Մատչելիության հղումներ

Եվրոպական և ամերիկյան մի շարք քաղաքներում շարունակվում են սփյուռքահայերի ցույցերը


Եվրոպայի, Ամերիկայի մի շարք քաղաքներում շարունակվում են Արցախին և Հայաստանին աջակցություն հայտնող սփյուռքահայերի ցույցերը։ Նրանք դատապարտում են ադրբեջանական կողմի բռնությունները, պահանջում ճանաչել Արցախի անկախությունը, Թուրքիայի ռազմարդյունաբերությունում, մասնավորապես անօդաչու թռչող սարքերի արտադրությունում ներգրավված արևմտյան ընկերություններին հորդորում են դադարեցնել համագործակցությունը Թուրքիայի հետ։

Սփյուռքահայ շարժումն արդեն նաև կոնկրետ արդյունքներ տվել է։ Օրերս կանադական «Բոմբարդիե» ընկերությունը սառեցրել է ինքնաթիռների շարժիչների մատակարարումը Թուրքիային, քանի որ դրանք տեղադրվում են արցախյան պատերազմում օգտագործվող թուրքական անօդաչու թռչող սարքերի վրա։

ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի մի քանի քաղաքների ընտրովի մարմիններն Ադրբեջանի ագրեսիան դատապարտող բանաձևեր են ընդունել, իսկ Գլենեդելի քաղաքային խորհուրդը ճանաչել է Արցախի Հանրապետության անկախությունը ու նաև կոչ արել նախագահ Դոնալդ Թրամփին ու կոնգրեսին ճանաչել Արցախը հայկական լեռնաշխարհում կայունություն ու խաղաղություն հաստատելու համար։

Խաղաղ ցուցարարների վրա, հատկապես փողոցներ փակելու ակցիաների ժամանակ թուրքերը սկսել են հարձակումներ գործել։ Ֆրանսիայում երեկ նրանք հարձակվել էին ճանապարհը փակած ցուցարարների վրա, մուրճով հարվածել մեկի գլխին, նա հոսպիտալացվել է։ Հայերը հետապնդել էին հարձակվողներին։ Թուրքական «Դեյլի սաբահ» թերթը հաղորդում է, որ Լիոնում տեղի ունեցած միջադեպում վիրավորված հինգ մարդկանցից չորսը Թուրքիայի քաղաքացիներ են։

Ավելի ուշ թուրքերն ագրեսիվ երթ են անցկացրել Լիոնի փողոցներով, հարձակվել են ոստիկանական մեքենայի վրա։ Վիենում ևս ագրեսիվ, հայատյաց բացականչություններով, Թուրքիայի դրոշներով անցած գիշերը երթ է անցկացվել։ Վիենի քաղաքային խորհուրդն ավելի վաղ ճանաչել էր Արցախի անկախությունը։

Երեկ Ֆրեզնոյում փողոց դուրս եկած հարյուրից ավելի հայ ցուցարարների վրա հարձակում է կատարվել, սուր ծակող գործիքից երեք մարդ վիրավորվել է, նրանք տեղափոխվել են հիվանդանոց։ Ականատեսների պատմելով` կասկածյալը պատռել էր ցուցարարների պահած պաստառը, իսկ երբ նրան փորձել էին հետ մղել, դանակով հարձակվել էր նրանց վրա։ Ոստիկանությունը հաղորդել է, որ հարձակվողը ձերբակալվել է, նրան մեղադրանք է առաջադրվել մահաբեր զենքով հարձակում կատարելու համար։

XS
SM
MD
LG