Մատչելիության հղումներ

Արցախում արդեն 19 խաղաղ բնակիչ է զոհվել, վիրավորվել՝ 80-ը


Արցախ, 3 հոկտեմբերի, 2020թ.

Ադրբեջանն առավոտյան լայնածավալ հարձակում է սկսել Արցախի հարավային ուղղությամբ, այսօր ասուլիսին հայտարարեց Հայաստանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։ Նրա խոսքով՝ գիշերը ռազմաճակատում համեմատաբար հանգիստ է եղել, որոշ հատվածներում փոխհրաձգությունները պահպանվել են, սակայն առավոտյան ամեն ինչ, Հովհաննիսյանի ձևակերպմամբ, սաստկացել է։

«Մեր զորքերը համառ մարտեր են մղում` հետ շպրտելով հակառակորդին», - ասաց նա:

Պաշտպանության բանակը ոչ միայն հարավային ուղղությամբ, այլև շփման գծի ողջ երկայնքով շարունակում է յուրաքանչյուր սանտիմետր հողի համար կենաց ու մահվան պայքար մղել, այս մասին էլ Ֆեյսբուքի իր էջում հայտարարել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը: Նա տեղեկացրել է, որ վաղ առավոտյան եղել է առաջնագծի հարավային թևում՝ Մեխակավանում` հայտնի որպես Ջեբրայիլ։ Ի դեպ, պաշտոնական Բաքուն պնդում է, որ գրավել է Ջեբրայիլը։

Ավելի ուշ Արցախի նախագահի խոսնակը հայտնեց` առաջնագծի որոշ ուղղություններում մարտավարական նպատակով Պաշտպանության բանակը ետ է քաշել զորքերը, և շահարկումների տեղիք չտալու համար, պարզաբանեց, թե ինչու։ Որպեսզի Պաշտպանության բանակը խուսափի ավելորդ զոհերից, ավելի մեծ վնասներ հասցնի հակառակորդի զորքերին։ «Երկու առումով էլ ձեռքբերումները զգալի են»,- գրել է Պողոսյանը։

Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն էլ ավելի ուշ Ֆեյսբուքում գրեց. «Համառ մարտեր են ընթանում, կասեցվում է ադրբեջանական զորքերի առաջխաղացումը»։

Պաշտպանության բանակն այսօր օրվա երկրորդ կեսից հետո հրապարակեց զոհված ևս 21 զինծառայողի անուն։ Մինչ այս պահը հայկական կողմը 219 կորստի մասին է հաղորդել։

Ադրբեջանական կողմի երեկվանից տարածվող տեղեկությունները, թե Հայաստանի տարածքից հրթիռակոծվում են Ադրբեջանի մի շարք բնակավայրեր, Երևանից պաշտոնական մակարդակով կրկին հերքում են։ Երեկ Պաշտպանության նախարարությունն էր արձագանքել` ոչ միայն հերքելով դրանք, այլև հայտարարելով՝ Ադրբեջանը սադրանքի համար հող է նախապատրաստում։

Ադրբեջանի նախագահի խորհրդական Հիքմեթ Հաջիևն էր սոցցանցերում գրառումներով պնդել, թե Գյանջայի վրա արձակվել է 4-ից ավելի հրթիռ, Խըզը և Ապշերոն շրջանի վրա՝ 300 կմ հեռահարությամբ 2 հրթիռ, Մինգեչաուրի ջրամբարի և էլեկտրակայանի ուղղությամբ՝ 4 հրթիռ:

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունից էլ այսօր հայտարարեցին` ադրբեջանական կողմն ապատեղեկատվություն է տարածում իր հանցավոր քաղաքականության շարունակման և պատերազմի աշխարհագրության ընդլայնման համար: Արտաքին գերատեսչությունից կոշտ են արձագանքում՝ ադրբեջանական կողմի յուրաքանչյուր սադրանք կստանա համարժեք պատասխան Հայաստանի Հանրապետության կողմից. «Ապատեղեկատվական արշավի նպատակն է կոծկել Ադրբեջանի կողմից պատերազմի առաջին իսկ օրերից Լեռնային Ղարաբաղի խոշոր բնակավայրերի զանգվածային հրետակոծումը, որի հետևանքով միայն այսօր արձանագրվել են բազմաթիվ զոհեր քաղաքացիական բնակչության շրջանում, և լուրջ վնաս է հասցվել քաղաքացիական կենսապահովման ենթակառուցվածքներին»:

Ադրբեջանը կիրակի օրն աննախադեպ ինտենսիվությամբ գնդակոծել է Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտն ու Շուշին. - «Կիրառվում է «Սմերչ», կիրառվում է «Պոլոնեզ», կիրառվում է «Կասիրգա» թուրքական, նմանատիպ հեռահար միջոցներ», - ասաց Հովհաննիսյանը:

Քաղաքացիական բնակչության շրջանում կան զոհեր և վիրավորներ: Արցախի մարդու իրավունքների գրասենյակի տվյալներով՝ արդեն 7 զոհ կա, Արցախի մայրաքաղաքի կամ դրան հարակից հատվածներում լուրջ մարմնական վնասվածքներ են ստացել 22 անձինք:

«Ազատության» թղթակից Նաիրա Նալբանդյանը Ստեփանակերտից հայտնել էր, որ երեկ ավերվել են շենքեր, տներ, քաղաքում տեսանելի են պայթյունի հետևանքով առաջացած խոշոր և խորը փոսեր: Ստեփանակերտի տարբեր հատվածներում նկատելի էր երկինք բարձրացող սև թանձր ծուխ:

Պաշտոնական տվյալներով՝ Արցախում արդեն 19 քաղաքացիական անձ է զոհվել, վիրավորվել՝ 80-ը, վնասվել է մոտ 2700 գույք ու ենթակառուցվածք։ Հայաստանում՝ Վարդենիսի ուղղությամբ Ադրբեջանի զինված ուժերի թիրախավորման հետևանքով 2 քաղաքացիական անձ է սպանվել։

Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն այսօր հրավիրված ասուլիսի ընթացքում անդրադարձել է նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այն հայտարարություններին, թե ադրբեջանական զինված ուժերն Արցախում մի շարք շրջաններ են գրավել. - «Դե իրենք շատ բան են հայտարարում: Ես երեկ ցույց տվեցի տեսանյութով, թե Մատաղիսից ինչպես են փախչում իրենց զինվորները: Իսկ նախորդ օրը ամուսին ու կին ուզում էին գալ Մատաղիս»:

XS
SM
MD
LG