Մատչելիության հղումներ

Մնացականյանն Էստոնիայի ԱԳ նախարարին հեռախոսով իրազեկել է պատերազմի հետևանքով ստեղծված իրավիճակը


Զոհրաբ Մնացականյան, արխիվ
Զոհրաբ Մնացականյան, արխիվ

Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը երեկ հեռախոսազրույց է ունեցավ Էստոնիայի արտգործնախարար Ուրմաս Ռեյնսալուի հետ։

Մնացականյանն, ըստ հաղորդագրության, իր էստոնացի գործընկերոջն իրազեկել է Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված լայնամասշտաբ պատերազմի հետևանքով ստեղծված իրավիճակի, մարտական գործողությունների ընթացքում Ադրբեջանի կողմից իրականացվող պատերազմի հանցագործությունների մասին, որոնք արտահայտվում են խաղաղ բնակչության, քաղաքացիական ենթակառուցվածքների դիտավորյալ թիրախավորմամբ, սեփական հսկողության տակ հայտնված հայ ռազմագերիների նկատմամբ անմարդկային վերաբերմունքով և դաժան սպանություններով, մշակութային, կրոնական և պատմական կոթողների շարունակական և դիտավորյալ հրթիռակոծմամբ։

Գնահատելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ջանքները կրակի դադարեցման ուղղությամբ՝ Զոհրաբ Մնացականյանն անթույլատրելի է համարել Ադրբեջանի կողմից կրակի դադարեցման ՌԴ և Ֆրանսիայի միջնորդությամբ ձեռքբերված համապատասխանաբար հոկտեմբերի 10-ի և հոկտեմբերի 17-ի պայմանավորվածությունների բացահայտ չկատարումը։

Այս համատեքստում նախարար Մնացականյանն իր խորը մտահոգությունն է հայտնել նաև տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին Թուրքիայի բացասական ներգրավվածության առնչությամբ` ընդգծելով, որ վերջինիս ապակայունացնող գործելաոճը աղետալի հետևանքներ կունենա տարածաշրջանային խաղաղության և կայունության համար։

Զրուցակիցները երկուստեք ընդգծել են կրակի դադարեցման վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման անհրաժեշտությունը։ Նախարար Մնացականյանը վերահաստատել է Հայաստանի դիրքորոշումը կայուն և կրակի դադարեցման վերիֆիկացվող ռեժիմի հաստատման անհրաժեշտության վերաբերյալ։

Հիշեցնենք, Հայաստանի և Ադրբեջանի միջև արդեն երկու անգամ համաձայնեցված մարդասիրական հրադադարը չի պահպանվում, ինչի համար կողմերը մեղադրում են միմյանց: Հայկական կողմը, այդուհանդերձ, քանիցս վերահաստատել է հրադադարը պահպանելու իր հանձնառությունը՝ շեշտելով, որ պատրաստ է հրադադարի ռեժիմի դիտարկման համաձայնեցված կարգավորումների կիրառմանը և վերիֆիկացիոն մեխանիզմների ներդրմանը, որոնցից ադրբեջանական կողմը խուսափում է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG