Մատչելիության հղումներ

Իսրայելահայերը պահանջում են, որ այդ երկիրը գոնե ժամանակավոր զենք չվաճառի Ադրբեջանին


Իսրայելահայերը հայկական դրոշի գույնի փուչիկներ են օդ նետում` ի նշան խաղաղության
Իսրայելահայերը հայկական դրոշի գույնի փուչիկներ են օդ նետում` ի նշան խաղաղության

Այսօր առավոտյան կրկին ադրբեջանական «Սիլկ վեյ» ավիաընկերության բեռնատար Իլ-76 ինքնաթիռը վայրէջք է կատարել Իսրայելի հարավում գտնվող Ուվդա ռազմական օդանավակայանում: Հայտնի Flightradar24 ինտերնետային կայքում կար այս չվերթի մասին հաղորդագրություն, բայց նշված չէր, թե որտեղից է ժամանել ինքնաթիռն ու ուր է վերադառնալու: Մինչդեռ հրեա օգտատեր Ավի Սչարֆը հասցրել էր ֆիքսել օդանավի մուտքն Իսրայել ու գրել, որ այն կրկին շարժվում է դեպի Ուվդա ռազմական օդանավակայան: Քիչ առաջ հայտնի դարձավ, որ ինքնաթիռն արդեն գտնվում է Ադրբեջանի օդային տարածքում և Flightradar24-ում էլ արդեն հստակ նշված էր, որ ինքնաթիռն օդ է բարձրացել Իսրայելի Էլիատ քաղաքից:

Մինչ Իսրայելը շարունակում է ժամանակակից զինատեսակները պատերազմի ժամանակ ուղարկել Բաքու, տեղի հայկական համայնքը ողջ շաբաթվա ընթացքում շարունակել է բողոքի ակցիաներն ընդդեմ այս գործարքների: Նախ մեծ բողոքի ակցիա իրականացվեց Թել Ավիվում 12-րդ և 13-րդ հեռուստատեսությունների դիմաց՝ պահանջելով լուսաբանել արցախյան պատերազմը: Հինգշաբթի օրը հայերը հավաքվել էին Իսրայելի ամենամեծ` Հաբիմա թատրոնի դիմաց ու հայկական դուդուկի մեղեդիների ներքո հերթական ցույցը անցկացրին: Երեկ առավոտյան էլ Թել Ավիվ Յաֆոյի Սուրբ Նիկողայոս վանքում տեղի ունեցավ հոգեհանգստյան արարողություն` նվիրված ացախյան պատերազմում զոհված հայ հերոսների ու անմեղ բնակիչների հիշատակին, մոմավառություն, ապա վանքի բակում հավաքված հայերը հայկական դրոշը խորհրդանշող հարյուրավոր եռագույն փուչիկներ երկինք բաց թողեցին: Ծովափնյա այդ տարածքում զբոսնող մարդիկ նկատեցին այդ արարողությունն ու մոտենալով վանքի մուտքի մոտ հավաքված մարդկանց՝ սկսեցին հայտնել իրենց համերաշխությունն: Այս արարողությանը մասնակցում էին հարյուրավոր հայորդիներ երկրի գրեթե բոլոր հայաշատ կենտրոններից:

Հինգ տարի առաջ Իսրայել մշտական բնակության տեղափոխված հայտնի հայ ակադեմիկոս Արմենակ Մնջոյանի թոռնուհին` իրավաբան Էլիանորա Մնջոյանը կարևորեց նման քայլերը. - «Հիշարժան օր է ինձ համար, բոլոր հայության համար կարծում եմ, որովհետև այդ նահատկված հերոսները իրենց կյանքն են զոհաբերել հանուն նրան, որ մեր երեխաները, եկող սերունդներն ապրեն լավ և ավելի լավ, և հույս ունեմ, որ այդքան զոհաբերված կյանքերի դիմաց անպայման Հայաստանը նորից վերածնվելու է և դառնա հին Հայաստանը»:

Իր բարեկամ ու ծանոթ հրեաների շրջանում էլ բացատրական աշխատանքներ է տանում՝ հարցնելով մարդկանց, թե գիտեն արդյոք, որ վարչապետ Նեթանյահուն և պաշտպանության նախարար Գանցը զենք են վաճառում Ադրբեջանին. - «Փորձում եմ բացատրել, շատ ընկերներ կան հրեաների մեջ, մարդիկ էլ ապշած և զարմացած են մնում, թե ինչու է այստեղի պետությունն այդ քաղաքականությունը վարում, որովհետև հրեաների և հայերի պատմությունները շատ նման են», - «Ազատությանն» ասաց նա: Ցեղասպանություն և հոլոքոստ տեսած ազգերը պետք է միասնական լինեն, համոզված է Մնջոյանը:

Չորեքշաբթի օրն ընդդիմության կողմից Իսրայելի Քնեսետ էր բերվել մի օրինագիծ, որը լինելու էր լրացում գործող օրենքին որոշ երկրներին զենքի վաճառքը դադարեցնելու մասին: Ընդ որում, հստակ սահմանումներ չկային, թե որ երկրին են սահմանափակելու կամ դադարեցնելու վաճառքը, ու արդյոք Ադրբեջանն այդ երկրների շարքում է: ՀՄԸՄ-ի ատենապետ ու Հայ դատի հանձնախմբի անդամ Հարութ Բաղամյանն ասում է. - «Չզարմացա, չորեքշաբթի օրը, երբ որ կարդում եք բանձևի առաջարկը, մեջը ոչ մի բառ չկար Ադրբեջանի դեմ, այսինքն` ավելի բռնապետություններին զենք չծախելու կամ ավելի զգույշ լինելու զենք ծախելու, այդպիսի մի առաջարկ էր: Բայց այո, այդպես է, դժբախտաբար չկա մի կազմակերպված մարմին Իսրայելում մարդկանց իրավունքների պաշտպան կազմակերպություն, որ կզբաղվի այս հարցով»:

44 դեմ, 18 կողմ ձայների հարաբերակցությամբ օրենքում լրացումներ կատարելու օրինագիծը չընդունվեց, ընդ որում դեմ էր քվեարկել ոչ միայն Նեթանյահուի կուսակցությունը՝ «Լիքուդը», այլև բոլոր աջակողմյան ու կրոնական կուսակցություններն ու նրանց հետ ընդդիմություն կազմող Բենի Գանցի «Կախոլ լավան» կուսակցությունը: Ի դեպ, հայտնի դարձավ նաև, որ այս շաբաթ «Լև հայեհուդի» կուսակցությունն արդեն երկրորդ անգամ երկու տասնյակ մտավորականների անունից դիմել էր Իսրայելի գլխավոր դատարան` Բագաց՝ զենքի վաճառքն Ադրբեջանին դադարեցնելու պահանջով: Սահմանադրական դատարանի մասնակի գործառույթներ ունեցող Բագացը կրկին մերժել էր հայցը:

«Կարող ենք մենք էլ տրամադրել, ինչ-որ ձևով աջակցել, իրենք ասում են, որ Հայաստանի հետ աշխատում են նույնիսկ, մոտեցան ինձ ու ասացին, որ Հայաստանի կառավարության հետ աշխատում ենք: Սխալ չի լինի, որ այդ ուղղությամբ մենք գործ անենք, այդ ուղղությամբ մենք պետք է գործ անենք, որ ինչ-որ կերպ Իսրայելի դատարանը` գերագույն ատյանն այդպիսի որոշում կայացնի, որ արգելվեն Ադրբեջանին և բռնապետություններին զենք վաճառելը », - նշում է Բաղամյանը:

Վերջինս, անդրադառնալով լուրերին, թե հրեական լրատվամիջոցներին հրահանգավորված է նույնիսկ պետական մակարդակով չանդրադառնալ Ադրբեջանին զենքի վաճառքի թեմային, նկատեց. - «Դա փաստում է, որ երևի վերևից` ավելի բարձր ատյանից կա որոշում շատ չզբաղվել այդ հարցով, քանի որ ես կարծում եմ` Իսրայելը շատ պրպտա այս հարցը, ինքն իր ժողովրդի առջև սխալ պիտի երևա այս պատմության մեջ, որ օժանդակում, աջակցում է բռնապետությանն այսօր, որ կոչվում է Ադրբեջան»:

Գործազրկության չափազանց բարձր մակարդակի, տասնյակ հազարավոր մանր ու միջին բիզնեսների փակման ու խորը տնտեսական ճգնաժամի պայմաններում հեռավոր Ադրբեջանի հետ հարաբերությունները քչերին են Իսրայելում հետաքրքրում, բայց Իսրայելը մեծ դեր է խաղում տարածաշրջանում, և անշուշտ անհրաժեշտ է պայքարել նաև լրատվամիջոցների քաղաքականության դեմ, շեշտեց Երուսաղեմի ՀՄԸՄ-ի ատենապետը:

1994 թվականից Իսրայելում բնակվող քաղաքացիական ակտիվիստ ու հավաքների և ցույցերի կազմակերպիչներից Քրիստինե Մովսիսյանի համոզմամբ` հայերի պայքարը հայերի պետք է շարունակական լինի ու չպետք է դադարի, մինչև որոշակի արդյունքներ գրանցվեն, մինչև նույնիսկ ժամանակավոր դադարեցնեն զենքի վաճառքը. - «Հիմա մեզ մոտ, ինձ թվում է, բոլորիս հայերիս մոտ ինչ-որ զգացողություն կա, որ բոլորս ուզում ենք դուրս գալ, ինչ-որ մի բան անել, մեր ցավով կիսվել: Մի քանի տարի առաջ, որ ավելի շատ տանն էինք, նորություններ էինք նայում կամ եկեղեցի էինք գնում, այս դեպքում չէ, բոլորս դրսում ենք»:

Ցույցերն ու երթերը կազմակերպվելու են Իսրայելի բոլոր խոշոր քաղաքներում. - «Մենք ուզում ենք, որ գոնե Իսրայելն ժամանակավոր այս պայմանագիրը կանգնացնի, որովհետև մեր սիրտը շատ է ցավում մեր հայ ազգի համար, ինչ որ հիմա կատարվում է: Դրա համար մենք կլինենք ամեն տեղ, որ մեր ձայնը լսեն»:

XS
SM
MD
LG