Մատչելիության հղումներ

Հայաստանի և Ֆրանսիայի նախագահները շեշտում են հրադադարի պահպանման անհրաժեշտությունը


Լուսանկարը՝ նախագահականի
Լուսանկարը՝ նախագահականի

Ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակն են քննարկել Հայաստանի և Ֆրանսիայի նախագահները Փարիզում՝ Ելիսեյան պալատում կայացած հանդիպման ժամանակ:

Արմեն Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Էմանյուել Մակրոնին՝ նշելով, որ Հայաստանը բարձր է գնահատում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ֆրանսիայի և անձամբ նախագահ Մակրոնի ջանքերն ու դիրքորոշումը հակամարտության կարգավորման հարցում:

Սարգսյանն ընդգծել է, որ Ադրբեջանի կողմից Թուրքիայի աջակցությամբ Արցախի նկատմամբ սանձազերծված լայնածավալ ռազմական ագրեսիան շարունակվում է, թիրախավորվում են Արցախի բնակավայրերը, խաղաղ բնակչությունը և քաղաքացիական ենթակառուցվածքները, ինչի հետևանքով կան զոհեր ու վիրավորներ քաղաքացիական բնակչության մեջ։ Հայաստանի նախագահը խորը մտահոգություն է հայտնել Թուրքիայի կողմից Ադրբեջանին ցուցաբերվող ռազմաքաղաքական աջակցության առնչությամբ, ընդգծելով, որ Թուրքիայի՝ որպես երրորդ կողմի նման ծավալի ներգրավվածությունն ավելի է սրում իրավիճակը և վտանգում տարածաշրջանի կայունությունն ու անվտանգությունը: Արմեն Սարգսյանն ասել է, որ տարածաշրջանի համար առանձնակի սպառնալիք են Թուրքիայի կողմից Ադրբեջան բերված և այնուհետև այդ երկրի բանակի կազմում Արցախի դեմ ռազմական գործողություններին մասնակցող իսլամիստ ահաբեկիչները, որոնք, չի բացառվում, որ ինչ-որ ժամանակ հետո հայտնվեն նաև այլ երկրներում, այդ թվում` նաև Եվրոպայում:

Հայաստանի նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ Մակրոնը նույնպես մտահոգություն է հայտնել շարունակվող ռազմական գործողությունների և ստեղծված իրավիճակի առնչությամբ:

Նախագահները համակարծիք են եղել, որ հակամարտության խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի, և կարևորել են հրադադարի հաստատման շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման անհրաժեշտությունը:

Սարգսյանն ու Մակրոնն ընդգծել են ԵԱՀԿ Մինսկի խմբի դերը հակամարտության կարգավորման գործում և կարևորել Մինսկի խմբի համանախագահությամբ հնարավորինս շուտ բանակցային սեղանի շուրջ վերադառնալու անհրաժեշտությունը:

Հայաստանի և Ֆրանսիայի նախագահները նաև փաստել են, որ երկու ժողովուրդների բազմադարյա կապերի ու բարեկամության հենքի վրա կառուցված հայ-ֆրանսիական առանձնահատուկ հարաբերությունները շարունակում են զարգանալ բարեկամության և փոխըմբռնման ոգով:

Արմեն Սարգսյանը, հիշեցնենք, Փարիզ է մեկնել Բրյուսելից, որտեղ հանդիպումներ էր ունեցել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի, Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ:

XS
SM
MD
LG