Մատչելիության հղումներ

Սաքունցի խոսքով, զոհերի թիվ չհրապարակելը Ադրբեջանի անպատասխանատվության վկայությունն է սեփական քաղաքացիների նկատմամբ


Իրավապաշտպան Արթուր Սաքունց

Երևանցի Արտյոմ Մարգարյանը 10 օր որևէ տեղեկություն չուներ Ղարաբաղում այժմ ընթացող պատերազմին մասնակցող զինծառայող որդուց։ Վերջապես, երեկ նրանից հեռախոսազանգ է ստացել, հավաստիացել, որ ամեն ինչ լավ է, պարզապես այն հատվածում, որտեղ մասնակցել է ռազմական գործողություններին, որևէ կապի միջոց չի եղել։

Զինվորի հայրն «Ազատությանն» ասաց, որ անպատմելի դժվար օրեր է անցկացրել այդ ընթացքում, երբ որևէ տեղեկություն չունեին պատերազմի բերանին գտնվող որդու մասին։․ - «Բնական ա, թեժ գիծ զանգահարել, բնական ա, վիրավորների մեջ ման գալ, բնական ա, մորգերում ու անատոմիկներում զոհվածների մեջ ման գալ՝ հաստատ համոզված լինելով, որ պաշտոնական տեղեկատվության մեջ լինում են անճշտություններ, լինում են ուղղումներ, լինում են շտկումներ, սխալմունքներ»։

Սոցիալական ցանցերում բազմաթիվ հայտարարություններ են Արցախում ընթացող լայնածավալ ռազմական գործողություններին մասնակցող զինծառայողների մասին, որոնց հարազատները այս օրերին հնարավորություն չեն ունեցել կապ հաստատել և տեղեկություններ են փնտրում նրանց գտնվելու վայրի մասին։

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակն ի մի է բերում բոլոր նման ահազանգերը։ Գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցն ասում է՝ որոշ դեպքերում իրենց դիմելուց հետո հարազատներն արդեն տեղեկություններ են ստացել զինվորների մասին, բայց դեռևս մարտական թեժ կետերում գտնվող զինծառայողներից լուրեր չունեցողները շատ են․ - «Հեռախոսային կապը, գիտեք անվտանգության նկատառումներով հորդորումներ են լինում պարբերաբար, որ չօգտագործեն, որովհետև դա վտանգում է հենց այդ հեռախոսային կապը օգտագործողի կյանքը։ Երկրորդ տարբերակը․ որ իրապես կարող են վիրավոր լինել, գտնվում ա հոսպիտալում, բայց նրա հարազատը տեղյակ չի։ Մյուսը, իհարկե, որ կարող է ենթադրենք զոհված լինի, բայց դեռևս չի հայտնաբերված»։

Իրավապաշտպանական գրասենյակն արդեն 30 տարի զբաղվում է անհայտ կորած զինծառայողների խնդիրներով։ 90-ականների պատերազմից հետո դեռևս 213 զինվոր կա, որոնց ճակատագիրն ու գտնվելու վայրն այդպես էլ հնարավոր չի եղել պարզել։

Արթուր Սաքունցն ասում է, որ այն տարիներին դեռևս բավականաչափ փորձ չունեին և անհրաժեշտ գործիքներ չկային շատ տեղեկություններ ստանալու համար։ Այսօր իրավիճակն այլ է, հնարավորությունները՝ բազմաթիվ։ Համոզված է, որ գրեթե բոլորի մասին տեղեկություններ կգտնեն։ Պարզապես թեժ մարտական գործողությունների ընթացքում նման տեղեկությունները հաճախ հնարավոր չի լինում ձեռք բերել․ - «Սոցիալական ցանցերով տարածվում է, ամեն մեկը փնտրում է իր հարազատներին։ Սա չկարգավորված, չկանոնակարգված տեղեկատվական հոսք ա, դրա համար պետք է տեղեկատվական բազան ամփոփվի, որպեսզի մենք կարողանանք դա արդեն Պաշտպանության նախարարության խողովակներով․․․ Մանավանդ պատերազմական դրության պայմաններում կարող են էնպիսի տեղեկություններ լինել, որ, ասենք, առնչություն ունենա անվտանգության նկատառումների հետ։ Դրա համար էդ աշխատանքները պետք է կարգավորել։ Ինչքան ուշ հավաքես, էնքան ավելի դժվար ա լինելու էդ տվյալների ձեռք բերումը»։

Որոնման ծառայություններն ակտիվացրել են նաև Հայկական Կարմիր խաչն ու Կարմիր խաչի միջազգային կոմիտեն։ Արթուր Սաքունցն ասաց, որ իրենց տվյալներն առաջիկայում կփոխանցեն նաև այս կազմակերպություններին՝ նկատի ունենալով, որ միայն նրանք հնարավորություն ունեն աշխատելու Ադրբեջանի հետ, տվյալներ փոխանակելու և կորած համարվող զինծառայողների մասին տեղեկություններ ստանալու։

Արթուր Սաքունցը շեշտում է, որ ավելի քան 12 օր տևող պատերազմական գործողությունների ընթացքում Ադրբեջանը տվյալներ չի հրապարակել իր զոհված զինծառայողների մասին։

Իրավապաշտպանի գնահատմամբ, սա ուղղակի հիմնավորում է, որ Ադրբեջանի իշխանությունները որևէ պատասխանատվություն չեն կրում իրենց քաղաքացիների նկատմամբ․ - «Բնականաբար, նման կառավարում ունեցող պետությունը երբ որ պատասխանատվություն չունի իր քաղաքացիների նկատմամբ, ակնկալել պատասխանատվություն հակառակորդ պետության քաղաքացիների նկատմամբ․․․ չի ունենում։ Բայց սա հենց մարդու իրավունքների ամենակոպիտ խախտման մասին է վկայում։ Եթե դու թաքցնում ես ընդհանրապես էդ թիվը, նշանակում է ինչ-որ հանցագործություններ կան, որոնք դու կատարել ես ու փորձում ես դրանք կոծկել»։

Ալավերդցի 87-ամյա Էմմա Ճուղուրյանը լավ գիտի, թե ինչ տանջող ցավ է պատերազմում գտնվող որդուն սպասելը։ 90-ականների պատերազմին մասնակցած որդուն 4 տարի ահ ու սարսափով է սպասել։ Ողջ-առողջ է վերադարձել տուն, բայց մինչև հիմա էլ այդ անասելի դժվարությունների մասին խոսելիս չի կարողանում զսպել արցունքները։

«Գոնյա ինձ նման բախտ ունենան․․․ Բայց դե որ լսում ենք, ըտենց չի․․․ Ըսօր ասել եմ՝ տելեվիզըրը չմիացնես, չլսեմ էլ, չեմ կարում լսեմ․․․ Սաղ քշերը քնում չեմ, անընդհատ մտքիս ընկած հիշում եմ իմ րեխի պատմությունը։ Որ իմ րեխեն ընդեղ ա էղել, ինչ եմ քաշել, հմի նրա ծնողնին բա ինչ են անում․․․», - լացակումած ասում է նա։

XS
SM
MD
LG