Մատչելիության հղումներ

Փորձագետի կարծիքով, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամների միջև կոնսենսուս չկա


Հանրային կառավարման փորձագետ Սոսի Թաթիկյան

Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի շուրջ Միավորված ազգերի կազմակերպության Անվտանգության խորհրդի նիստից երկու օր անց էլ կազմակերպությունը փակ քննարկման մասին որևէ հայտարարություն չի տարածվել, ինչը, ըստ հանրային կառավարման մասնագետ Սոսի Թաթիկյանի, նշանակում է, որ Անվտանգության խորհրդի անդամների միջև կոնսենսուս չկա։

Սեպտեմբերի 27-ից սկսված պատերազմի ընթացքում Արցախի հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի երկրորդ նիստը նախագահած Ռուսաստանի ներկայացուցիչ Վալերի Նեբենզյան լրագրողների հետ զրույցում հայտնել էր, որ փակ քննարկման մասնակիցները կարևորել են Ղարաբաղում կրակի դադարեցման ռեժիմը հսկելու անհրաժեշտությունը՝ հավելելով, որ Անվտանգության խորհուրդը բավական համակարծիք է եղել մոտեցումների վերաբերյալ։

«Երկրները համակարծիք են ակնհայտորեն, որ պատերազմը պետք է դադարի, պետք է լինի զինադադար, և որ պետք է լինի մոնիտորինգի մեխանիզմ։ Որովհետև այս հարցերը հակասական չեն։ Սակայն ես կարծում եմ, որ հնարավոր է այնտեղ եղել են այլ խոսակցություններ, որոնց մասին մենք չենք կարող իմանալ։ Օրինակ, թե արդյո՞ք կիրառեն ինչ-որ սանկցիաներ, կամ կողմերից մեկին դատապարտեն քաղաքացիական բնակչությանը, քաղաքները, ինֆրաստրուկտուրան թիրախավորելու հարցում։ Եվ հնարավոր է, որ այդ հարցում տարաձայնություններ են եղել», - նշեց Սոսի Թաթիկյանը։

ՄԱԿ-ի տարբեր առաքելություններում աշխատանքի փորձ ունեցող Թաթիկյանի խոսքով, Ղարաբաղում բռնկված հրդեհը մարելու համար կազմակերպությունը կարող է առաջարկել խաղաղության աջակցման, պարտադրման կամ պահպանման գործողություն , դա կարող է անել անմիջապես ՄԱԿ-ը, կամ հանձնարարել որևէ տարածաշրջանային կազմակերպության․ - «Ուղղակի հարցը այն է, թե ինչքանով է դա մեզ բարենպաստ։ Մենք միշտ խուսափել ենք ՄԱԿ-ի խաղաղարար զորքեր Հայաստանում ունենալուց, և ես գտնում եմ, որ մեր մտավախությունները տեղին են։ Որովհետև, առաջինը, ՄԱԿ-ի խաղաղարար զորքերի կազմի հանդեպ կրկին անգամ մենք մեծ հսկողություն չունենք։ Այն երկրների մեջ, որոնք զորքեր են տրամադրում, կան այնպիսի երկրներ, որոնք մեր համար բոլորովին նպաստավոր չեն։ Նույն Պակիստանը, որը չի ճանաչել Հայաստանի գոյությունը և դիվանագիտական հարաբերություններ չի հաստատել։ Եվ նույն Թուրքիան։ Այս երկուսը խոշորագույն կոնտրիբյուտորներից են»։

Նրա փոխանցմամբ, Միավորված ազգերի կազմակերպությունը կարող է նաև պատժամիջոցներ կիրառել, այս դեպքում էլ, ըստ փորձագետի, վտանգներ կան հայկական կողմի համար․ - «ՄԱԿ-ը սիրում է հավասարության նշան դնել, հետևաբար եթե, օրինակ, ինքը ասի, որ զենքի էմբարգո պիտի լինի, ամենայն հավանականությամբ նա կասի, որ զենքի էմբարգո պետք է լինի Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ։ Այսինքն՝ մյուս բոլոր երկրները պետք է հրաժարվեն այդ երկու երկրներին զենք մատակարարելուց։ Թե ինչքանով է դա մեզ բարենպաստ, կրկին անգամ պարզ չէ, որովհետև այս պահին այդ հավասարակշռությունը ի նպաստ Ադրբեջանի է, ակնհայտ է, որ Ադրբեջանը մեզնից շատ զենք ունի»։

Սոսի Թաթիկյանը չի բացառում նաև երկրների ֆինանսական միջոցների նկատմամբ որոշակի սահմանափուկները, սակայն, փորձագետի կարծիքով, կազմակերպությունը առայժմ հույս ունի, որ հրադադար կհաստատվի և բանակցությունները կվերսկսվեն։

«Իսկ թե հետագայում, եթե իրադրությունը դեպի լավը չփոխվի, ինչ կարող է լինել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում, կարող են լինել բոլոր հնարավոր սցենարները», - հավելեց նա։

Ինչ վերաբերում է Հայաստանի և Արցախի պաշտոնյաների կողմից վերջին շրջանում շրջանառվող «անջատում (կամ ճանաչում) հանուն փրկության» սկզբունքին, Սոսի Թաթիկյանն ընդգծում է՝ փաստ է, որ վերջին տասնամյակներում նման օրինակներ եղել են․ - «Անձամբ երկուսում աշխատել եմ․ երեք տարի Կոսովոյում, երեք տարի Արևելյան Թիմորում։ Արևելյան Թիմորի դեպքում լիովին է անկախացել, իսկ Կոսովոն մասամբ է անկախացել»։

Թաթիկյանի պնդմամբ պետք է զգույշ լինել նաև տերմինաբանության մեջ. ասում է՝ remedial secession (բառացիъ անջատում հանուն փրկության) բառակապակցության մեջ remedial բառը հայերեն բառացի թարգմանելը բարդ է, իսկ տերմինի երկրորդ մասը՝ անջատումը կամ secession-ը Սոսի Թաթիկյանի կարծիքով, ավելի հակասական է, քանի որ Հայաստանը միշտ հայտարարել է, որ Արցախը երբեր չի եղել անկախ Ադրբեջանի կազմում․ - «Արցախը դե ֆակտո կայացած պետական միավոր է։ Արդեն առնվազն 25 տարի Արցախը անջատվել է դե ֆակտո, և ընտրություններ է ունեցել մի քանի փուլով, ունի իր նախագահը, վարչապետը, խորհրդարանը և նույնիսկ զինված ուժերը։ Այսինքն՝ մի քիչ պետք է նաև զգույշ լինել, որ Արցախը հետ չտանել 25 տարվա կարգավիճակի»։

Թաթիկյանը հիշեցնում է, որ հայկական դիվանագիտությունը մշտապես փորձել է ղարաբաղյան հարցը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում պահել, սակայն ներկայիս իրավիճակը միջազգային կազմակերպությունն անտեսել չէր կարող։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG