Մատչելիության հղումներ

Վաշինգտոնը ակտիվացնում է միջնորդական ջանքերը


ԱՄՆ Պետդեպարտամենտի Եվրոպական և եվրասիական բյուրոյի ղեկավար Ֆիլիպ Ռիկեր, արխիվ
ԱՄՆ Պետդեպարտամենտի Եվրոպական և եվրասիական բյուրոյի ղեկավար Ֆիլիպ Ռիկեր, արխիվ

Միացյալ Նահանգները Թուրքիա է գործուղել վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկին` Պետդեպարտամենտի Եվրոպական և եվրասիական բյուրոյի ղեկավար Ֆիլիպ Ռիկերին` տարածաշրջանային խնդիրները, այդ թվում` ղարաբաղյան հարցը քննարկելու համար: «Մենք ուզում ենք թուրքական կողմի հետ քննարկել այդ հարցը», - թուրքական «Անադոլու» գործակալությանն ասել է Պետդեպի բարձրաստիճան ներկայացուցիչը, հավելելով. - «Մենք կարող ենք նվազեցնել լարվածությունը»:

Հաղորդվում է, որ դեսպան Ռիկերն արդեն ժամանել է Անկարա, հանդիպել նախագահ Էրդողանի խոսնակ Իբրահիմ Քալընին, առաջիկա երկու օրերին էլ բանակցելու է Թուրքիայի արտգործնախարարի և այլ պաշտոնյաների հետ: Մինչ նրա այցը ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեոն կոչ էր արել կողմերին հրադադար հաստատել, ինչպես նաև դատապարտել երրորդ ուժերի միջամտությունը:

«Մենք դեմ ենք, որ այս հակամարտությունը միջազգային բնույթ ստանա, և կարծում ենք, որ կողմնակի ուժերը պետք է հեռու մնան», - ասել էր Փոմփեոն Fox News-ին տված հարցազրույցում։ Օրեր առաջ էլ Հայաստանի ու Ադրբեջանի առաջնորդների հետ հեռախոսազրույց էր ունեցել Սպիտակ տան Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ռոբերտ Օ՛Բրայանը: «Երկու զրույցներում էլ ես կոչ արեցի անհապաղ թուլացնել լարվածությունը և վերադառնալ բանակցությունների` Մինսկի խմբի հովանու ներքո», - գրել էր Բրայանը Թվիթերում:

Հայաստանի կառավարությունը իր հերթին հաղորդել էր` Սպիտակ տան բարձրաստիճան պաշտոնյայի հետ զրույցում Փաշինյանը շեշտել է` հրադադարը անհնար է հաստատել առանց տարածաշրջանից վարձկանների և ահաբեկիչների դուրս բերման:

XS
SM
MD
LG