Մատչելիության հղումներ

Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ֆրանսիայի նախագահին


Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնին՝ Նիցցայում տեղի ունեցած ողբերգական միջադեպի կապակցությամբ:

Նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչության տարածած հաղորդագրության համաձայն, ուղերձում մասնավորապես ասված է. «Խորապես ցնցված եմ այս բարբարոս արարքից, որը հարվածեց Նիցցայի սրտին՝ Աստվածամոր տաճարին: Հայաստանը խստորեն դատապարտում է ատելության և անհանդուրժողականության այդ արարքը:

Իմ անկեղծ ցավակցություններն եմ հայտնում Ձեզ և Ֆրանսիայի ժողովրդին: Այս ողբերգական պահին մենք մտքով զոհերի և նրանց ընտանիքների հետ ենք:

Ահաբեկչությունն, արմատականությունն ու մոլեռանդությունը սահման չունեն և լուրջ սպառնալիք են մեր հասարակությունների համար: Մենք պետք է համախմբենք մեր ջանքերը՝ պայքարելու այդ աղետի դեմ»:

«Այս դժվար պահին Հայաստանն ու հայ ժողովուրդը համերաշխ են Ֆրանսիայի և նրա ժողովրդի հետ: Մենք միշտ ձեր կողքին ենք: Լինենք ուժեղ և միասնական՝ պաշտպանելու խաղաղության, հանդուրժողականության և ազատության արժեքները:

Մաղթելով բարեկամ ֆրանսիացի ժողովրդին արիություն՝ համոզված եմ, որ Ֆրանսիան, ինչպես միշտ, կհաղթահարի նաև այս մարտահրավերը», - նաև նշել է նախագահը:

Հիշեցնենք՝ հինգշաբթի առավոտյան դանակով զինված տղամարդը Նիսում հարձակվել է Աստվածամոր տաճարի այցելուների վրա: Երեք մարդ սպանվել է, հարձակվողը վիրավորվել է և բերման ենթարկվել: Հակաահաբեկչական դատախազությունը հետաքննություն է սկսել:

Ահաբեկչական հարձակման կապակցությամբ երեկ Ֆրանսիայի նախագահին ցավակցական հեռագիր է հղել նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

XS
SM
MD
LG