ԵՄ-ն, այլ երկրներ, քաղաքական գործիչներ, ՀԿ-ներ, իհարկե, Արևմուտքում իրենց անհանգստությունն են արտահայտում, բայց իրականում ի՞նչ են անում, ճանաչո՞ւմ են մարդու իրավունքների խախտումները Արցախում, իրենք տեսնո՞ւմ են, որ իրավունքներ են ոտնահարվում, «Ազատության» հետ զրույցում հարցապնդում է անում Լոնդոնի տնտեսագիտության և քաղաքական գիտությունների դպրոցի պրոֆեսոր Արմինե Իշխանյանը:
Զրույցից ներկայացնում ենք հատվածներ.
«Ազատություն» - Եկել է այն պահը, երբ Հայաստանն արդեն ընտրել է ժողովրդավարությունը, գնում է ժողովրդավարական ուղով, սակայն նույն ջանասիրությամբ մենք չենք տեսնում Արևմուտքի աջակցությունը այն իմաստով, որ այս ժողովրդավարությունը արևմտյան ժողովրդարական այլ երկրների ակումբը նույնպիսի ջանասիրությամբ չի աջակցում Հայաստանին այդ դժվարին, ծանր պահին: Ընդհանուր առմամբ մենք տեսնում ենք, որ Արևմուտքը հայտարարություններից զատ, ուրիշ բան չի անում: Եթե ես սխալվում եմ, խոսեք այս մասին:
Արմինե Իշխանյան - Այո, դա շատ մեծ խնդիր է, շատ կարևոր խնդիր է: Դրա մասին էլ այս վերջերս գրեցի` նշելով Մարթին Լյութեր Քինգի հայտնի խոսքերը, որ նա ասում է, որ «մենք վերջում ոչ թե կհիշենք մեր թշնամիների խոսքերը, այլ մեր ընկերների լռությունը, որ չեն խոսում», և սա շատ մեծ հարց է, որովհետև իհարկե, Եվրամիությունը, այլ երկրների քաղաքական գործիչներ, թեկուզ հասարակական կազմակերպություններ Արևմուտքում անհանգստություն են արտահայտում, բայց իրոք իրական ի՞նչ են անում: Իրենք ճանաչո՞ւմ են մարդու իրավունքների խախտումները Ղարաբաղում, իրենք տեսնո՞ւմ են, թե ինչ է լինում, ի՞նչ իրավունքներ են ոտնահարվում: Հարց է բարձրացվում` այն բնակիչները, այն քաղաքացիները, որ ապրում են Արցախում, մի՞թե իրենք մարդու իրավունքների արժանի չեն, որ միջազգային հասարակությունը չի արձագանքում: Եվ, իհարկե, այդ պատճառով սփյուռքահայերը տարբեր երկրներում, բայց կնշեի Լոս Անջելեսը, Կալոֆորնիայի համայնքը, որ իրենք պատեպատ են իրենց տալիս, արդեն քանիերորդ անգամն է, որ free way-ները փակում են, որ ուշադրություն գրավեն տեղացի ժողովրդի և տեղական մեդիայի, որ ուշադիր եղեք` ինչ է կատարվում:
Իհարկե, ես` որպես այս ասպարեզը ուսումնասիրած, ցավոք սրտի, այդքան էլ չեմ զարմանում, որովհետև եթե մենք նայենք 25 տարի, 26 տարի առաջվա Ռուանդայի ցեղասպանությանը, այդ պահին նորից միջազգային հասարակությունը, երկրները չէին անդրադառնում, ինչ որ պետք էր արվեր, չէին անում այդ պահին, և 25 տարի հետո սկսեցին նշել, որ վայ, մենք այս սխալներն արեցինք, այս բացթողումներն ունեցանք և այլն: Բայց այսօրվա քայլերը կրկնում են նույն այդ մոտեցումը, որ իրենք չեն անդրադառնում, իրենք չեն ըմբռնում իրական վտանգը, ինչ որ սպառնում է հայ ժողովրդին, նամանավանդ Արցախի ժողովրդին: Դա ցավալի է: Ես նորից եմ ասում` շատ կարևոր է, որ մենք աշխատենք բոլոր ասպարեզներում, և սփյուռքի հայությունն այս ուղղությամբ շատ կարևոր աշխատանք պետք է մղի, որ ուշադրություն դարձնեն այս կազմակերպությունները և իհարկե քաղաքական գործիչները, բայց մենք նաև ապրում ենք մի աշխարհում, որտեղ ուժն է գերակայում, և մեր ձայներն, իհարկե, այդքան էլ չեն լսվում, և մեր կարծիքների հետ այդքան էլ հաշվի չեն նստում:
Ամբողջությամբ կարող եք դիտել ստորև.