Մատչելիության հղումներ

Գիշերը Ստեփանակերտում հանգիստ է եղել


Ռմբակոծված թաղամաս Ստեփանակերտում, 11-ը հոկտեմբերի, 2020
Ռմբակոծված թաղամաս Ստեփանակերտում, 11-ը հոկտեմբերի, 2020

Գիշերն Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում հանգիստ է եղել, քաղաքը չի հրթիռակոծվել, հրետանային կրակ չի եղել։ Սակայն առաջնագծում խաղաղություն չկա։

Երեկ Արցախի օմբուդսմեն Արտակ Բեգլարյանը տեղեկացրեց, որ քաղաքացիական բնակչությունը շարունակվում է թիրախի տակ մնալ․ Մարտունի, Հադրութ, Մարտակերտ քաղաքներն էին հրետակոծվել և քաղաքացիական ևս մեկ զոհ կա։ Այսպիսով 32 զոհ կա պատերազմի սկսվելուց՝ սեպտեմբորի 27-ից ի վեր։ Մարտակերտի էլեկտրոցանցում աշխատող աշխատկիցը պարզապես թիրախ էր դարձել։ Նաև թիրախավորվել էր Մարտակերտի զինվորական հոսպիտալը։

Ընդհանուր առմամբ առաջնագիծը շարունակում է մնալ խիստ լարված։ Հավանաբար սրանով է պայմանավորված, որ այսօր վաղ առավոտյան հրապարակվել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի նոր հրամանագիրը «Ռազմական դրության պայմաններումն սահմանափակումները խստացնելու մասին»։ Դրանով սահմանափակվում է Արցախի ներսում ազատ տեղաշարժը, նաև Արցախից դուրս գալու պայմաններն, այսինքն՝ Արցախից կարող են դուրս գալ կանայք և երեխաները, ինչպես նաև առողջական լուրջ խնդիրներ ունեցող անձինք, ովքեր շտապ, անհետաձգելի միջամտության կարիք ունեն։ Ստեղծվում է պարետատուն, որը պետք է հայտնաբերի զորահավաքային զորակոչից խուսափող անձանց, ստուգի մեքենաները, բնակարանները, փաստաթղթերը։

Հոկտեմբերի 10-ի ժամը 12-ից հրադադար հաստատելու համաձայնությունը ձեռք է բերվել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների՝ Մոսկվայում Ռուսաստանի արտգործնախարարի միջնորդությամբ կայացած բանակցությունների արդյունքում, որոնք մեկնարկեցին ուրբաթ օրը և շարունակվեցին շուրջ 11 ժամ՝ մինչև ուշ գիշեր:

Հրադադարը մարդասիրական նկատառումներով է՝ ռազմագերիների փոխանակման և զոհվածների աճյունների դուրսբերման համար: Ու չնայած այս պայմանավորվածությանը, և հայկական, և ադրբեջանական կողմերը միմյանց մեղադրում են հրադադարի ռեժիմը խախտելու մեջ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG