Մատչելիության հղումներ

Քաղաքական մեկնաբանը Հայաստանի և Արցախի նախկին նախագահների հանդիպումը «բացառիկ» է համարում


Հայաստանի առաջին և երկրորդ նախագահներ Լևոն Տեր-Պետրոսյան և Ռոբերտ Քոչարյան, արխիվ
Հայաստանի առաջին և երկրորդ նախագահներ Լևոն Տեր-Պետրոսյան և Ռոբերտ Քոչարյան, արխիվ

Կառավարությունից փոխանցում են՝ վարչապետի Նիկոլ Փաշինյանի և Հայաստանի նախկին նախագահների հանդիպում չի եղել։ Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի նախկին հինգ նախագահների հանդիպման մանրամասներ չեն հրապարակվում։

Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի խոսնակ Արման Մուսինյանն էր ֆեյսբուքում գրել. «Արցախի և Հայաստանի ներկա մտահոգիչ իրավիճակով պայմանավորված տեղի է ունեցել խորհրդակցություն, որին մասնակցել են Հայաստանի նախկին նախագահներ Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը և Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը»:

Տեր-Պետրոսյանի Խոսնակ Արման Մուսինյանն ու Սերժ Սարգսյանի ղեկավարած Հանրապետականի մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը հրաժարվեցին այսօրվա հանդիպման մասին հավելյալ մեկնաբանություններից։

Երեկ Արցախի նախկին նախագահները առանձին հանդիպել էին Ռոբերտ Քոչարյանին ու Լևոն Տեր-Պետրոսյանին։ Երևանում գտնվող Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը մեկ հանդիպում էլ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ էին ունեցել: Թեման, ըստ կառավարության հաղորդագրության, Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակն ու դիմագրավելու ուղղությամբ քայլերն էին։

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը կարծում է՝ էական նշանակություն ունի նախկին նախագահների հանդիպման բովանդակությունը, նաև՝ արդյունքները։

«Բացառիկ այդ հանդիպումը նշանակում է, որ իրավիճակը, թե՛ պատերազմական, թե՛ քաղաքական, դրան զուգահեռ միջազգային շրջանակում ես նկատի ունեմ, ինքնին բացառիկ է և հանգեցրել է այդպիսի ձևաչափի հանդիպման: Ինչպիսին կարող էր լինել բովանդակությունն, այստեղ ես չեմ ուզում մտնել ենթադրությունների դաշտ, գուցե առաջիկայում որևէ այլ կերպ կմանրամասնվի բովանդակությունը քննարկման կամ որևէ դրսևորում կտեսնենք այդ հանդիպման արդյունքի: Այո, կարող ենք ենթադրել նաև հնարավորություն վարչապետի հետ հանդիպման, ես կարծում եմ, որ ամեն ինչ կարող է դիտարկվել պետական դիմադրունակության բարձրացման տրամաբանության շրջանակում: Ինքնին փաստը հանդիպման շատ ողջունելի է, և իհարկե շատ էական է, որպեսզի այն ունենա բովանդակային արդյունավետ գեներացիա», - նշեց Բադալյանը:

Տեր-Պետրոսյանը Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի հետ բազմամյա քաղաքական հակառակորդներ են, հատկապես 2008-ի նախագահական ընտրություններին հաջորդած արյունալի դեպքերից հետո։ Լևոն Տեր-Պետրոսյանի ու Սերժ Սարգսյանի վերջին հրապարակային հանդիպումը եղել է ապրիլյան պատերազմից հետո՝ 2016-ի ապրիլի 9-ին։ Իսկ Տեր-Պետրոսյանն ու Քոչարյանը տարիներ շարունակ չեն հանդիպել, համենայնդեպս, վերջինը, որի մասին ազդարարվել է,1998-ին է եղել։ Ռոբերտ Քոչարյանի երդմնակալությանը ներկա է եղել նաև Տեր-Պետրոսյանը։

Ի տարբերություն Տեր-Պետրոսյանի, Հայաստանի մյուս երկու նախկին նախագահները վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոշտ քննադատներն են, ընդ որում, երկուսն էլ քրեական գործերում մեղադրյալ են ներգրավվել Փաշինյանի՝ իշխանության գալուց հետո։

Նախկին հաշիվներ մաքրելու ժամանակը չէ, բոլոր ռեսուրսները, կարծում է Հակոբ Բադալյանը, պետք է ծառայեցվեն ներկայիս խնդիրները լուծելուն։

«Եթե լինի գործունեություն, որը ավելի շատ ռիսկեր կարող է առաջացնել թիկունքի, պետության ամրության համար, քան օգտակար լինել դրան, ապա այդ գործունեության գնահատականը հանրությունը և պատմությունը շատ արագ կտան: Ըստ այդմ կարծում եմ, որ երեք նախկին նախագահները և նաև Արցախի նախկին նախագահները անկախ իրենց գործունեության նախկին շրջանում թույլ տված սխալներից, բացթողումներից և հանրային գնահատականներից, այս ճակատագրական պահին նրանք բոլորը կգտնեն կամք, վճռականություն և իմաստություն՝ աշխատել հանուն պետության և իրենց ռեսուրսները ծառայեցնել հանուն պետության անկախ քաղաքական և անձնական համակրանքներից ու պատկերացումներից», - ընդգծեց քաղաքական մեկնաբանը:

XS
SM
MD
LG