Մատչելիության հղումներ

Աշխարհի տարբեր երկրներում հայերը բողոքի ցույցեր են կազմակերպում՝ ընդդեմ Ադրբեջանի և Թուրքիայի


Ամերիկահայերի ցույցը CNN-ի գրասենյակի մոտ

Աշխարհի տարբեր երկրներում ապրող հայերը շարունակում են բազմամարդ բողոքի ակցիաներ կազմակերպել՝ ընդդեմ Ադրբեջանի և Թուրքիայի։

Թեև այսօր Եվրոպական խորհրդարանում պատգամավորների ճնշող մեծամասնությունը դատապարտել է Թուրքիային ու Ադրբեջանին, այդուհանդերձ Բելգիայից և հարևան երկրներից Բրյուսել հասած հազարավոր հայերը Եվրամիությունից ավելին էին պահանջում՝ պատժամիջոցներ այդ երկու դաշնակիցների նկատմամբ։ Հայերը շուրջ երկու ժամ փակ են պահել Եվրախորհրդարանի հարակից փողոցներից մեկը:

«Հենց նոր տեղեկացանք, որ այսօր ոչ մի վերջնական բանաձև չի ընդունվի, ցավոք: Ցուցարարները մինչև ժամը 11-ը, ինչպես պայմանավորվել էինք ոստիկանության հետ, գտնվում էին վայրում, որտեղ պետք է անցկացվեր բողոքի ցույցը, հետո տեղափոխվեցին կենտրոնական հրապարակ, և կենտրոնական հրապարակին հարող բոլոր փողոցները կաթվածահար արվեցին», - ասաց Բելգիայի հայկական կոմիտեի մամուլի և հաղորդակցության պատասխանատու Շահնուր Մինասյանը:

Դեպի դեսպանատներ, նախարարություններ ու եվրոպական այլ կառույցներ տանող ճանապարհը երկու ժամ շարունակ փակ պահած հայերի ցույցը ցրվել է, երբ ոստիկանությունն ուժեր է կենտրոնացրել տեղում և գործի դնելով ջրցան մեքենան՝ վերականգնել կաթվածահար եղած երթևեկությունը:

Հայերը փողոցներ էին փակել նաև Միացյալ նահանգների տարբեր քաղաքներում։ Օրինակ՝ երկու օր CNN հեռուստաընկերության շենքի առջև բողոքի ակցիաներից հետո, Լոս Անջելեսի հայերն այսօր էլ Los Angeles Times պարբերականի խմբագրության առջև էին հավաքվել:

Ինչպես CNN-ի, այնպես էլ այս լրատվամիջոցի լուսաբանումն ամերիկահայերին չի գոհացնում։ Պնդում են՝ օրեր շարունակ հայկական կողմը հայտարարում է, որ Ադրբեջանն ու Թուրքիան են հարձակվել Արցախի վրա, ռմբահարում նաև խաղաղ բնակչությանը, այնինչ այնպիսի խոշոր լրատվամիջոցներ, ինչպիսիք են CNN-ն ու հենց հայաշատ Լոս Անջելեսում գտնվող Los Angeles Times-ը, ամբողջությամբ չեն ներկայացնում դա։

Ցույցի մասնակիցներն ավարտեցին իրենց այսօրվա ակցիան՝ սպասելով Los Angeles Times-ի անդրադարձին։

Լոս Անջելեսի հայերը երեկ դադարեցրին CNN-ի առջև իրենց բողոքի ակցիան, բացեցին փակ ճանապարհները՝ հայտարարելով, որ իրենց ձայնը լսվել է ու ամերիկյան առաջատար լրատվամիջոցն օբյեկտիվ լուսաբանել է, թե ինչ է կատարվում Արցախում։ Ցույցի կազմակերպիչներից Քրիստինե Հալաջյանը հարթակից հայտարարեց՝ եթե չլինեին իրենց այս բողոքի ակցիաները, ապա ամերիկյան մի շարք լրատվամիջոցներ այդպես էլ չէին անդրադառնա Արցախում տիրող իրավիճակին։

Հալաջյանը հայտարարեց՝ վաղվանից սկսվում են բողոքի ակցիաներ նաև Սան Դիեգոյում, Սան Ֆրանցիսկոյում, Նյու Յորքում և այլ քաղաքներում։ Իրենք էլ բողոքի մեծ ակցիա կիրականացնեն նաև Վաշինգտոնում՝ Սպիտակ տան հարակից տարածքում, պատրաստվում են երեք ժամով փակել տեղի բանուկ փողոցներից մեկը:

Գերմանահայերն էլ Բեռլինում էին խաղաղ ցույցով ոտքի ելել ու կրկին նույն պահանջով՝ դատապարտել Ադրբեջանի և Թուրքիայի ագրեսիան Լեռնային Ղարաբաղի դեմ: Իտալիայի Հայերի Միության նախագահ Պայքար Սվազլեանը կոչով դիմում է Իտալիային՝ մենակ չթողնել Արցախին ու դատապարտել նաև խաղաղ բնակչությանը թիրախավորող Ադրբեջանին:

«Անկարելի է այդպես ընդհանրացնել հարցը և ասել, որ երկու պետությունները պետք է խաղաղության հաստատեն, պետք է հստակեցնել, թե ով եղավ առաջին հարձակվողը, ով եղավ մեր վրա զենք ու արյուն թափողը», - ասաց նա:

Ֆրանսիայի մի քանի քաղաքներում նույնպես հայերը ճանապարհներ են փակել, բազմամարդ ցույցեր են եղել նաև Ամստերդամում, Լեհաստանում և այլ երկրներում:

XS
SM
MD
LG