Մատչելիության հղումներ

Փոմփեո. ԱՄՆ-ը հրադադարի կոչ է անում և դատապարտում երրորդ ուժերի միջամտությունը ԼՂ հակամարտությանը


ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեո, արխիվ

Միացյալ Նահանգները կոչ է անում հակամարտող կողմերին հրադադար հաստատել և դատապարտում է երրորդ ուժերի միջամտությունը, երեկ ասել է պետքարտուղար Մայք Փոմփեոն Fox News-ին տված հարցազրույցում։

«Մենք դեմ ենք, որ այս հակամարտությունը միջազգային բնույթ ստանա, և կարծում ենք, որ կողմնակի ուժերը պետք է հեռու մնան։ Մենք հրադադարի կոչ ենք անում», - ասել է Փոմփեոն՝ ընդգծելով, որ ամերիկյան վարչակազմը խոսել է Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հետ՝ հորդորելով դադարեցնել կրակը։

«Հուսով ենք՝ առաջիկա օրերին նրանք կհամոզվեն, որ անհնար է ռազմական ճանապարհով կարգավորել էթնիկ ու քաղաքական հակամարտությունները, իսկ երրորդ երկրների միջամտությունը միայն կխորացնի խնդիրը», - ասել է ԱՄՆ պետքարտուղարը։

Ավելի վաղ՝ այս գիշեր, Հայաստանի կառավարությունը հաղորդել էր, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Սպիտակ տան Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ռոբերտ Օ՛Բրայենի հետ։

Ըստ պաշտոնական Երևանի, Փաշինյանը շեշտել է տարածաշրջանից վարձկանների և ահաբեկիչների դուրս մղման անհրաժեշտությունը, առանց որի անհնար է հրադադարի հաստատումը:

XS
SM
MD
LG