Մատչելիության հղումներ

ՀԱՊԿ-ն «ակտիվորեն քննարկում է» Ղարաբաղում խաղաղապահ առաքելության հարցը


ՀԱՊԿ գագաթնաժողովի մասնակիցները, Բիշքեկ, 28-ը նոյեմբերի, 2019թ.

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասն այսօր Մինսկում հանդիպել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ և քննարկել է դեկտեմբերի 2-ին Մոսկվայում նախատեսված ՀԱՊԿ գագաթնաժողովի խնդիրը:

Զասի խոսքով՝ անդրադարձ է եղել ՀԱՊԿ տարածքում ստեղծված իրավիճակին, որը սրվել է Լեռնային Ղարաբաղի, Ղրղըզստանի և Բելառուսի զարգացումների հետևանքով:

«Ակտիվորեն քննարկվում է Ղարաբաղում խաղաղապահ առաքելության հարցը», - նշել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը:

Զասի փոխանցմամբ՝ մոսկովյան գագաթնաժողովի օրակարգն արդեն կազմված է, այն շատ հագեցած է լինելու, և հիմա կողմերը դրա առանձին դրույթներն են համաձայնեցնում:

ՀԱՊԿ անդամներն են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղըզստանը և Տաջիկստանը:

Ստանիսլավ Զասը հույս է հայտնել, որ մոսկովյան գագաթնաժողովը կգումարվի ոչ թե հեռավար, այլ ՀԱՊԿ երկրների ղեկավարների անմիջական մասնակցության ձևաչափով:

«Այդպես ճիշտ կլիներ՝ հաշվի առնելով այն բարդ իրավիճակը, որը ստեղծվել է գագաթնաժողովին ընդառաջ»,- ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG