Մատչելիության հղումներ

Փաշինյանը նամակ է հղել Պուտինին՝ սկսել անհապաղ խորհրդակցություններ Հայաստանին աջակցելու նպատակով


Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր նամակ է հղել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ սկսել անհապաղ խորհրդակցություններ՝ սահմանելու աջակցության տեսակները և չափը, որը Ռուսաստանը կարող է հատկացնել Հայաստանին՝ տեղեկանում ենք Հայաստանի արտգործնախարարության առավոտյան տարածած հաղորդագրությունից։

Արտգործնախարարության փոխանցմամբ, վարչապետը մանրամասն ներկայացրել է «Լեռնային Ղարաբաղի դեմ ադրբեջանաթուրքական ռազմական ագրեսիայի հետևանքով ստեղծած իրադրությունը և առաջացած մարտահրավերները»:

«Նամակում, մասնավորապես, ընդգծվել է Մերձավոր Արևելքից օտարերկրյա զինյալ ահաբեկիչների տեղափոխման և վերջիններիս Լեռնային Ղարաբաղի դեմ մարտական գործողություններում ներգրավման հանգամանքը: Հաշվի առնելով մարտական գործողությունների Հայաստանի Հանրապետության սահմանին մոտենալու, ՀՀ տարածքի նկատմամբ արդեն իսկ տեղի ունեցած ոտնձգությունների փաստերը՝ ՀՀ վարչապետը դիմել է ՌԴ նախագահին սկսելու անհապաղ խորհրդակցություններ՝ սահմանելու աջակցության տեսակները և չափը, որը Ռուսաստանի Դաշնությունը կարող է հատկացնել Հայաստանի Հանրապետությանը՝ իր անվտանգության ապահովման համար՝ հիմք ընդունելով Հայաստանի և Ռուսաստանի միջև դաշնակցային հարաբերությունները և 1997թ. օգոստոսի 29-ի «Բարեկամության, համագործակցության և փոխադարձ աջակցության մասին» պայմանագրի 2-րդ հոդվածը»,- ասված է Արտգործնախարարության հաղորդագրությունում:

Պայմանագրի 2-րդ հոդվածում նշված է. «Բարձր պայմանավորվող կողմերը միմյանց հետ սերտորեն կհամագործակցեն Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության պաշտպանության և անվտանգության ապահովման գործում: Նրանք անհապաղ կխորհրդակցեն ամեն անգամ, երբ նրանցից մեկի կարծիքով առաջացել է նրա վրա զինված հարձակման սպառնալիք` համատեղ պաշտպանության ապահովման և խաղաղության ու փոխադարձ անվտանգության պահպանման նպատակով: Այդ խորհրդակցությունների ընթացքում կորոշվեն այն օգնության անհրաժեշտությունը, ձևերն ու չափերը, որը ստեղծված իրավիճակը հաղթահարելու նպատակով կցուցաբերի մի Բարձր պայմանավորվող կողմը մյուս Բարձր պայմանավորվող կողմին»։

Վարչապետի նամակի վերաբերյալ Հայաստանի արտգործնախարարության հաղորդագրությունից հետո հայտարարությամբ է հանդես եկել Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը. «Ռուսաստանը, դաշնակցային պայմանավորվածությունների համաձայն, անհրաժեշտ ողջ աջակցությունը կցուցաբերի, եթե ռազմական գործողությունները տեղափոխվեն անմիջապես Հայաստանի տարածք»։

Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Россия 24-ի հետ զրույցում նշել է, որ հայ-ռուսական վերոհիշյալ պայմանագիրը կոնկրետ գործողություններ է ենթադրում, եթե ագրեսիայի սպառնալիք առաջանա երկու պետություններից որևէ մեկի համար, կամ եթե Հայաստանն ու Ռուսաստանը հարձակման ենթարկվեն։

«Այս պարագայում խոսքը ռուսաստանյան կողմի սկզբունքային դիրքորոշման մասին է, որը հրապարակվել է Հայաստանի դիմումի հետ կապված, այն բոլորը, ինչ կապված է կոնկրետ ձևաչափերի հետ, լրացուցիչ կքննարկվի», - նշել է Զախարովան:

«Վարչապետ Փաշինյանի՝ անհապաղ խորհրդակցություններ սկսելու վերաբերյալ ՌԴ նախագահին ուղղված դիմումը և ՌԴ ԱԳՆ պատասխանը պետք է դիտարկել որպես կարևոր գործընթացի մեկնարկ», - «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Ազգային ժողովի Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը։

Իր հերթին ՀԱՊԿ մամուլի խոսնակ Վլադիմիր Զայնետդինովը Интерфакс-ին հայտնել է, որ պաշտոնական Երևանը դեռ չի դիմել ՀԱՊԿ-ին՝ աջակցության համար։

Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը Риа Новости-ին մանրամասնել է, որ վարչապետի նամակով պաշտոնական Երևանը դիմել է Մոսկվային, ՀԱՊԿ-ը ներգրավելու մասին չէ խոսքը, և որ Երևանը կարող է ռազմական աջակցություն խնդրել Մոսկվայից։ «Խոսքը նաև հնարավոր ռազմական օգնության մասին է, որի մասշտաբները կքննարկվեն խորհրդակցությունների ժամանակ», - ասել է Հայաստանի դեսպանը։

Վարչապետի նամակին արձագանքել է նաև Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը. «Նիկոլը խնդրագիր է ուղարկել Վլադիմիր Պուտինին։ Պուտինը դրան պատասխանել է ՌԴ ԱԳՆ խողովակով։ Չե՞ք հասկանում, թե նա ինչ է ասել։ Եթե սա էլ չեք հասկանում, ապա վա՜յ մեզ։ Պուտինն ամենայն անկեղծությամբ ու պարկեշտությամբ ընդամենն ասել է․ պարտավորված և պատրաստ եմ ապահովելու Հայաստանի լիակատար անվտանգությունը, բայց վերջապես հասկացե՛ք, ես Ղարաբաղի հարցը, ձեր փոխարեն, լուծողը չեմ»,- Ilur.am-ի փոխանցմամբ՝ ասել է Տեր-Պետրոսյանը։

Առաջին նախագահին «Ֆեյսբուք»-ում արձագանքել է խորհրդարանի Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը՝ նշելով, որ «բնականաբար, այս ամենը նախապես արվել է փոխադարձ համաձայնությամբ, և սա պետք է դիտարկել որպես կարևոր և հեռանկարային գործընթացների մեկնարկ՝ հրապարակային և ոչ հրապարակային դրսևորումներով»՝ հավելելով, որ վարչապետի նշած խորհրդակցություններն արդեն սկսված են։

Արցախի նախագահի արտաքին հարաբերությունների հարցերով խորհրդական Դավիթ Բաբայանն այսօր Ստեփանակերտից «Ազատության» հետ հեռախոսազրույցում շատ կարևոր որակեց վարչապետի նամակը։

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը մոտ մեկ շաբաթ առաջ բաց նամակով դիմել էր Ռուսաստանի նախագահին՝ կոչ անելով գործադրել բոլոր հնարավոր ջանքերն ադրբեջանաղարաբաղյան հակամարտության գոտում պատերազմի դադարեցման և քաղաքական գործընթացների վերսկսման ուղղությամբ:

«Շատ կարևոր է իսկապես, որովհետև իրավիճակը պահանջում է, որպեսզի նման բան լինի, հույս ունենք, որ համապատասխան աջակցություն կլինի: Ընդհանրապես Աստված տա ամեն ինչ նորմալ պատերազմը վերջանա, պետք է կտրականապես, արմատապես վերանայենք մեր արտաքին քաղաքականությունը, վերանայենք մեր բանակաշինությունը, վերանայենք մեր պետականաշինության քաղաքականությունը», - ասաց Բաբայանը:

«Ազատության» հարցին՝ նման հրապարակային քայլը արդյոք նշանակո՞ւմ է, որ գործ ենք ունենալու Ռուսաստանի լուրջ աջակցության հետ, Արցախի նախագահի խորհրդականը պատասխանեց. «Ժամանակը ցույց կտա՝ ինչպիսի աջակցություն է, բայց խնդիրը նա է, որ այս պատերազմն արդեն հղի է վերածվելու տարածաշրջանային և գլոբալ բախումների»:

Քաղաքագետ Հրանտ Միքայելյանի խոսքով, հրապարակավ Ռուսաստանի նախագահին նամակ հղելը կարող է նշանակել, որ Երևանի ու Մոսկվայի միջև արդեն իսկ պայմանավորվածություններ կան։

«Սա կարող է երկու բան նշանակել, առաջինը, որ որոշակի առաջընթաց կա և հրապարակային նամակը դա ֆիքսում է, երկրորդը, որ ոչ ֆորմալ եղանակը չաշխատեց, և դրա համար պաշտոնապես դիմում ունենք», - ասաց քաղաքագետը:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG