Մատչելիության հղումներ

Հոկտեմբերի 29-ին Ժնևում՝ բանակցություններ Ղարաբաղի հարցով


ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը, Էնդրյու Շոֆերը և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը, Վաշինգտոն, 24-ը հոկտեմբերի, 2020թ.

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները տարածել են հայտարարություն Վաշինգտոնում ղարաբաղյան հարցով տեղի ունեցած բանակցությունների մասին:

Իգոր Պոպովը (ՌԴ), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ) հայտարարությամբ տեղեկացնում են, որ հոկտեմբերի 24-ին հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Ջեյհուն Բայրամովի հետ:

Համանախագահները, բացի այդ, մասնակցել են նաև նախարարների հանդիպումներին ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Սթիվեն Բիգանի հետ: ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը նույնպես մասնակցել է այդ հանդիպումներին:

Ինտենսիվ բանակցությունների ընթացքում միջնորդները և նախարարները քննարկել են մարդասիրական անհապաղ հրադադար հաստատելու, այն հսկելու հնարավոր պարամետրերի, ինչպես նաև հարատև խաղաղությանն ուղղված հիմնարար բովանդակային բանակցություններ սկսելու հնարավորությունները:

Համանախագահները և ԱԳ նախարարները համաձայնել են ևս մեկ անգամ հանդիպել՝ հոկտեմբերի 29-ին Ժնևում, հասնել համաձայնության և ժամանակացույցով, որը դեռ պետք է ընդունվի, սկսել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը խաղաղ կարգավորելու գործընթացը՝ համաձայն Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների համար ընդունելի հիմնարար սկզբունքների:

Հոկտեմբերի 26-ին առավոտյան 8-ին կողմերը պետք է հաստատեն հրադադար, որի մասին հոկտեմբերի 25-ին հայտնել են Հայաստանը, Ադրբեջանը և Միացյալ Նահանգները:

Տե՛ս նաև այստեղ

XS
SM
MD
LG