Մատչելիության հղումներ

Վարչապետը համաձայնել է, որ Տեր-Պետրոսյանն ու Ռոբերտ Քոչարյանը մեկնեն Մոսկվա` քննարկելու իրավիճակը ԼՂ-ում


Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը հոկտեմբերի 20-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ունեցած հանդիպման ժամանակ տեղեկացրել են, որ Հայաստանի առաջին և երկրորդ նախագահներ Լևոն Տեր-Պետրոսյանը և Ռոբերտ Քոչարյանը ցանկանում են մեկնել Մոսկվա՝ ռուսական էլիտայի ներկայացուցիչների հետ ԼՂ շուրջ ստեղծված իրավիճակը քննարկելու և քննարկումների արդյունքում Հայաստանի կառավարությանը ստեղծված իրավիճակից կոնկրետ լուծումներ առաջարկելու համար: Այս մասին հայտարարել է վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը:

«ԼՂՀ պաշտոնաթող նախագահները առաջարկել են, որ հնարավոր այցի արդյունքները քննարկվեն Հայաստանի և ԼՂՀ նախկին և ներկա ղեկավարների հանդիպման ժամանակ: Վարչապետ Փաշինյանը, ընդգծելով, որ չի կարող խոչընդոտ հանդիսանալ ի նպաստ Հայաստանի և Արցախի հնարավոր որևէ քայլի՝ համաձայնել է առաջարկությանը», - գրել է խոսնակն իր ֆեյսբուքյան էջում:

Մանե Գևորգյանը նաև նշել է, որ եղած տեղեկություններով` պաշտոնաթող նախագահները դեռևս Հայաստանից չեն մեկնել: «Ամեն դեպքում, վարչապետը և կառավարությունը բաց են ստեղծված իրավիճակի հանգուցալուծման առաջարկների համար և երբեք չեն հրաժարվել նման առաջարկների քննարկումից», - հավելել է նա:

Հիշեցնենք, որ ավելի վաղ նախ Լևոն Տեր-Պետրոսյանի և Արցախի նախկին նախագահների մասնակցությամբ կայացել էր հանդիպում-խորհրդակցություն, նախքան այդ ԼՂ նախկին ղեկավարները հանդիպում էին ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:

Ապա դրան հաջորդել էր Հայաստանի և Արցախի նախկին նախագահների հանդիպումը:

XS
SM
MD
LG