Մատչելիության հղումներ

Երևանը կարևորում է Մինսկի խմբի համանախագահ երկրների ԱԳ նախարարների հայտարարությունը


ՀՀ ԱԳՆ շենքը Երևանում
ՀՀ ԱԳՆ շենքը Երևանում

Հայաստանը կարևորում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ԱԳ նախարարների կողմից արված հայտարարությունը, որտեղ աներկբա կերպով դատապարտվում է քաղաքացիական բնակչության և ենթակառուցվածքների աննախադեպ մեծ ծավալների թիրախավորումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում` որպես անընդունելի սպառնալիք տարածաշրջանային կայունության համար: Այս մասին ասված է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության երեքշաբթի օրը տարածած հայտարարությունում:

Հայաստանը վերահաստատել է կրակի անհապաղ դադարեցման անհրաժեշտությունը, որի մասին Արտգործնախարարությունն արդեն իսկ հանդես է եկել հայտարարությամբ հոկտեմբերի 2-ին: «Մեկ անգամ ևս ընդգծում ենք, որ հակամարտության խաղաղ կարգավորումը ու խաղաղ գործընթացն այլընտրանք չունեն, և ցանկացած փորձ` տանելու այն ռազմական լուծմանը, վճռականորեն կասեցվելու է», - ասված է Հայաստանի արտգործնախարարության հայտարարությունում։

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երեք երկրների` ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ֆրանսիայի արտգործնախարարները երեկ ուշ երեկոյան տարածած հայտարարությամբ ամենավճռական կերպով դատապարտել են բռնությունների աննախադեպ և վտանգավոր էսկալացիան ղարաբաղյան հակամարտության գոտում և դրա սահմաններից դուրս: Արտգործնախարարները վերստին կոչ են արել կողմերին անհապաղ և անվերապահ հրադադար հաստատել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG