Մատչելիության հղումներ

Մարզպետը վստահեցնում է, որ Սյունիքն ապրում է բնականոն կյանքով


Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյան

Վերջին օրերին Սյունիքի մարզում մի քանի անգամ օդային տագնապ է հնչել։ Երեկ Գորիսի մոտակայքում հակառակորդի ԱԹՍ է խոցվել։ Սակայն մարզի բնակչության շրջանում խուճապ չկա։

Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը «Ազատության» հետ զրույցում ասաց, որ մարզում պաշտպանական աշխատանքները համակարգում է ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Արտակ Դավթյանը։

«Շատ նորմալ, բնականոն կյանքով Սյունիքը ապրում է։ Ամեն ինչ նորմալ է։ Այս պահին Գորիսում եք, տեսնում եք, որ Գորիսում որևէ խուճապ չկա։ Այդ աշխատանքները համակարգում է պարոն Դավթյանը, մենք էլ համագործակցում ենք, ամեն ինչով օգնում ենք», - ասաց Պողոսյանը։

Մարզպետն ասաց, որ բնակչության զանգվածային տարհանումներ չկան․ - «Բացարձակապես։ Չկա նման բան։ Մարդկանց տրամադրությունը շատ նորմալ է, շատ ուշադիր։ Մենք էլ պատասխանատվության և մեծ կազմակերպվածության կոչ ենք անում բոլորին, որ յուրաքանչյուր մարդ իր տեղում կատարի շատ պատասխանատու ձևով իր գործը, և կատարողական կարգապահությունը լինի ամենաբարձր մակարդակի»։

Մարզի բնակիչները «Ազատության» հետ զրույցներում ասացին, որ օդային տագնապի ընթացքում պատդպարվել են ապաստարաններում ու նկուղներում։ Ասում են, որ ոչ մի դեպքում չեն պատրաստվում հեռանալ իրենց տներից։

«Մեր հողը, մեր տունը ո՞նց թողնեք գնանք։ Էրեխեքս ստեղ կռվի դաշտում են, ես իմ էրեխոցս թողեմ ո՞ւր գնամ», - Գորիսում ասաց մի կին։

«Քիչ անհանգստություն կա, բայց ամեն ինչ նորմալ է», - հավելեց մեկ այլ կին։

«Սաղ էլ դուխով են, սաղ էլ նորմալ են, ոչ մի խնդիր չենք տեսնում։ Գորիսն էլ, Սյունիքն էլ, սաղ էլ պատրաստ են ամեն ինչի։ Ոչ մի խնդիր, ոչ մի խուճապ չկա», - վստահեցրեց մի տղամարդ։

Անդրադառնալով մարզպետի՝ զինվորագրվելու կոչին՝ նա նշեց․ - «Մինչև զինվորագրվելն էլ բոլորը կամավոր գնացել են։ Ով ինչին տիրապետում ա, ում անհրաժեշտություն կա»։

XS
SM
MD
LG