Մատչելիության հղումներ

ՄԽ համանախագահները դատապարտում են բռնությունները և խաղաղ բնակչության թիրախավորումը


ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Երևանում հանդիպում են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, արխիվ

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարությամբ են հանդես եկել, որում խստորեն դատապարտում են շարունակական բռնությունները ինչպես Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում, այնպես էլ շփման գծից հեռու գտնվող Հայաստանի և Ադրբեջանի թիրախների նկատմամբ, և ահազանգ են հնչեցնում քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի թվի աճի մասին հաղորդումների առնչությամբ։

Խաղաղ բնակիչներին թիրախավորելը կամ սպառնալը որևէ պարագայում չի կարող ընդունելի լինել, շեշտում են ղարաբաղյան խնդրի կարգավորման միջնորդները՝ կողմերին կոչ անելով հետևել իրենց միջազգային պարտավորություններին՝ պաշտպանելու խաղաղ բնակչությանը։

Համանախագահները նաև ընդգծում են, որ արտաքին ուժերի մասնակցությունը լարվածության աճին վտանգում են տարածաշրջանում երկարատև խաղաղության հասնելու ջանքերը։

Հիշեցնելով համանախագահ երկրների նախագահների հոկտեմբերի 1-ի հայտարարությունը, համանախագահները կրկին ռազմական գործողություններն անհապաղ դադարեցնելու և առարկայական բանակցությունները վերսկսելու կոչ են անում՝ բարեխղճորեն և առանց նախապայմանների։

Միջնորդները նաև կոչ են անում անհապաղ հումանիտար զինադադար հաստատել, որպեսզի ԵԱՀԿ-ի և Միջազգային Կարմիր խաչի գրասենյակի համակարգմամբ հնարավոր լինի վերադարձնել զոհված զինծառայողների աճյունները։

XS
SM
MD
LG