Մատչելիության հղումներ

«Լուսավոր Հայաստան»-ը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին առաջարկում է Արցախի օդային տարածքը հայտարարել ոչ թռիչքային գոտի


«Լուսավոր Հայաստան»-ի առաջնորդ Էդմոն Մարուքյանը և պատգամավոր Տարոն Սիմոնյանը ճեպազրույցի ժամանակ, արխիվ

Հայաստանի ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խորհրդարանական կուսակցությունը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին կոչ է անում Արցախի ամբողջ տարածքում հայտարարել ոչ թռիչքային գոտի՝ բոլոր տեսակի թռչող սարքերի համար: Դա, ըստ կուսակցության, կկանխարգելի նոր ցեղասպանությունը և հումանիտար աղետը:

Իր հայտարարությունում նշելով, որ այսօր ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը` ի պատասխան Ռուսաստանի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի դիմումի, փակ քննարկում կանցկացնի Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի վերաբերյալ, կուսակցությունը շարունակում է. - «Ադրբեջանի զինված ուժերը՝ Թուրքիայի զինված ուժերի, վարձկանների և ահաբեկչական խմբավորումների հետ հանցավոր համագործակցությամբ, արդեն 20 օրից ավել օդուժի և հարվածային անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ թիրախավորում են Արցախի (Լեռնային Ղարաբաղի Հանրապետության) քաղաքացիական բնակչությանը, քաղաքացիական օբյեկտները, օգտագործում միջազգային իրավունքով արգելված զինատեսակներ, ինչպես նաև սպանում (այդ թվում՝ գլխատման միջոցով) ռազմագերիներին, կատարում այլ պատերազմական հանցագործություններ և իրականացնում Արցախի (Լեռնային Ղարաբաղի Հանրապետության) բնակչության էթնիկ զտում։ Այս գործողությունների արդյունքում իրական է դարձել վտանգը, որ նոր ցեղասպանություն կիրագործվի ցեղասպանության արհավիրքը վերապրած ազգի դեմ»։

Արցախի ամբողջ օդային տարածքում ոչ թռիչքային գոտի հայտարարելը և բոլոր միջոցներով պարտադրելը, համոզված է «Լուսավոր Հայաստան»-ը, «հնարավորություն կտա կանխել պատերազմական հանցագործությունների հետագա ընթացքը և բացառել հումանիտար աղետի հետևանքները»։

Կուսակցությունը կոչ է անում ԵԱԿՀ Մինսկի խմբի համանախագահ երկրներին՝ Ռուսաստանն, Ֆրանսիային և ԱՄՆ֊ին, աջակցել այս առաջարկության ընդունմանը, իրականացմանն ու պարտադրմանը։

«Դիմում ենք ՀՀ արտաքին գործերի նախարարին և ՄԱԿ-ում ՀՀ ներկայացուցչին, որպեսզի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում ներկայացվի Արցախի տարածքում ոչ թռիչքային գոտի հայտարարելու առաջարկությունը», - ասված է հայտարարությունում:

XS
SM
MD
LG