Մատչելիության հղումներ

Թեհրանը հայտարարում է` չի հանդուրժի ահաբեկիչների ներկայությունն իր սահմանների մոտ


Իրանն արտգործնախարարի մակարդակով վերստին մտահոգություն է հայտնել ղարաբաղյան հակամարտության գոտի տեղափոխված ահաբեկչական խմբավորումների կապակցությամբ։ «Թեհրանը չի հանդուրժի նրանց ներկայությունը իր սահմանների մոտ»,-այսօր «Թասնիմ» գործակալությանն ասել է Մոհամադ Ջավադ Զարիֆը։

«Դա որևէ մեկի շահերից չի բխում, այսօր այդ զինյալները դեռ մեր սահմանամերձ շրջաններում չեն, սակայն մեծ է հավանականությունը, որ նրանք գտնվում են մեր սահմամներից ոչ հեռու, և Թեհրանն այս կապակցությամբ իր մտահոգությունն է հայտնել կողմերին»,- ասել է Իրանի արտգործնախարարը։

Շաբաթվա սկզբին Իրանի նախագահի՝ Ղարաբաղի հարցով հատուկ բանագնաց, փոխարտգործնախարար Աբբաս Արաքչին տարածաշրջանային այց էր կատարել Ադրբեջան, Հայաստան, Ռուսաստան և Թուրքիա՝ խնդրի կարգավորման իրենց առաջարկները քննարկելու համար։ «Մենք այդ բանակցությունների ընթացքում թե Հայաստանի, թե Ադրբեջանի, թե Թուրքիայի և Ռուսաստանի ներկայացուցիչներին փոխանցեցինք, որ Իրանը այդ փաստի հետ չի հաշտվելու»,- ասել է երկրի արտգործնախարարը։

Զարիֆը նաև տեղեկացրել է, որ Իրանն այժմ կողմերի պատասխանին է սպասում կարգավորման իրենց ներկայացրած ծրագրի շուրջ, որը ենթադրում է խնդիրը լուծել տարածաշրջանային երկրների մասնակցությամբ՝ հաշվի առնելով միջազգայնորեն ճանաչված սահմանների անխախտելիությունը, ինչպես նաև փոքրամասնությունների ու մարդու իրավունքների պաշտպանությունը։

XS
SM
MD
LG