Մատչելիության հղումներ

Զոհրաբ Մնացականյանը մասնակցել է «Ատլանտյան խորհրդի» կողմից կազմակերպված առցանց վեբինարին


Հայաստանի Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հյուրընկալվել է «Ատլանտյան խորհրդի» կողմից կազմակերպված առցանց վեբինարին, որը վարում էր համանուն խորհրդի Եվրասիական կենտրոնի ղեկավար Ջոն Հերբսթը։

Հայաստանի արտգործնախարարությունը հայտնում է, որ քննարկումը նվիրված էր Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը:

Մնացականյանը, մասնավորապես, նշել է. «Հիմնախնդրի առանցքում մեր հայրենակիցների ֆիզիկական, գոյութենական անվտանգությունն է, և մենք շատ հստակ կերպով շեշտել ենք, որ գործ ունենք գոյութենական իրական սպառնալիքի հետ, որի ականատեսն ենք եղել նախկինում, և ոչ մի կերպ չպետք է թույլ տանք, որ այդ ամենը կրկին տեղի ունենա»:

Հայաստանի արտգործնախարարը հանգամանալից կերպով ներկայացրել է սեպտեմբերի 27-ից մինչ օրս Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ստեղծված իրադրությունը: Նախարարը Ջոն Հերբսթի և առցանց ունկնդիրների ուշադրությունն է հրավիրել «Ադրբեջանի կողմից իրականացվող պատերազմական հանցագործությունների, մասնավորապես՝ խաղաղ բնակչության նկատմամբ վայրագությունների, կենսական նշանակության ենթակառուցվածքների անընդմեջ թիրախավորման փաստերի վրա»:

Անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների՝ Ռուսաստանի և Ֆրանսիայի ղեկավարների անմիջական ներգրավվածությամբ կրակի դադարեցման շուրջ հոկտեմբերի 10-ի և հոկտեմբերի 17-ի հայտարարություններին՝ նախարարն ընդգծել է Հայաստանի հանձնառությունն այդ համաձայնություններով ստանձնած պարտավորություններին: Մնացականյանն անդրադարձել է նաև Միացյալ Նահանգներում կայացած հանդիպումներին՝ նշելով, որ ԱՄՆ-ից ստացված ուղերձները հուսադրող են և նպատակաուղղված են հրադադարի հաստատման ջանքերի անհապաղ գործադրմանը:

«Թերևս միջազգային օրակարգի մի շարք հարցերում ունեցած տարըմբռնումներով հանդերձ՝ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրում համանախագահ երկրներին միավորում է նշանակալի միասնականությունն ու համախմբվածությունը: Այդ շատ կարևոր միասնականությունը հրադադարի հաստատմանը հասնելու համանախագահ երկրների ձգտումն է, որ կարող է վերջ դնել այն աղետին, որը սպառնում է Արցախի մեր հայրենակիցների գոյության և ապրելու իրավունքին», - ընդգծել է Զոհրաբ Մնացականյանը:

Պատասխանելով հաղորդավարի՝ Թուրքիայի դերակատարությանն առնչվող հարցին՝ ԱԳ նախարարը նշել է. «Մենք ականատես ենք եղել Թուրքիայի ապակայունացնող դերին Արևելյան Միջերկրականում, Հյուսիսային Աֆրիկայում, Մերձավոր Արևելքում, և այժմ մենք տեսնում ենք, թե ինչպես է այդ ապակայունացումն արտահանվում Հարավային Կովկաս, որի արատահայտումը Թուրքիայի բացահայտ ռազմական-քաղաքական աջակցությունն է Ադրբեջանի լայնամասշտաբ ագրեսիվ գործողություններին: Սա է Թուրքիայի, այսպես կոչված, դերը մեր տարածաշրջանում»:

XS
SM
MD
LG