Մատչելիության հղումներ

ԵՄ արտգործնախարարը շեշտում է՝ հրադադարը պետք է լինի անվերապահ և պահպանվի երկու կողմից


Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորել, արխիվ
Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորել, արխիվ

Եվրամիության արտգործնախարարը երեկ հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի պաշտոնակիցների հետ՝ հորդորելով կողմերին հավատարիմ մնալ մարդասիրական հրադադար հաստատելու վերջին պայմանավորվածությանը, որը ձեռք է բերվել Ֆրանսիայի նախաձեռնությամբ ու ԵԱՀԿ Մինսկի խմբի աջակցությամբ։

«Հրադադարը պետք է լինի անվերապահ և պահպանվի երկու կողմից», - զրույցից հետո հայտարարել է Ժոզեպ Բորելը՝ հավելելով. - «Ես ընդգծեցի, որ խաղաղ բնակիչների դեմ հարձակումները պետք է անհապաղ դադարեցվեն, դրանք ոչ մի արդարացում չունեն։ Նաև կրկնել եմ, որ Եվրամիությունը պատրաստ է շարունակել իր աջակցությունը կողմերին ու ԵԱՀԿ-ին՝ խնդրի տևական կարգավորմանը հասնելու հարցում»։

Պաշտոնական Երևանն, իր հերթին, հաղորդել էր, թե արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը զրույցի ընթացքում բարձրացրել է Արցախի քաղաքացիական բնակչության, ռազմագերիների նկատմամբ Ադրբեջանի կողմից իրականացվող խոշտանգումների, նվաստացուցիչ վերաբերմունքի և սպանությունների թեման և խորը մտահոգություն հայտնել «միջազգային հանրության որոշ դերակատարների դրսևորած ոչ հստակ դիրքորոշման առնչությամբ»:

Պաշտոնական Բաքվի հաղորդմամբ էլ՝ արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը զրույցում վերստին հայկական կողմին է մեղադրել հրադադարի խախտման համար։

XS
SM
MD
LG