Մատչելիության հղումներ

Ռուսաստանը աջակցում է միայն խաղաղության հաստատմանը, հայտարարել է ՄԱԿ-ում ՌԴ-ի մշտական ներկայացուցիչը


ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան, արխիվ

Ռուսաստանը թեև հայտարարում է, որ Լեռնային Ղարաբաղում պատերազմական գործողություններին մասնակցում են վարձկաններ Սիրիայից և Լիբիայից, սակայն այսօր էլ բոլոր հարթակներից ընդգծում է, որ չի պաշտպանում կողմերից և ոչ մեկին, այլ կոչ է անում վերջ տալ պատերազմական գործողություններին և վերսկսել բանակցությունները։

ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան երեկ հայտարարել է՝ թեև Թուրքիան ամբողջովին աջակցում և օգնում է Ադրբեջանին, Ռուսաստանը չի պատրաստվում օգնել կողմերից և ոչ մեկին։

«Ռուսաստանը, ի տարբերություն Թուրքիայի, Լեռնային Ղարաբաղի ռազմական հակամարտությունում կողմերին չի ընտրում, այլ աջակցում է միայն դիմակայության դադարեցմանն ու խաղաղության հաստատմանը», - ՄԱԿ-ում երեկ ասել է Նեբենզյան։

Ամեն դեպքում Ռուսաստանն ակտիվ ներգրավված է այս պատերազմում՝ յոթ օրում Ռուսաստանի նախագահը երեք անգամ միայն Հայաստանի վարչապետի հետ է խոսել, ընդ որում բոլոր երեք անգամն էլ հայկական կողմի նախաձեռնությամբ։ Սակայն սեպտեմբերի 27-ից մինչ օրս Ռուսաստանի նախագահը չի խոսել ոչ Ադրբեջանի, ոչ էլ Թուրքիայի նախագահների հետ։ Համենայնդեպս, Կրեմլի մամուլի ծառայությունը այս մասին տեղեկություն չի հայտնել։

Փոխարենը ղարաբաղյան պատերազմը Ռուսաստանի առաջնորդը քննարկել է Բելառուսի նախագահի հետ։ Երեկ՝ սեպտեմբերի 2-ին, Բելառուսի գործող նախագահի մամուլի ծառայության փոխանցմամբ՝ Վլադիմիր Պուտինը և Ալեքսանդր Լուկաշենկոն քննարկել են Ղարաբաղում ստեղծված իրավիճակ։ Ավելի վաղ Լուկաշենկոն հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ։ Պուտինը խոսել էր նաև Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի հետ։

Հիշեցնենք՝ Մակրոնն առաջինն է պաշտոնապես հայտարարել, որ Ղարաբաղում մարտական գործողություններին մասնակցում են Թուրքիայի կողմից Սիրիայից և Լիբիայից բերված վարձկաններ։ Պաշտոնական Մոսկվան իր հայտարարություններում չի շեշտում, թե այդ վարձկաններին բերել է Թուրքիան։ Պաշտոնական Մոսկվան, այդուամենայնիվ, ակտիվ կապի մեջ է թե՛ հակամարտող կողմերի, թե՛ տարածաշրջանային, թե՛ միջնորդ պետությունների հետ։

Երեկ, մասնավորապես, Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի հետ: Հանգամանալից քննարկվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում տիրող իրավիճակը։ Երկուստեք լուրջ մտահոգություն է հայտնվել շարունակվող լայնածավալ մարտական գործողությունների, ինչպես նաև դրանցում Սիրիայից և Լիբիայից անօրինական զինված խմբավորումների գրոհայինների ներգրավվածության կապակցությամբ: Կոչ է արվել անհապաղ դադարեցնել կրակը։

Այդ հեռախոսազրույցի ընթացքում Լավրովն ընդգծել է, որ Ռուսաստանը կշարունակի ինչպես ազգային, այնպես էլ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների եռյակի շրջանակներում միջնորդական ջանքեր գործադրել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը քաղաքական-դիվանագիտական միջոցներով աջակցելու համար:

Ռուսաստանցի փորձագետները շեշտում են, որ Մոսկվային դուր չի գալիս Փարիզի՝ այս օրերին աչքի ընկնող ակտիվությունը ղարաբաղյան պատերազմի շուրջ։ Իրանի արտգործնախարարի հետ հեռախոսազրույցում Լավրովը, մասնավորապես, նշել էր պատերազմին վերջ տալուն ուղղված տարածաշրջանային երկրների ջանքերը։

Ղարաբաղյան պատերազմը շարունակում է մնալ ռուսական դաշնային հեռուստաընկերությունների և մամուլի ուշադրության կենտրոնում, քննարկվում է հատկապես Թուրքիայի դերը ռազմական գործողություններում։ Ռուսական «Կոմերսանտն» այսօր, մասնավորապես, գրել է, թե միջազգային գրեթե բոլոր խաղացողները, ներառյալ ՌԴ-ն ու Միացյալ Նահանգները, ղարաբաղյան հարցում հազվադեպ են միակարծիք լինում:

«Կողմերի վրա այսօր աննախադեպ միջազգային ճնշում կա։ Սակայն այդ ճնշումը նախկինի պես շոշափելի արդյունքներ չի տալիս։ Արդեն գրեթե մեկ շաբաթ շարունակվող պատերազմը միավորեց նույնիսկ նրանց, ում վերջին տարիներին քիչ բան կարող էր միավորել։ Իրենց հերթին թե՛ Բաքվում, թե՛ Երևանում պնդում են, որ հենց հակամարտող կողմն է, որ շահագրգռված չէ բանակցությունների միջոցով հակամարտության կարգավորմամբ: Հրադադարի հասնելու բոլոր փորձերի ձախողվում են, մինչդեռ շարունակվող պատերազմական գործողությունների հետևանքով Լեռնային Ղարաբաղը հայտնվել է հումանիտար աղետի եզրին», - գրել է «Կոմերսանտը»։

XS
SM
MD
LG