Մատչելիության հղումներ

Իսրայելի հայտնի մտավորականները կոչ են արել կառավարությանը դադարեցնել զենքի վաճառքն Ադրբեջանին


Հայ համայնքի ակցիան Իսրայելում, արխիվ

Իսրայելյան հասարակությունը միանշանակ չի վերաբերվում Ադրբեջանին զենքի մատակարարման կառավարության որոշումներին: Վերջին օրերին զուսպ ու չեզոք էր մամուլը, շատ լրատվամիջոցներ շտապեցին ողջունել հումանիտար հրադադարի հաստատման հայտարարությունները: Ցանկացած, նույնիսկ ադրբեջանամետ հոդվածների տակ հրեա օգտատերերը, չհամաձայնելով հոդվածի բովանդակության ու ադրբեջանամետ կարծիքների հետ, գրում էին, որ «բացարձակ անթույլատրելի է զենքի վաճառքն իսլամիստներին ու մասնավորաբար նրանց ջատագով Թուրքիային»:

Համատարած լոքդաունի պատճառով երկրում տնտեսական ու քաղաքական ճգնաժամը և օրեցօր ավելացող դժգոհությունը Նեթանյահուի կառավարության դեմ արդեն գրեթե վերածվել է այսպես կոչված` սև դրոշների մասսայական բողոքի ցույցերի կառավարության ու կորոնավիրուսի դեմ պայքարի պետական մարմնի դեմ: Միաժամանակ Եբրայական համալսարանի նախկին ու ներկայիս պրոֆեսորներ ու հայտնի մտավորականներ իրենց բողոքի ձայնը բարձրացրեցին կառավարության դեմ: Բաց նամակի ներածականում հրեա մտավորականներն իրենց դժգոհությունն են հայտնում թուրք –ադրբեջանական ագրեսիայի դեմ, նամակի երկրորդ մասը վերաբերում է Իսրայելին.

«Արտահայտում ենք մեր խոր մտահոգությունը վերջին տարիներին Իսրայելի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու կապակցությամբ, զենք, որը հանդիսանում է այդ երկրի զանգվածային սպառազինության զգալի մասը: Մենք կոչ ենք անում Իսրայելի կառավարությանը անհապաղ դադարեցնել զենքի վաճառքն Ադրբեջանին մինչև կառավարության և Կնեսետի կողմից այս հարցի քննարկումը:

Զենքի վաճառքի ռեալ պոլիտիկ ապագա շահերը, ինչպես արտացոլված է այստեղ, չեն կարող լինել արտաքին քաղաքականության միակ գործոնը: Բնականաբար, հարց է ծագում Իսրայելի դերի սպառազինության սրված գործընթացի հետ կապվա`, ուղղված հիմնականում այն ժողովրդի դեմ, որը հրեա ժողովրդի նման քսաներորդ դարում ենթարկվեց ցեղասպանական հարձակումների: Մենք կոչ ենք անում իսրայելցիներին բարձրաձայնել իրենց ձայնը այս կարևոր խնդրի շուրջ»:

«Գարգուլնետ» տեղեկատավական կայքին տրված հարցազրույցի ժամանակ հայտնի ցեղասպանագետ, Երուսաղեմի Հոլոքոստի ու ցեղասպանության ինստիտուտի համահիմնադիր, պրոֆեսոր Իսրայել Չարնին հարց է տալիս. - «Ենթադրենք, որ նացիստները ոչ թե հրեաներ էին սպանում, այլ սպանում էին «միայն», ասենք, սլավոններին, գնչուներին և Եհովայի վկաներին, և ենթադրենք, որ մեր սիրելի Իսրայել պետությունը գոյություն ուներ. Դուք համաձա՞յն եք նացիստներին զենք վաճառել», - իր հարցն Իսրայելի կառավարող շրջաններին է ուղղում հայտնի ցեղասպանագետը:

Նա իր նամակում նշում է, որ Բար Իլանի համալսարանի դասախոսները դեռ տարիներ առաջ Հայոց ցեղասպանությունն անվանում էին Հայոց շոահ` Հայկական ողջակիզում, ու հավելում. - «Արդեն երկար տարիներ մենք՝ իսրայելցիներս, անկախ լեյբորիստական կամ լիկուդյան կառավարությունների,վիրավորել և վիրավորում ենք հայ ժողովրդին՝ չճանաչելով նրա ցեղասպանությունը պաշտոնապես և ֆորմալ ձևով»:

Քննադատելով զենքի վաճառքը` նա նկատում է, որ իր հայ գործընկերների և ընկերների համար նա կարող է միայն փոխանցել, որ որպես հրեա և որպես իսրայելցի ընկճված է և բարկացած:

Իր բողոքի ձայնը բարձրացրել է նաև Հայաստանի հրեական համայնքն, որի ղեկավար Ռիմա Վարժապետյանը նամակ էր ուղարկել Իսրայելի նախագահին, վարչապետին ու Քնեսետի նախագահին՝ կոչ անելով դադարեցնել զենքի վաճառքն Ադրբեջանին ու նպաստել տարածաշրջանում խաղաղության հաստատմանը: Համայնքն իր վրդովմունքն էր հայտնել կառավարությանն Ադրբեջանին զենքի մատակարարումների հետ կապված, որի արդյունքում իսլամիստ ահաբեկիչների ձեռքում է հայտնվում հրեական զենքն, որը օգտագործվում է Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակիչների դեմ: Համայնքը դեռ պաշտոնական պատասխան չի ստացել Իսրայելից: «Ես համերաշխ եմ հայ ժողովրդի հետ ու վրդովված եմ նրանց հետ միասին ռազմական հակամարտության թեժ պահին Ադրբեջանին զենքի մատակարարման փաստերի հետ կապված», - «Ազատությանն» ասաց համայնքի նախագահը: Նա բազմաթիվ հեռախոսազանգեր է ստանում Իսրայելից, մարդիկ իրենց համերաշխությունն են հայտնում հայ ժողովրդին. - «Մենք աջակցում ենք Լեռնային Ղարաբաղի քաղաքացիների իրավունքն իրենց պատմական հայրենիքում ապրելու հետ կապված, ու այս հակամարտությունը պետք է լուծվի միայն խաղաղ ճանապարհով, և միջազգային հանրությունը պետք է ճնշում գործադրի Ադրբեջանի ու նրան զինող ու ահաբեկիչներ բերող Թուրքիայի նկատմամբ, - ասաց Վարժապետյանը, - Էրդողանի ոչ անհայտ հակաիսրայելյան հռետորաբանությունն, ինչպես նաև վարձկան-ահաբեկիչների ներկայությունն ադրբեջանական կողմում պետք է ահազանգ լինի Իսրայելի կառավարությանը քաղաքականության վերանայման համար»:

Ինչ վերաբերում է հայկական համայնքի աշխատանքներին, ապա տարբեր փուլերով` թե դրամահավաքի, թե բժշկական սարքավորումների ու դեղամիջոցների տեսքով արդեն ավելի քան 100 հազար դոլարի օգնություն է հատկացվել մոտ տասը հազար հաշվվող հայկական համայնքը, հանգանակությունները դեռ շարունակվում են, Համահայկական հիմնադրամին իր մասնակցությունն է ցուցաբերելու նաև Երուսաղեմի Հայոց պատրիարքարանը:

Երեկ մոմավառություն էին կազմակերպել Երուսաղեմի հայկական համայնքում հայ երիտասարդները, իսկ 4 օր առաջ էլ` հոկտեմբերի 7 -ին Հայ դատի հանձնախմբի նախաձեռնությամբ Իսրայելի վարչապետի երուսաղեմյան նստավայրի մուտքի մոտ ավելի քան երկու տասնյակ հայորդիներ բողոքի ցույց էին կազմակերպել: Covid-19-ի պատճառով թույլատրված են մինչև 20 հոգով ցույցերը:

ՀՄԸՄ-ի ատենապետ ու հանձնախմբի անդամ Հարութ Բաղամյանն էր նաև կառավարական նստավայրում պահանջում դադարեցնել զենքի վաճառքը. - «Մենք` որպես Իսրայելի ազգությամբ հայ քաղաքացիներ, կանգնած ենք կառավարության դիմաց` ի նշան բողոքի ու պահանջում ենք դադարեցնել ադրբեջանական դիկտատուրային զենքի վաճառքը», - ասաց իր խոսքում ատենապետը` հավելելով` այսօր Իսրայելի համար ավելի վտանգավոր է թուրքական վտանգը, քան իրանականը: Նա համեմատեց Թուրքիայի նախագահ Էրդողանին Հիտլերի հետ, որ «սպառնում է Իսրայելին» ու օրեր առաջ հայտարարել է, որ Երուսաղեմը թուրքական քաղաք է ու Թուրքիայի մաս է: Հյուսիսային Հայֆա քաղաքում էլ երկու շաբաթ առաջ էին հայերը բողոքի ակցիա կազմակերպել, իսկ ավելի մասսայական ցույց նախապատրաստվում է անցկացնել Թել Ավիվում կարանտինից հետո:

XS
SM
MD
LG