Մատչելիության հղումներ

Ֆրանսիան Թուրքիայից պահանջում է հարգել հրադադարը Ղարաբաղում


Ֆրանսիայի և Գերմանիայի արտաքին գործերի նախարարներ Ժան Իվ Լը Դրիանը և Հայկո Մաասը, արխիվ, Փարիզ, 19 հունիսի, 2019թ.
Ֆրանսիայի և Գերմանիայի արտաքին գործերի նախարարներ Ժան Իվ Լը Դրիանը և Հայկո Մաասը, արխիվ, Փարիզ, 19 հունիսի, 2019թ.

Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ, Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան Իվ Լը Դրիանը դատապարտել է Թուրքիայի դերակատարությունը Լեռնային Ղարաբաղի ռազմական հակամարտությունում: Նախարարի փոխանցմամբ` տեղի հայության դեմ պայքարում Թուրքիան սատարում է Ադրբեջանին:

«Չի լինի այս կոնֆլիկտում ռազմական հաղթանակ, հրադադարն անհրաժեշտ է պահպանել, բայց Թուրքիան միակ երկիրն է, որը չի ցանկանում հարգել հրադադարը, և դա շատ մեծ վնաս է հասցնում»,- ասել է Ժան Իվ Լը Դրիանը:

Ֆրանսիայի արտաքին գերատեսչության ղեկավարն այդ մասին հայտարարել է Փարիզում իր գերմանացի և լեհ պաշտոնակիցներ Հայկո Մաասի և Զբիգնև Ռաուի հետ համատեղ հանդիպումից հետո:

Հանդիպման օրակարգում Ռուսաստանի հետ հարաբերությունների, Բելառուսում ստեղծված իրավիճակի և Լեռնային Ղարաբաղի ռազմական հակամարտության թեմաներն էին: Ֆրանսիայի, Գերմանիայի և Լեհաստանի միջև քննարկումների այդ ձևաչափը հայտնի է որպես «Վեյմարյան եռյակ»:

Ֆրանսիան և Գերմանիան այդ հանդիպման ընթացքում Թուրքիային դատապարտել են նաև Եվրոպական միությանը Միջերկրականում սադրելու համար:

Եվրամիությունն Անկարայից պահանջել է դադարեցնել ծովի վիճահարույց հատվածում բնական գազի որոնման և արդյունահանման ծրագիրը, սակայն թուրքերը երեկ նորից մի նավ են ուղարկել շրջան, որը միջազգային իրավունքի տեսակետից պատկանում է Հունաստանին և Կիպրոսին:

XS
SM
MD
LG