Մատչելիության հղումներ

Երևանում դիվանագիտական հաղթանակ են համարում Փոմփեոյի հայտարարությունները


Միացյալ Նահանգների պետքարտուղար Մայք Փոմփեո

Միացյալ Նահանգների պետքարտուղար Մայք Փոմփեոյի հայտարարությունները Երևանում դիվանագիտական հաղթանակ են համարում, Բաքվում՝ քննադատում։

Միացյալ Նահանգների պետքարտուղար Մայք Փոմփեոյի հայտարարությունները Երևանում դիվանագիտական հաղթանակ են համարում, Բաքվում՝ քննադատում։

Ամերիկյան հաղորդումներից մեկի ժամանակ Պետքարտուղար Մայք Փոմփեոն հույս է հայտնել, որ հայերը կկարողանան դիմակայել «այն ամենին, ինչ ադրբեջանցիներն են անում»։ Շատ վտանգավոր որակելով Հայաստանում ու Ադրբեջանում տեղի ունեցողը՝ Միացյալ Նահանգների պետքարտուղարը նաև քննադատել է Թուրքիային Ադրբեջանին աջակցելու համար։

«Հիմա մենք ունենք Թուրքիա, որը միջամտել է և ռեսուրսներ է տրամադրել Ադրբեջանին` մեծացնելով վտանգը ու թեժացնելով Ղարաբաղի համար մղվող պատմական կռիվը, Լեռնային Ղարաբաղի, որը փոքրիկ մի վայր է` մոտ 150 հազար բնակչությամբ։ Այս հակամարտությունը պետք է լուծվի բանակցությունների և խաղաղության շուրջ քննարկումների միջոցով, ոչ թե ռազմական ճանապարհով, և հատկապես ոչ թե երրորդ երկրի գալով ու իր ռազմական հնարավորությունները ապահովելով, ինչն ինքնին նշանակում է իրավիճակին է՛լ ավելի թեժացնել։ Մենք հույս ունենք, որ հայերը կկարողանան դիմակայել այն ամենին, ինչ ադրբեջանցիներն են անում։ Եվ նրանք բոլորը, նախքան խաղաղության շուրջ քննարկումները, կկարողանան ճիշտ իրականացնել հրադադարը, հետո նստել սեղանի շուրջ և իրենց հարցերը պարզել», - Պետքարտուղարության կայքի փոխանցմամբ, հայտարարել է Փոմփեոն։

Բաքուն ժամեր անց արձագանքեց՝ կարծիք հայտնելով, որ ԱՄՆ պետքարտուղարի դիտարկումները չեն համապատասխանում հակամարտության վերաբերյալ ԱՄՆ կառավարության արած բազմաթիվ պաշտոնական հայտարարություններին:

«Այդ դիտարկումները չեն համապատասխանում նաև ԱՄՆ կարգավիճակին՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներից մեկը», - նշված է Ադրբեջանի արտգործնախարարության պաշտոնական հայտարարության մեջ։

Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը դրականորեն զարմացած է նախընտրական Վաշինգտոնից հնչած հայտարարությամբ. – «Սա ևս մեկ դիվանագիտական հաղթանակ է, որը որ մենք ունեցանք, որը որ հետագայում, նաև այսօր մեզ բավականին օգնելու է ճնշում գործադրել Թուրքիայի և Ադրբեջանի վրա»։

Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանի կարծիքով, ԱՄՆ-ի պետքարտուղարը իր հայտարարության մեջ բացահայտ խոսում է Ադրբեջանին Թուրքիայի աջակցության մասին, նաև՝ որ այս պատերազմում Ադրբեջանն է նախահարձակ եղել։

Այնուհանդերձ, Բադալյանը Փոմփեոյի ձևակերպումները «հակասական» է որակում. – «Կարող ենք ցինիզմից մինչև քաղաքական լուրջ տեղատակեր պարունակող հայտարարության որակում և գնահատական տալ։ Ես չեմ կարծում, որ Միացյալ Նահանգների պետքարտուղարը կարող էր այդ աստիճան անհամարժեք արձագանք տալ իրավիճակին, և ենթադրում եմ, որ Միացյալ Նահանգները որոշակի քաղաքական ակնարկներ արդյուհանդերձ այդ հայտարարության տողատակում դնում են։ Գուցե այն, որ Նահանգները տեսնում են, որ Ռուսաստանի և Թուրքիայի միջև կարող է լինել համաձայնություն, որտեղ ամենևին շահեկան պայմաններ չեն հայկական կողմի համար։ Եվ գուցե հենց դրան դիմադրելու վճռականության մասին է խոսում Փոմփեոն։ Ամբողջ հարցը էստեղ հետևյալն է․ Միացյալ Նահանգները որքանո՞վ իսկապես կգործադրի իր կարողությունը Թուրքիայի զսպելու և ահաբեկիչներով հանդերձ էս ռեգիոնից հետ քաշելու հարցում»։

Հայաստանի վարչապետը շվեյցարական RTS հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Վաշինգտոնին ու Փարիզին կոչ է արել աջակցել Ղարաբաղյան համամարտության կարգավորման Մոսկվայի ջանքերին․ - «Կարծում եմ, Ռուսաստանն ավելի մեծ դեր ունի, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կայունությունը և խաղաղությունը վերականգնելու գործում, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր: Շատ կարևոր եմ համարում, քանի որ Ռուսաստանը մեր տարածաշրջանին ամենամոտիկ և ներկա համանախագահն է, մյուս համանախագահները՝ Ամերիկայի Միացյալ Նահանգները, Ֆրանսիան և ընդհանրապես միջազգային հանրությունը աջակցի և քաջալերի Ռուսաստանին այդպիսի կայունացնող ջանքեր գործադրելու ճանապարհին»:

Վարչապետի հայտարարությունը, կարծում է Բադալյանը, տողատակ ուներ՝ առավելապես Միացյալ Նահանգներին ուղղված, անկհայտ է, որ այսօր Ռուսաստանը չունի Թուրքային քաղաքական զսպման ենթարկելու բավարար լծակներ․ - «Թուրքիան արդեն կլանել է Ադրբեջանը և հիմա փորձում է այդ դիրքից պատերազմը սանձազերծելով, ահաբեկիչներ բերելով ռեգիոն՝ է՛լ ավելի խիստ պայմաններ թելադրել Ռուսաստանին, առնվազն հավասար դեր ունենալ ռեգիոնալ հարցերում։ Եվ էստեղ ակնհայտ է, որ Ռուսաստանը արդյունավետ հակադրվել կարող է՝ իհարկե Մինսկի խմբի մյուս երկու համանախագահների և առավել ևս Միացյալ Նահանգների աջակցությամբ։ Որովհետև Նահանգներն են որ տիրապետում են Թուրքիային այսօր քաղաքական զսպման ենթարկելու էական լծակների։ Նաև այս տողատակն է վարչապետի հայտարարության մեջ»։

XS
SM
MD
LG