Մատչելիության հղումներ

Ապաքինումից հետո Ջալալ Հարությունյանը կվերադառնա ՊԲ` «կատարելով ծառայողական նոր պարտականությունները»


Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանը, արխիվ
Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանը, արխիվ

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանագրով գեներալ-լեյտենանտ Ջալալ Հարությունյանն ազատվել է Պաշտպանության բանակի (ՊԲ) հրամանատարի պաշտոնից: Հաղորդվում է նաև, որ Ջալալ Հարությունյանը վիրավոր է, և նրա պաշտոնանկությունն այդ հանգամանքով է պայմանավորված։ Նրան կփոխարինի Միքայել Արզումանյանը, որին այսօր շնորհվել է գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում։

Արցախի նախագահն այսօր, մասնավորապես, իր ֆեյսբուքյան էջում գրել է. - «Ջալալ Հարությունյանի ազատման որոշումը պահի հրամայական է՝ պայմանավորված օրերս մարտական դիրքում նրա ստացած վիրավորումով և տարամեկնաբանությունների առիթ չպետք է հանդիսանա: Ապաքինում եմ մաղթում Ջալալ Անատոլիին և համոզված եմ, որ նա շատ շուտով կվերադառնա հայրենիքին ծառայության»։

Այդուհանդերձ, երեկ հայկական կողմը պաշտոնապես հաստատեց, որ արդեն երրորդ անգամ տապալված հրադադարի նախորդող գիշերը՝ այսինքն` հոկտեմբերի 25-ի մարտերի ընթացքում ադրբեջանական ուժերին հաջողվել է գրավել Կուբաթլուն և որոշ ուղղություններով առաջանալ։ Արդյոք ինը ամիս պաշտոնավարած Ջալալ Հարությունյանի պաշտոնանկությունը որևէ կերպ պայմանավորվա՞ծ է տարածքային կորուստներով, Արցախի նախագահի խոսնակը չցանկացավ պատասխանել այս հարցին, միայն վերահաստատեց՝ Հարությունյանը Պաշտպանության բանակի հրամանատարի աշխատանքից ազատվել է առողջական խնդիրների պատճառով. - «Ես կարծում եմ, որ պետք է բավարարվել այնքանով, ինչքանով պարոն նախագահն այդ առթիվ մեկնաբանություն է տվել և ինչպես որ իր գրառման մեջ է նշել, որ տարամեկնաբանություններ պետք չեն, ուրեմն չեմ կարծում, որ իմաստ կա նոր ինչ-որ այլ բաներ փնտրել կամ կարծիքներ հայտնել: Ի վերջո որոշողը հանրապետության նախագահն է: Հաշվի առնելով ժամանակահատվածի կարևորությունն ու այս ծանր պատասխանատվությունը` պարոն նախագահը արագ որոշում է կայացրել` պաշտպանության նոր նախարար նշանակելով Միքայել Արզումանյանին»:

Վահրամ Պողոսյանը նաև փոխանցեց՝ Ջալալ Հարությունյանի կյանքին վտանգ չի սպառնում, վիրավորումը ծանր չէ, և գեներալ-լեյտենանտը ապաքինումից հետո կրկին կվերադառնա Պաշտպանության բանակի շարքեր՝ կատարելով իրեն վերապահված ծառայողական նոր պարտականությունները. - «Ջալալ Հարությունյանն իրեն բավականին լավ է զգում: Ապաքինման պրոցեսն ընթանում է շատ ինտենսիվ կերպով, և առաջիկայում նա կրկին վերադառնալու է Պաշտպանության բանակի շարքեր և կատարելու է արդեն իրեն վերապահված նոր ծառայողական պարտականությունները»: Հարցին, թե որոնք կլինեն նոր ծառայողական պարտականությունները, Պողոսյանը պատասխանեց` ռազմական գաղտնիք է:

45-ամյա Ջալալ Հարությունյանը Պաշտպանության բանակի հրամանատար էր նշանակվել ինը ամիս առաջ՝ այս տարվա փետրվարին։ 1992 թվականից Պաշտպանության բանակում ծառայող Հարությունյանը մինչ այդ տարբեր բարձր զինվորական պաշտոններ է զբաղեցրել, այդ թվում` Պաշտպանության բանակի հրամանատարի առաջին տեղակալի պաշտոնը:

Արցախի պաշտպանության բանակի նորանշանակ հրամանատար Միքայել Արզումանյանը 47 տարեկան է, մասնակցել է ղարաբաղյան առաջին պատերազմին։

«Վստահ եմ, որ Միքայել Արզումանյանը նոր պաշտոնում գիտակցում է պատասխանատվության աստիճանը և ջանք ու եռանդ չի խնայի, որպեսզի այդ վստահությունն արդարացնի», - իր նոր նշանակման մասին Ֆեյսբուքում գրել է Արցախի նախագահը։

Խոսնակ Վահրամ Պողոսյանն ասաց՝ Միքայել Արզումանյանը` որպես զինվորական, մեծ ճանապարհ է անցել. - «Ռազմական մեծ ուղի ունի անցած: Նա դեռևս իր ռազմական տաղանդով փայլել է արցախյան առաջին պատերազմի ժամանակ, հետո բավականին մեծ, արդեն պրոֆեսիոնալ զինվորականի ճանապարհ է անցել Պաշտպանության բանակի ստեղծման և կայացման գործում և հայտնի է ընդհանուր առմամբ այն տեսակով, դաշտային այն հրամանատարներից է եղել, որ միշտ գերազանց կատարել է իր առջև դրված մարտական խնդիրը, և համոզված ենք, որ նոր պաշտոնում ևս նրա ղեկավարությամբ Պաշտպանության բանակը ոչ միայն կատարելու է այն խնդիրները, որոնք այս պահին դրված են, այլև կարողանալու է իսկապես բեկում մտցնել, և մենք ունենալու ենք նոր հաջողություններ»:

XS
SM
MD
LG