Մատչելիության հղումներ

Արցախում և ՀՀ-ում դրական են վերաբերվում Ջալալ Հարությունյանի նշանակմանը


Արցախի պաշտպանության բանակի նորանշանակ հրամանատար Ջալալ Հարությունյան, արխիվ

Արցախի նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով՝ Կարեն Աբրահամյանն ազատվել է պաշտպանության նախարար-պաշտպանության բանակի հրամանատարի պաշտոնից: Մեկ այլ հրամանագրով՝ այս պաշտոնում նշանակվել է Ջալալ Հարությունյանը՝ ազատվելով ՊԲ հրամանատարի առաջին տեղակալ-շտաբի պետի պաշտոնից: Այդ պաշտոնում նա նշանակվել էր 2018թ.-ի դեկտեմբերին։

Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Ջալալ Հարությունյանի նշանակումը համարում է բանակում տեղի ունեցած լավագույն փոփոխություններից մեկը. - «Պարոն Հարությունյանը մեծ հեղինակություն ունեցող գեներալ է: Նա նաև ապրիլյան պատերազմով անցած և որպես կառավարիչ մեծ փորձ ունեցող է: Համոզված եմ, որ արցախյան հատվածում բարեփոխումների տրամաբանությունը շարունակելու ամենամեծ կարողություն ունեցող գեներալն է, և նրան հաջողություն եմ մաղթում»:

Հարությունյանի նշանակմանը նախորդել էր շաբաթ օրը Ստեփանակերտում կայացած համատեղ անվտանգության խորհրդի նիստը: Արդեն նախկին ՊԲ հրամանատար Աբրահամյանի պաշտոնականության մասին մամուլը սկսեց գրել մեկուկես ամսվա ընթացքում ոչ մարտական պայմաններում գրանցված ավելի քան 10 զինծառայողի մահվան դեպքերից հետո: Այդ դեպքերին առնչվող խորհրդակցությունից հետո էլ նախորդ շաբաթ Հայաստանի վարչապետ Փաշինյանի առաջարկությամբ պաշտոնանկ արվեցին Զինված ուժերի բարոյահոգեբանական ապահովման վարչության պետը և Պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության պետը։

«Ազատությունը» Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանից հետաքրքրվեց՝ Աբրահամյանի գործողություններում կոնկրետ թերացումներ հայտնաբերվե՞լ են:

«Թերացումներ և ձեռքբերումներ կան մեր բոլորի աշխատանքում: Սա պարզապես փոփոխություն է, որը ես չեմ ուզում քաղաքականացնել և շահարկման ենթարկել», - ասաց նա:

Արցախի նախագահ Բակո Սահակյանը մինչ նշանակումը գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանի հետ քննարկել է նաև բանակում կատարված դեպքերը, «Ազատության» հարցին ի պատասխան տեղեկացրեց Դավիթ Բաբայանը. - «Վերջին դեպքերը բնական է, որ քննարկվում են, և քննարկումները չեն ավարտվել և չեն կարող ավարտվել, որովհետև սա մի գործընթաց է, որ անընդհատ պետք է ուշադրության կենտրոնում լինի»:

Արցախի ընդդիմադիր «Ազգային վերածնունդ» կուսակցության ղեկավար, Արցախի նախագահի թեկնածու Հայկ Խանումյանը դրական գնահատեց այս նշանակումը: Ասում է՝ Հարությունյանը պրոֆեսիոնալ զինվորական է, և Արցախում մեծ ակնկալիքներ ունեն այս նշանակումից. - «Կարծում եմ՝ նաև ուժեղ հրամանատար է, ավելի ուժեղ, քան իր նախորդը և կապված կարգապահական տարբեր հարցերի շուրջ տարբեր կարգապահական խնդիրների հետ լուծումներ կտա: Հաջողություններ եմ մաղթում գեներալ Հարությունյանին», - նշեց նա:

45-ամյա ՊԲ նորանշանակ հրամանատարը ծնունդով Ասկերանի շրջանի Բադարա գյուղից է: 1992թ. նոյեմբերի 5-ից ծառայում է ՊԲ-ում, 92-94 թթ. մարտական գործողությունների մասնակից է, սովորել է ՌԴ պաշտպանության նախարարության ռազմահրետանային ակադեմիայում։ Երկար տարիներ եղել է Արցախի պաշտպանության բանակի N զորամասի հրամանատար։ 2019 թ․ հուլիսի 8-ին ստացել է գեներալ-մայորի կոչում:
2015-ի դեկտեմբերին ադրբեջանական լրատվամիջոցները ապատեղեկատվություն էին տարածել, թե իրենց դիվերսիայի ժամանակ Ջալալ Հարությունյանը զոհվել է, բայց նույն օրը ինքը՝ գնդապետ Հարությունյանը հերքեց ապատեղեկատվությունը՝ հանդես գալով տեսանյութով:






XS
SM
MD
LG