Մատչելիության հղումներ

Ստեփանակերտում ռեստորան բացած սիրիահայ ընտանիքն անվճար կերակրում է բոլորին, սնունդ է հասցնում ապաստարաններ


Ստեփանակերտում երկու տարի առաջ «Սամրա» ընտանեկան ռեստորանը բացած սիրիահայ Ասմարյանները իրենց փոքրիկ ռեստորանում այժմ կերակրում են Արցախ եկած յուրաքանչյուրին ու դռների չեն փակում անգամ ամենաթեժ հրթիռակոծության ժամանակ։

Տիկին Իզաբելն ասում է, որ միայն իրենց ճաշացանկն է մի քիչ փոխվել․ - «Գազ չունենք, երբեմն հոսանք էլ չի ստացվում, ինչը որ շուտ կարող ենք պատրաստել, դա ենք անում»։

Ասում է, որ իրենց մոտ շատերն են գալիս, ինքն է տանում․ - «Թաքստոցներում որ ընտանիքներ կան, խմբեր կան, 30 հոգի, 50 հոգի, նրանց համար եմ տանում։ Սուպ տանելը շատ դժվար ա լինում, թափելով տանում ենք, բայց ոչինչ, նպատակին հասնում ա»։

Ասմարյանները Սիրիայից Արցած են տեղափոխվել 2012 թվականին։ Ստեփանակերտում ռեստորանը բացել են 2018-ին։ Ասում են, որ մարդիկ ջերմ են, հողը բերրի, այնպես որ Արցախին այլընտրանք գտնելու մասին անգամ չեն մտածել։ Խաղաղ բնակչության թիրախավորման հանգամանքը ստիպեց Արցախից ճանապարհել երեք անչափահաս երեխաներին, բայց ամուսինները մնում են, որպեսզի եկողի համար իրենց դուռը բաց մնա։

«Գիտեք, եթե փող պիտի վերցնեինք, մենք կարող էինք հիմա մի ուրիշ տեղ գնալ, աշխատել։ Բայց վերջ ի վերջո նպատակը պատերազմին մասնակցելն է՝ ամեն մեկը իր կարելիությամբ։ Եթե փող պիտի վերցնեինք, հավատացեք, որ այս տասը օրվա մեջ մենք կարող էինք փող անել էնքան, որքան որ տասը տարվա մեջ չէինք էլ արել։ Գոնե ես իմ ընտանիքին վայել բան չէի նկատել, որ առիթը օգտագործեմ պատերազմի, երբ տղերքը կզոհվին, ես փող սարքեմ։ Անշուշտ, բոլորն իրենց հերթին չեն խնայում։ Եկողը իր կարելիության համապատասխան կամ հաց կբերե, կամ ձեթ կբերե, միշտ կհարցնեն, թե ինչ պետք է», - ասաց Հովիկ Ասմարյանը։

Մի քանի ամիս առաջ Ստեփանակերտ տեղափոխված Արցախի հանրային ռադիոյի ղեկավար Անի Մինասյանի վարձակալած բնակարանը ապաստարան չուներ։ «Ազատության» հետ զրույցում Մինասյանն ասաց, որ Ասմարյաններն այդ մասին իմանալուց հետո իրեն ուղղակի ստիպել են տեղափոխվել իրենց մոտ։ Նրա խոսքով, ապրում են մի տան պես ու մեկ կանոնով՝ օգնում են ինչով կարող են․ - «Էստեղ էլ որ ինչ-որ մի բան լինում ա, ես, օրինակ, մարդկանց համար սեղան եմ գցում, օգնում․․․ Ու բոլորն են էդ անում, ովքեր շրջապատում հայտնվում են։ Երեկ, օրինակ, ապրանքներ ենք էլի բաժանել, ապաստարաններով ենք անցել։ Դրանից մի քանի օր առաջ ռադիոներ էինք բաժանում»։

Անի Մինասյանը նկատեց, որ պատերազմը բարձրացրել է ռադիոյի դերն ու նշանակությունը Արցախում․ - «Մեզ առաջնագծից զանգում են ու խնդրում, որ ռադիոյի ձայնը չանջատվի»։

Տիկին Իզաբելն ասում է, որ իրենք արտասովոր ոչինչ չեն անում, հերոսները սահմանին կանգնած զինվորներն ու նրանց սպասող մայրերն են։

Նա վստահ է, որ հաղթանակը մերն է լինելու․ - «Պիտի վերջանա, և հաղթությամբ պիտի վերջանա։ Միանշանակ, առանց կասկածի։ Միայն ես ուզում եմ, որ բոլորը․․․ մարդ ենք, պահի տակ հիասթափվում ենք․․․ բայց ես հավատում եմ աստվածային արդարությանը։ Միանշանակ հաղթելու ենք»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG