Մատչելիության հղումներ

«Իմ խաղալիքները էնտեղ ա, բայց Երևան չեմ բերել, որովհետև էսա շուտով կվերջանա»


Արցախ - Հրթիռակոծված Ստեփանակերտը, հոկտեմբեր, 2020թ.
Արցախ - Հրթիռակոծված Ստեփանակերտը, հոկտեմբեր, 2020թ.

Նանար Հարությունյանը հրթիռակոծված Ստեփանակերտի կադրերում տեսել է իրենց վնասված տունը, այն դեռ կանգուն է: Սպասում է Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների ավարտին, որ իր և եղբոր երեխաների հետ Ստեփանակերտ վերադառնա։

«Չգիտեմ ոնց ա լինելու այս ամեն ինչի վերջը, բայց հույս ունենք, որ կպրծնի, ամեն ինչը լավ կլինի, ամեն մարդ կգնա իրա տունը», - «Ազատության» հետ զրույցում ասաց կինը:

Երկու երեխաների մայրն ասում է՝ 90-ականների պատմության կրկնությունն անսպասելի էր. - «Էն որ սենց էլ մարդիկ խոսում էին՝ բայց կարող ա՞ էդ ամեն ինչը կրկնվի, կրկնվի, վաբշե չէինք պատկերացնում, էլի՝ չէ, ի՞նչ եք ասում, ստեղ պիտի ապրենք, բան, ստեղ ոչ մի բան չի լինելու: Էն որ սենց, չգիտեմ, ինչ-որ սենց մի հատ կայծակ, էլի, անսպասելի մի հատ կայծակ»:

Ղարաբաղում պատերազմի մեկնարկի նախորդ օրը՝ սեպտեմբերի 26-ին Ստեփանակերտի օրն էին նշում, Նանարի ընտանիքը լավ օր էր անցկացրել: Հաջորդ առավոտյան ամեն ինչ փոխվեց: Սկզբից երեխաներին ուղարկեցին Երևան՝ բարեկամների մոտ, հետո էլ ինքը եկավ: Նանարի ամուսինն այժմ ռազմաճակատում է։

Երեխաները պայթյունների ձայներից շատ են վախեցել, հատկապես աղջիկը՝ Լուսինան: Մոր խոսքով՝ անգամ հիմա երբ 5-ամյա դուստրն ինքնաթիռի ձայն է լսում, իրեն հարցնում է՝ «մամ, կարող ա՞ էստեղ են հասել»: «Մտածել էի, որ մեր տունը կխփեին, մեր բակը կխփեին, ես էդպես մտածեցի, որ մեր տունը կթխեին: Ես ամենաշատը սիրում եմ իմ Ղարաբաղը», - ասաց Լուսինան: Փոքրիկն իրենց տունն է ուզում, ասում է՝ Երևանում ոչինչ չունի. - «Ղարաբաղում մենք մենակ տուն ունենք, իմ խաղալիքները էնտեղ ա, բայց ես Երևան ոչ մի բան չեմ բերել, որովհետև էսա շուտով կվերջանա»:

Լուսինան վերջին անգամ երեկ է խոսել հայրիկի հետ, ասել է, որ շատ է կարոտել։

Լուսինայի եղբայրը՝ Լևոնը հիշում է սեպտեմբերի 27-ի չարաբաստիկ առավոտը. - «Քնած էինք, իմ մայրիկը և հայրիկը իրենց սենյակում, հետո լսում էինք ձայներ, հայրիկս եկավ ինձ արթնացրեց, մայրիկս էլ՝ իմ քույրիկին, և ասեցին, որ գնանք դռան մոտ սպասենք: Հայրիկս միշտ ասում էր՝ այնտեղ սպասեք, որ պատուհանից չխփեն մեզ»:

Լուսինայի ու Լևոնի զարմիկ Սլավան էլ պատմում է, որ այստեղ արդեն դպրոց են ընդունվել, հասցրել են նոր ընկերներ ձեռք բերել: «Հա, լավն ա Երևանը, բայց ես ուզում եմ շուտ գնամ Ստեփանակերտ, կարոտում եմ իմ տունը», - ասում է տղան:

Նանարը իր և եղբոր երեխաներին չի ասել, թե իրականում որտեղ են նրանց հայրիկները: «Պապան հագել ա զինվորի շորերը և գնացել ա գործի», - ասում է փոքրիկը:

Նանարի ամուսինը խոստացել է վերադառնալ, երեխաներն էլ իրենց երևանցի նոր ընկերներին հրավիրել են Արցախ՝ պատերազմից հետո միասին ժամանակ անցկացնելու:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG