Մատչելիության հղումներ

Սահմանամերձ Բերքաբերում չնայած կայուն-լարված իրավիճակ է, բայց գյուղը լքելու միտք անգամ չկա


Ադրբեջանի հետ սահմանակից Տավուշի մարզի Բերքաբեր գյուղում ասում են՝ արդեն 30 տարի լարված են ապրում, անկախ նրանից երկու երկրների միջև ռազմական գործողություններ են, թե ոչ։

«Որ Արծրուն Հովհաննիսյանն ասում ա կայուն-լարված, մեզ մոտ էլ կայուն-լարված իրավիճակ ա», - ասում է տեղացիներից մեկը, իսկ մյուսը շարունակում է. - «30 տարի էս ժողովուրդը սենց են ապրում, 30 տարի լարված, բայց աշխատում են, արարում են, այգի են գցում, տուն են սարքում անգամ»:

Բերքաբերում բոլոր պատշգամբներից անզեն աչքով երևում են հակառակորդ կողմի տները, ճանապարհն ու անցուդարձը։ Բերքաբերցիները նկատել են՝ չնայած Ղարաբաղում ընթացող պատերազմի օրերին ժամանակ առ ժամանակ ադրբեջանական դիրքերում ակտիվություն կա, բայց դիմացի Մազամ գյուղի բնակիչները դեռ հուլիսին տեղի ունեցած լայնածավալ ընդհարումից հետո աննախադեպ լուռ են. - «Դիմացի գյուղերը լրիվ լուսաքողարկում են արել գիշերը, ոչ մի բան չի երևում, ոչ ձայն, ոչ մեքենաների շարժ, բայց հանգիստ է:

Կարող ա էտ գյուղում մարդ էլ չլինի, ամսի 27-ից իրանց մեքենեքն աշխատում են, երևի ժողովրդին հանում են: Այ էն տարածքը մեր հողերն ա, էս 2-3 տարի ա, իրանք վարում են, մշակում են, ցորեն են ցանում, բայց էս տարի չարին, թե վախեցել են, թե ինչ, չարին, ոչ մի հող չմշակեցին»:

Սիմոն Անանյանի տունը գյուղի ծայրին է՝ ամենամոտը հայ-ադրբեջանական սահմանին։ Ասում է՝ հակամարտության տարիներին մշտապես թիրախ են եղել, բայց դրանից չեն հուսահատվել, չեն լքել տունը։ Ավելին՝ ադրբեջանցի դիրքապահների աչքի առաջ` Ջողազի ջրամբարի ափին նոր այգի է տնկել։ Երկու տարուց բերք կհավաքի. - «100 հատ կառալյոկ ա, մի 100 հատ հոն ա, թուզ ա: Ես էլ պրինցիպ երևի իրանք, որ մշակում են, ասում եմ` թող մտիկ անեն, ուրիշ տեղ չկա, մշակելու բան չկա»:

Ադրբեջանական կողմից տարիներ շարունակ վնասներ կրած գյուղի բնակիչները վստահ են՝ անգամ ղարաբաղյան հարցի կարգավորումից հետո դեռ երկար երկու ազգերի հարաբերությունները չեն բարելավվի։ Բայց մի բան իրենց համար պարզ է՝ դիմացի արդեն թշնամի դարձած գյուղում էլ դեմ են կրակոցներին։ Նույնիսկ տեսել են՝ ինչպես են ադրբեջանցի կանայք իրենց սահմանին կանգնածների վրա կռիվ գնում՝ դադարեցնելու կրակը դեպի Հայաստան. - «Գիշերները որ դուրս եմ գալիս, իրենց խոսակցությունները ես լսում եմ: Էս գյուղացիք չեն ուզում, որ իրենք մեզ վրա կրակեն, եթե կրակում են, մեր պոստը առաջին ա, լյուբոյ տանն էլ կարա խփի: Կնանիքը բահով, լապատկով գնում են, պոստավիկներին թույլ չեն տալիս, որ մեզ վրա կրակեն»:

Բայց հակառակորդի ախորժակը զսպելու համար նրանց բահերը մեզ բավարար չեն, ասում են, հարկ եղած դեպքում բոլորն են պատրաստ պաշտպանելու սեփական գյուղը՝ զենքով, թե առանց զենքի. - «Մենք ահ ու վախ չունենք, պահում ենք էլի, թուրքեր են էլի, մի կել տեսար` մի տեղից ծակեցին, դուրս եկան: Գյուղացիք չեն լքի գյուղը չէ, բոլորս էլ կանգնած ենք, պահելու ենք մեր գյուղը: Իջևան ենք տանում, երեխան չի մնում, ասում ա` ես գալիս եմ մեր գյուղը»:

Գյուղից դուրս՝ հեռավոր Եվրոպայում ապրող համագյուղացիներն էլ այս օրերին հատկապես մշտական կապի մեջ են։ Հեռվից հեռու խոսքի են բռնվում, իրար սիրտ տալիս ու պայքարի կոչ անում։ Բելգիայում ապրող հայրենակիցը համագյուղացուն հենց ցույցի վայրից էր զանգել. - «Բելգիան Եվրոպայի կենտրոնն ա, արեք, ինչ էլ անեք, ապեր, էլի օգուտ ա, էտ քո լավ երգերը երգի ցույցերի վախտը: Լավ ենք, հաջողություն բոլորիս, ապեր», - կոչ է անում Բերքաբերի բնակիչը:

Բերքաբերում, որ երբեք ասֆալտ չի եղել, այս տարի նոր, բարեկարգ ճանապարհ են կառուցել։ Այսօր էլ շարունակում են պատերազմ սանձազերծած Ադրբեջանի աչքի առաջ շինարարություն անել, վստահ, որ սահմանակից Տավուշը էլի է զարգանալու։ Կառավարությունից լուրեր են լսել, թե արդեն 30 տարի անգործության մատնված Ջողազի ջրամբարի վրա պոմպեր են տեղադրելու իրենց այգիները ոռոգելի դարձնելու համար։

XS
SM
MD
LG