Մատչելիության հղումներ

Հարավային ուղղությամբ ծանր մարտեր են ընթանում


Պաշտպանության բանակը ծանր մարտեր է մղում հարավային ուղղությամբ, Իշխանաձորի հատվածում, այսօր «Ազատությանը» փոխանցեց Արցախի նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը։

«Այս պահին Իշխանաձորի, Կովսականի, Միջնավանի հատվածում է։ Չեմ ուզում հավելյալ մեկնաբանություն տալ, թե ինչ է կատարվում։ Կարծում եմ, էդքանը բավարար է, որպեսզի ժողովուրդը հասկանա, թե ինչի մասին է խոսքը։ Այո, բավականին ծանր մարտեր են ընթանում պահին, և Պաշտպանության բանակը հերոսաբար շարունակում է դիմագրավել հակառակորդի մեծաքանակ զորքին։ Բայց, կրկնում եմ՝ մենք ի վիճակի ենք, եթե բոլորս ոտքի կանգնենք, ոչ միայն կանգնեցնելու հակառակորդի շարժը, այլևը նրան հետ շպրտելու մեր հայրենիքի հողից»։

Արցախի պաշտպանության նախարարության փոխանցմամբ, հակամարտության գոտում վերսկսված ռազմական գործողությունների 24-րդ գիշերվա ընթացքում իրադրությունը եղել է հարաբերական կայուն-լարված, բայց առանձին հատվածներում շարունակվել են հրետանային մենամարտերը: Հատկապես ինտենսիվ մարտեր են ընթացել հենց հարավային ուղղությամբ։

«Պաշտպանության բանակի ստորաբաժանումները շարունակում են վերահսկողության տակ պահել օպերատիվ իրադրությունը և իրենց գործողություններով թշնամական ուժերին պատճառում կենդանի ուժի և զինտեխնիկայի մեծաքանակ կորուստներ», - ասված է պաշտոնական հաղորդագրությունում։

Վահրամ Պողոսյանը հայտնեց, որ Ադրբեջանը շարունակում է գրոհել նաև հյուսիսային հատվածում․ - «Հյուսիսային հատվածում հակառակորդը շարունակում է գրոհել, հարձակողական տարբեր մարտեր են ընթանում։ Պաշտպանության բանակը այս պահի դրությամբ հիմնականում ձախողել է հակառակորդի բոլոր գրոհները՝ հասցնելով նրան կենդանի ուժի և զինտեխնիկայի մեծ կորուստներ։ Սակայն պետք է ասեմ, որ այն չի ավարտվել, օրվա ընթացքում պարբերաբար շարունակվում է։ Բարեբախտաբար, կարող եմ միանշանակ ասել, որ այնտեղ մեկ սանտիմետրի նահանջ, զիջում մենք չունենք»։

Հայաստանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը փոխանցում է, որ հյուսիսային թևում Ադրբեջանը կիրառում է ավիացիա և հրետանի։

Բաքուն հայտարարում է, թե Աղդամի և Թերթերի շրջանները գտնվում են հայկական հրետակոծության տակ։

Արցախի նախագահի խոսնակը կրկին պնդում է, որ հայկական կողմը իրականությանը չհամապատասխանող որևէ տեղեկություն չի հրապարակում․ - «Երբեք չենք ասում՝ գնացել ենք Բաքուն գրավել, այն դեպքում, երբ որ մեր զորքը ինչ-որ հատվածով որոշակի նահանջ է անում։ Գոնե իմ ֆեյսբուքյան գրառումներում, իմ մեկնաբանություններում դա կարելի է հասկանալ։ Բացի դրանից, եթե մենք ասում ենք, որ Պաշտպանության բանակն այս պահին թեժ մարտեր է մղում Իշխանաձորում, Քաշաթացի շրջանի Իշխանաձոր համայնքի մոտ, ես կարծում եմ, որ հավելյալ մեկնաբանության կարիք չկա, որ մենք ինչքան ենք նահանջել և որտեղ է գտնվում մեր զորքը։ Բայց դա չի նշանակում, որ պետք է դրանից մեր զորքը խուճապի մատնվի։ Հակառակը, այդ ամենը մենք ասում ենք նրա համար, որ ժողովուրդը սթափ գնահատի իրավիճակը և ինքն էլ այդ ուղղությամբ քայլեր ձեռնարկի։ Քայլեր ձեռնարկելու համար բազմիցս, դեռևս առաջին օրից Հանրապետության նախագահը հայտարարել է, որ մենք բոլորս պետք է պատրաստ լինենք մարտ վարելու և մեր հայրենիքը պաշտպանելու համար։ Ոչ մեկ մեր փոխարեն չի գալու այստեղ կռվելու»։

Կողմերը երկու անգամ մարդասիրական հրադադարի մասին պայմանավորվածություն են ձեռք բերել, մեկը՝ հոկտեմբերի 10-ին Մոսկվայում, իսկ երկրորդի մասին հայտարարեցին հոկտեմբերի 17-ին։ Երկու դեպքում էլ հրադադարը չի պահպանվել, կողմերը միմյանց են մեղադրել այն խախտելու համար։

Սեպտեմբերի 27-ից վերսկսված ռազմական գործողությունների ընթացքում հայկական կողմը հրապարակել է 771 զոհված զինծառայողի անուն։ Պաշտոնական Բաքուն իր ռազմական կորուստները չի բացահայտում՝ պնդելով, թե դա ռազմական գաղտնիք է։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG