Մատչելիության հղումներ

Նարինե Գրիգորյան․ Իմ սիրտն է այնտեղ, ինչպես ամբողջ հայության սիրտն է այնտեղ


Համազգային թատրոնի գեղարվեստական ղեկավար Նարինե Գրիգորյան
Համազգային թատրոնի գեղարվեստական ղեկավար Նարինե Գրիգորյան

Համազգային թատրոնի տնօրեն Արման Նավասարդյանը մեր հայրենակիցներից շատ-շատերի պես պատերազմական գործողությունների հենց առաջին օրը որպես պահեստազորի սպա մեկնել է Արցախ։

Թատրոնի գեղարվեստական ղեկավար Նարինե Գրիգորյանը «Ազատության» հետ զրույցում ընդգծում է, որ այս օրերին, ինչպես յուրաքանչյուր հայ, այնպես էլ ինքը շատ դժվարին զգացողությունների մեջ է՝ ամեն վայրկյան աչքն ու ականջը Արցախից եկող լուրերին պահած։

Գրիգորյանը մանկությունից անձամբ է անցել Արցախյան պատերազմի միջով․ - «Արդեն մի անգամ պատերազմ տեսել եմ, և հիշում եմ, որ քառօրյային մտածում էի, որ չեմ դիմանա, եթե մի անգամ էլ լինի։ Բայց հետաքրքիր է, որ այս անգամ մի պինդ ու շատ ուժեղ բան կա մեջս։ Գուցե վճռականություն կա․․․ վերջնական այս հարցը լուծելու, որովհետև այսքան ասում ենք՝ երեխաների համար ստեղծենք ապագան, բայց դեռ երեխաների հաշվին ենք ստեղծում՝ նկատի ունենալով այն երիտասարդներին, որ զոհվում են թե՛ քառօրյայի ժամանակ, թե՛ հիմա։ Կա՛մ պիտի հիմա իսկապես վերջնակետին հասցնենք, որովհետև սա մի պատմություն է, որը կախված է մեր գլխին, և անընդհատ, սերնդեսերունդ հո չե՞նք ապրելու այդ պատմությով։ Սա պիտի վերջնական լուծենք։ Եվ ավելի լավ է մենք լուծենք, քան էլի ման, էլի մնա։ Հետո ավելի դժվար կլինի փաստել մենք ագրեսո՞ր ենք, թե՞ իսկապես տերն ենք էդ երկրի։ Ինչքան ուշացնենք, այնքան ավելի դժվար է լինելու հետո։ Եթե ասում եմ վճռական, սառնասրտորեն և հաղթական, դա չի նշանակում, որ ես հանգիստ կամ տաք տեղից եմ խոսում։ Ես ինքս արցախցի եմ, բոլոր իմ բարեկամներն այնտեղ են․․․ և իմ սիրտն է այնտեղ, ինչպես ամբողջ հայության սիրտն է այնտեղ։ Չեմ ուզում առանձնացնել ընդհանրապես։ Ինչքան զինվոր կա, իմն են, իմ ազգականներն են, իմ բարեկամներն են։ Պիտի շատ վճռական լինենք, մինչև վերջ գնանք։ Ինձ շատ դուր է գալիս մեր հիմիկվա դիրքորոշումները, թե՛ Արցախի ղեկավարի և թե՛ մեր։

«Ազատություն»․ - Դուք դեռ տարիներ առաջ «Իմ ընտանիքը ճամպրուկում» շատ ուշագրավ մոնոներկայացմամբ հանդես եկաք, և հենց այնտեղ էլ ձեր մանկությունն էր։ Կարծես կրկնվում է ամեն ինչը, այո՞։

Գրիգորյան․ - Դա է ամենադաժանը, որ պատմությունը կրկնվում է։ Հետաքրքիր է, երեկ փոքր քույրիկս էր երկու շատ փոքր երեխաների հետ եկել, և երեխաները շատ ուրախ էին, խաղում էին իրար հետ։ Մենք էլ լարված զրուցում էինք։ Ու ոնց որ հիմա մենք ենք մեր ծնողների տեղը, և իրենք ուրախ մեզ պես, առանց գիտակցելու ինչ է տեղի ունենում․․․ Դա ինձ համար շատ ցավոտ էր։ Ես չեմ ուզում, որ այդ մանկությունը կրկնվի մեր երեխաների մոտ, չեմ ուզում այդ երիտասարդ զինվորների մահը կրկնվի չորս տարին մեկ կամ չգիտեմ քանի տարին մեկ․․․ Իսկապես թող դա լինի շատ կոշտ, լինի պինդ մեր կողմից, և անենք շատ վճռական քայլեր։

Գրիգորյանի հիշեցրեց, որ իրենց թատրոնում բեմադրվել է «Հաղթանակի գենեզիս» ներկայացումը, որ ստեղծվել էր Արման Նավասարդյանի, Վարշամ Գևորգյանի և իր հուշերի հիման վրա․ - «Պատերազմի առաջին օրը Արմանին միանգամից կանչեցին, որովհետև նա սպա է և միանգամից պիտի ներկա լինի։ Հենց առաջին օրը նա սահմանին կանգնած էր։ Մի քանի օր առաջ զանգահարեց Վարշամը և ասեց՝ կամավոր եմ գրվել և այսօր երեկոյան կամ վաղը կգնամ․․․ Մենք ոչ միայն պատմում ենք, թատրոնում խաղում ենք այդ մասին, այլև ամենակարևորը, որ դա առաջին հերթին մեր հոգում է, մեր ցավն է․․․ Ես գիտեմ, որ կանանց հավագրում են, բայց ինքս գիտեմ, որ անօգուտ կլինեմ էս պահին էնտեղ։ Ամեն մեկը իր օգնության ձևը գտնում է»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG