Մատչելիության հղումներ

Նուրսուլթան Նազարբաևը Հայաստանին և Ադրբեջանին հորդորում է դադարեցնել ռազմական գործողությունները


Նուրսուլթան Նազարբաևը, արխիվ
Նուրսուլթան Նազարբաևը, արխիվ

ՀԱՊԿ անդամ Ղազախստանի հիմնադիր նախագահ, անվտանգության խորհրդի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը, ինչպես նաև այդ երկրի հայկական և ադրբեջանական համայնքները խնդրում են Հայաստանին և Ադրբեջանին դադարեցնել ռազմական գործողությունները: Այս մասին հայտնել է Նազարբաևի մամուլի ծառայությունը։

«Ելբասին պաշտպանել է Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցման մասին Ղազախստանի հայկական և ադրբեջանական համայնքների համատեղ կոչը», - ասված է հաղորդագրության մեջ:

«Նուրսուլթան Նազարբաևը մտահոգություն է հայտնել հակամարտության սրման կապակցությամբ՝ կարևորելով Ղազախստանի համար բարեկամ երկու պետությունների միջև բանակցությունների մեկնարկը, ինչը կծառայի տարածաշրջանում իրավիճակի շուտափույթ կայունացմանը», - ասված է Նազարբաևի մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունում:

Հիշեցնենք՝ ավելի վաղ նման կոչով հանդես էր եկել նաև Ղազախստանի ազգային անվտանգության Խորհրդի քարտուղար Ասեթ Իսեկեշևը։ Աստանան հակամարտող կողմերին նաև իր միջնորդությունն է առաջարկել բանակցություններ սկսելու համար։

Երեկ ՀԱՊԿ մեկ այլ անդամ Բելառուսի գործող նախագահը, ում չեն ճանաչում որպես նախագահ արևմուտքում, զանգահարել էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Լուկաշենկոյի մամուլի ծառայությունը մանրամասներ չի հայտնում, կարճ հաղորդագրությունում նշված է միայն, որ կողմերը քննարկել են ավանդական հարցեր, առևտրատնտեսական հարաբերությունները, հիմնական հարցը Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակն էր։

Հավելենք՝ մինչ օրս, թեև պատերազմական գործողությունների մեկնարկեց վեց օր է անցել, Կրեմլը չի հայտնել ոչ Պուտին-Ալիև , ոչ էլ Պուտին-Էրդողան հեռախոսազրույցի մասին, թեև Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը ավելի վաղ ասել էր, թե Կրեմլը մշտական կապի մեջ է Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի ղեկավարության հետ։

ԱՊՀ անդամ Ուզբեկստանը նույնպես իր մտահոգությունն է հայտնել ղարաբաղյան հակամարտության գոտում լարվածության աճի կապակցությամբ։ Որպես ԱՊՀ-ի նախագահ՝ Տաշքենդը կողմերին խաղաղ բանակցությունների կոչ է արել։

«Ուզբեկական կողմը, որպես ԱՊՀ-ում նախագահող երկիր, կրկին հաստատում է ԱՊՀ տարածքում վիճելի հարցերի խաղաղ լուծման կարևորությունը՝ միջազգային իրավունքի նորմերին համապատասխան», - ասված է Ուզբեկստանի արտգործնախարարության ավելի վաղ տարածած հաղորդագրության մեջ:

XS
SM
MD
LG