չի ճանաչվել։ Ես քուն չունեի, օրերն ու ժամերն էի հաշվում, մինչև մի լուր կստանամ նրանից, կամ՝ կասեն, որ նահատակվել է՝ հանուն մեր հպարտ ժողովրդի»:

«Միասին՝ ընդդեմ ագրեսիայի», «Արցախն ուժեղ է»․ այսպիսի գրությունների Գևորգի ծննդավայրում՝ Լիբանանի հայաբնակ քաղաքում, շատ կհանդիպես», - պատմում է Reuters-ը, փաստելով՝ այստեղ գրեթե ամեն քայլափոխի Հայաստանի դրոշն է ծածանվում, մարդիկ էլ անում են հնարավորն ու անհնարինը՝ հայրենիքին օգնելու համար։

Տեղի քաղաքապետ Վարդգես Խոշյանն ասել է՝ գումար են փոխանցում նույնիսկ այն ընտանիքները, որոնք կոմունալ վարձերը վճարելիս են ծայրը ծայրին հասցնում։

«Լիբանանում տիրող լուրջ տնտեսական կացությունը, որ գոյություն ունի, հակառակ դրան՝ Լիբանանի հայությունը գիտակցություն ունեցավ կանգնելու Արցախի ժողովրդի կողքին՝ թե՛ բարոյապես և թե՛ մանավանդ նյութապես: Այս դժնդակ պայմաններում իսկ լիբանանահայությունը կարողացավ պատկառելի գումարներ ապահովել և ուղարկել Արցախ, որպեսզի այդ ժողովրդի կողքին լինենք», - նշել է Խոշյանը:

Երևանում կամավորներին վերապատրաստող զինվորականներից մեկը՝ Կարապետ Աղաջանյանը, Reuters-ին ասել է՝ միայն իր խմբում առնվազն տասը լիբանանահայ է եղել․ եկել են Բեյրութից, անցել դասընթացներն ու մեկնել առաջնագիծ։

«Կամավորներին հավաքագրող հստակ մեխանիզմ կամ կառույց չկա, ուղղակի շատերն են հասկանում, որ սա գոյության կռիվ է», - իր հերթին ասել է Լիբանանի խորհրդարանի պատգամավոր, տեղում ՀՅ Դաշնակցության գրասենյակի ղեկավար Հակոբ Բագրատունյանը։

«Փորձում ենք, համոզում ենք, բայց չենք կարող նրանց ետ պահել։ Ի վերջո, նրանց սիրտը հավասաչափ է բաբախում թե՛ Հայաստանի, թե՛ Լիբանանի համար, երկուսն էլ թանկ են, ինչպես և տարբերություն չկա մեր զույգ աչքերի միջև», - ընդգծել է Բագրատունյանը:

Հայաստանի պաշտպանության նախարարությունից Reuters-ին փոխանցել են, որ պատերազմի մեկնարկից ի վեր սփյուռքահայ համայնքներից շատերն են կամավորագրվել Ղարաբաղյան պատերազմին, բայց կոնկրետ թվեր չեն նշել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG