Մատչելիության հղումներ

Զինադադար կլինի միայն Արցախի համաձայնությամբ, համոզված է Հովհաննես Իգիթյանը


Ազգային ժողովի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի փոխնախագահ, «Իմ քայլը» խմբակցության անդամ Հովհաննես Իգիթյանն «Ազատության» հետ զրույցում անդրադառնում է Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի արտգործնախարարների խորհրդակցություններին Մոսկվայում:

Ստորև ներկայացնում ենք հատվածներ հարցազրույցից.

Հովհաննես Իգիթյան - Եթե վերցնենք նաև Մինսկի խմբի անդամ երկրների ղեկավարների հայտարարությունը, պարզ երևում է, որ փոխվել է իրենց վերաբերմունքը կոնֆլիկտին, և կոնֆլիկտի մեղավորն արդեն բացահայտ դուրս է գալիս իրենց հայտարարությունների մեջ: Եվ այստեղ պարզ է, որ Ադրբեջանը, կորցնելով նաև այսպես ասած` Թուրքիայի հետ քաղաքական առաջին օրերին ինչ-որ մի «իմիջ», այսօր ավելի մոտ կլինի այս համաձայնությունների ստորագրությանը: Իհարկե, հումանիտար կարևոր են շատ, բայց այստեղ խոսքը գնում է ոչ միայն հումանիտար զինադադարի մասին, այլ նաև հստակ խոսքը գնում է, որ Ադրբեջանը դադարի իր ագրեսիան` հաշվի առնելով, օրինակ, (ՌԴ) Արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովայի հայտարարությունը կամ Ռուսաստանի արտաքին հետախուզության ղեկավարի հայտարարությունը` կապված այն հանգամանքին, որ Թուրքիան այդտեղ բերում է վարձկաններ, ջիհադիստներ: Այսինքն` այս ընդհանուր մթնոլորտը չի կարող չազդել այս հանդիպման վրա:

«Ազատություն» - Պարոն Իգիթյան, միջազգային փորձագետներ, տեղացի պաշտոնյաներ ասում են, որ այդ անվտանգության գոտի ասվածը, հարակից շրջաններն այս օրերին ուղղակի ցույց տվեցին կենսունակությունը` մարդկային կյանքեր փրկելու առումով, հետևաբար այդ տարածքների շուրջ բանակցությունները պետք է մոռանալ, մի կողմ դնել Մադրիդյան, Կազանյան և այլ ձևաչափ:

Հովհաննես Իգիթյան- Բացի ամեն ինչից, Արցախի Հանրապետությունն ապացուցեց իր որպես պետություն լինելը: Երբ որ ասում ենք պետություն, պետությունն ունի իր անվտանգության համակարգը, և այդ համակարգի մեր տարածքն ու դիրքերն ունեն մեծ նշանակություն: Ինչպե՞ս կարող է մի տեղ զիջել մի բան, որը քո անվտանգության համակարգի հիմնական մասն է կազմում: Այս դեպքում պետք է նորից մի այլ մոդել գտնես անվտանգության, որն առայժմ աշխարհը չի առաջարկել` ո՛չ Մինսկի խումբը, ո՛չ առանձին երկրները, ո՛չ Ռուսաստանը, և այսօր խոսել ինչ-որ ոչ մի բանի համար կամ աբստրակտ բաների համար զիջումների մասին, դա ոչ միայն անիմաստ է, այլ նաև վտանգավոր:

«Ազատություն» - Չի առաջարկել միջազգային հանրությունը, բայց ինչ-ինչ շրջանակներ խոսել են խաղաղապահների, հատկապես ռուս խաղաղապահների մասին:

Հովհաննես Իգիթյան- Դե ինչո՞ւ ես դու խախտում անվտանգության գործող համակարգը` աբստրակտ մի գործոնի հետ կապված, որովհետև խաղաղարար ուժերը միշտ կարող են լինել որևէ քաղաքական ազդեցության տակ, այլ ինչ-որ երկրների, և ինչու չէ նաև այդ երկիրը ինչ-ինչ պատճառներով թեկուզ նաև ֆինանսական, էլ չեմ ասում քաղաքական, կարող է հանել այնտեղից, և այդ դեպքում Արցախը նորից մնում է այս ահռելի ագրեսիվ թշնամու դեմ:

«Ազատություն» - Պարոն Իգիթյան, վերջ-առաջ պատերազմի ավարտի համաձայնագիր կնքվելու է: Դա կարող է տեղի ունենալ առանց Լեռնային Ղարաբաղի` Երևանի և Բաքվի միջև:

Հովհաննես Իգիթյան- Զինադադար կլինի այն ժամանակ, երբ Արցախի պաշտպանության բանակը և Արցախի քաղաքական ղեկավարությունը համաձայն կլինեն: Դա միանշանակ է: Այս պատերազմը հենց հերթական պատերազմը չէ, այս պատերազմով Ադրբեջանն իրականացրեց իր պնդումը, որ հարցը հնարավոր է լուծել ռազմական ձևով, և առաջին անգամը չէ դա: Եվ ևս այս անգամ կխափանվի, բայց մենք չպետք է ամեն անգամ գերը լինենք Ադրբեջանի այս կամ այն ղեկավարի ագրեսիվ բնավորության կամ տրամադրության: Մենք նորից ենք հասկանում, որ այս զինադադարը կլինի այլ զինադադար, այս զինադադարը կլինի, ես այդպես եմ պատկերացնում, խաղաղության պայմանագրին մոտ մի փաստաթղթի ձևով` ի տարբերություն օրինակ` 1994 թվականի զինադադարի, ապա այս անգամ ինձ թվում է, որ Արցախի ժողովուրդը վաստակել է երկարատև խաղաղության և ինչու չէ անվտանգության և կարգավիճակի երաշխիքներ: Այս անգամ այն պլանկան, որ նրանք հենց սկզբից դրել են Թուրքիայի հետ, ըստ էության նրանք հայտարարել են, որ մեր նպատակը, մեր հաղթանակը լինելու է այն ժամանակ, երբ որ այս տարածքում ոչ մի հայ չի մնա: Անհնար է այս մեր հազարամյակների պատմության մեջ Ալիևից հարյուր անգամ ավելի հզոր և բարձր մարդիկ հայտարարում էին, որ հայերն այստեղ չպետք է լինեն, և չիրականացան, վերջին անգամ 105 տարի առաջ:

Ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ.

XS
SM
MD
LG