Մատչելիության հղումներ

Վճռաբեկ դատարանը վարույթ է ընդունել Քոչարյանին գրավով ազատ արձակելու որոշման դեմ դատախազության դիմումը


Վճռաբեկ դատարանը հոկտեմբերի 5-ի որոշմամբ վարույթ է ընդունել Մարտի1-ի գործով գլխավոր ամբաստանյալ, Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի փոփոխման վերաբերյալ Վերաքննիչ դատարանի որոշման դեմ գլխավոր դատախազի ներկայացրած վճռաբեկ բողոքը: Այս մասին «Ազատության» հարցմանն ի պատասխան հայտնեց գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:

Նշենք, որ հունիսի 18-ին Վերաքննիչ քրեական դատարանը մասնակի բավարարեց պաշտոնաթող նախագահի փաստաբանների դիմումը, և Ռոբերտ Քոչարյանը 2 միլիարդ դրամ գրավով ազատ արձակվեց:

Վճռաբեկ դատարանը վարույթ է ընդունել նաև Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների բողոքը։ Փաստաբանները վիճարկում են Վերաքննիչ քրեական դատարանի հունիսի 18-ի որոշման այն կետը, որտեղ նշվում է Քոչարյանի կողմից դատավարությանը մասնակցող անձանց վրա ազդեցություն գործադրելու ճանապարհով գործի քննությանը խոչընդոտելու հավանականության մասին։

XS
SM
MD
LG