Մատչելիության հղումներ

ՀՀ ԱԳՆ. Բաքվի ապատեղեկատվական արշավի նպատակն է կոծկել Արցախի խոշոր բնակավայրերի զանգվածային հրետակոծումը


ՀՀ ԱԳՆ շենքը Երևանում
ՀՀ ԱԳՆ շենքը Երևանում

«Ադրբեջանի կողմից Թուրքիայի աջակցությամբ և օտարերկրյա ահաբեկիչ զինյալների ներգրավմամբ Արցախի նկատմամբ սանձազերծված ագրեսիան ուղեկցվում է ողջամտության սահմաններն անցնող ապատեղեկատվության և կեղծիքների արշավով», - հայտարարում է Հայաստանի արտգործնախարարությունը:

«Անկարող լինելով ռազմաճակատում հասնելու որևէ հաջողության՝ ադրբեջանական կողմը մի կողմից խոսում է երևակայական հաջողությունների մասին, իսկ մյուս կողմից կեղծ լուրեր տարածում առ այն, իբրև թե Հայաստանն ադրբեջանական բնակավայրերի ուղղությամբ հարվածներ է հասցնում», - ասված է հայտարարությունում: - «Այս շարքից է նաև Հայաստանի Հանրապետության տարածքից Ադրբեջանի խորքում գտնվող բնակավայրերին հարված հասցնելու մասին վերջին ժամերին տարածված ապատեղեկատվությունը»:

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության համոզմամբ՝ ապատեղեկատվական արշավի նպատակն է կոծկել Ադրբեջանի կողմից պատերազմի առաջին իսկ օրերից Լեռնային Ղարաբաղի խոշոր բնակավայրերի զանգվածային հրետակոծումը, որի հետևանքով միայն կիրակի օրն արձանագրվել են բազմաթիվ զոհեր քաղաքացիական բնակչության շրջանում, և լուրջ վնաս է հասցվել քաղաքացիական կենսապահովման ենթակառուցվածքներին:

«Նման ստահոդ լուրերի տարածմամբ Ադրբեջանը նաև հող է նախապատրաստում իր հանցավոր քաղաքականության շարունակման և պատերազմի աշխարհագրության ընդլայնման համար», - շեշտում է Արտգործնախարարությունը՝ վստահեցնելով. - «Ադրբեջանական կողմի յուրաքանչյուր սադրանք կստանա համարժեք պատասխան Հայաստանի Հանրապետության կողմից»:

Նշենք, որ Ադրբեջանի նախագահի խորհրդական Հիքմեթ Հաջիևը սոցցանցերում գրառումներով պնդել է, մասնավորապես, թե Գյանջայի վրա արձակվել է 4-ից ավելի հրթիռ, Խըզը և Ապշերոն շրջանի վրա՝ 300 կմ հեռահարությամբ 2 հրթիռ, Մինգեչաուրի ջրամբարի և էլեկտրակայանի ուղղությամբ՝ 4 հրթիռ: Ըստ ադրբեջանցի պաշտոնյայի՝ ենթակառուցվածքներին լուրջ վնաս չի հասցվել, կան մի քանի վիրավորներ:

XS
SM
MD
LG