Մատչելիության հղումներ

Բանակցությունները խորտակված են, Ադրբեջանը պիտի Լեռնային Ղարաբաղի հետ հրադադար կնքի. Ստեփան Սաֆարյան


Բանակցությունները խորտակված են, Ադրբեջանը պիտի Լեռնային Ղարաբաղի հետ հրադադար կնքի, այս համոզմանն է Հանրային խորհրդի նախագահ Ստեփան Սաֆարյանը: «Ազատության» հետ զրույցում Սաֆարյանը նաև նշում է. - «Երկարաժամկետ պատերազմին Կովկասում քիչ եմ հավատում»:

Ստորև ներկայացնում ենք հատվածներ հարցազրույցից.

Ստեփան Սաֆարյան - Ռուսաստանի պաշտոնական տեսակետին, կարծում եմ, բոլորս ենք ծանոթ, նրանք փորձում են փրկել բանակցությունները, բայց հնարավոր չէ փրկել մի բան, որն այլևս խորտակված է, և բանակցորդ Իլհամ Ալիևն այն ավելի վաղուց է խորտակել, քան նույնիսկ մինչև լայնամասշտաբ պատերազմ սանձազերծելը: Համենայն դեպս ես դժվար եմ պատկերացնում այլևս նստել բանակցային սեղանի շուրջ մի մարդու հետ, ով կարող է որպես բանակցորդ հատել բոլոր կարմիր գծերը, ով կարող է ուղղակի նախ փորձել ոչնչացնել քեզ, հետո գալ, նստել քո դեմ և բանակցել ինչի՞ մասին:

«Ազատություն» - Այդ դեպքում հրադադարի բանակցություններ եթե լինեն, ինչի՞ շուրջ պետք է խոսվի:

Ստեփան Սաֆարյան - Պիտի դեէսկալացիայի շուրջ լինի, ընդհանուր առմամբ բացառապես դեէսկալացիայի շուրջ: Իլհամ Ալիևը հարձակվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վրա, պաշտոնապես պատերազմը վարվում է, ինչպես իրենք են նշում, ոչ Հայաստանի դեմ, ուրեմն բարի պիտի լինեն հրադադարը վերահաստատել, կնքել Լեռնային Ղարաբաղի օրինական ընտրված իշխանությունների հետ: Ես չեմ կարծում, որ այժմ բանակցությունները վերսկսկելու, ընդհանրապես խնդրի կարգավորման շուրջ խոսելու որևէ պատուհան Իլհամ Ալիևը թողել է: Ես կարծում եմ` ընդհանուր մի բան կա, և եթե խաղաղությունը նրանց պարտադրում է հիմա Արցախի բանակը, այո, հայ կամավորների օգնությամբ, բայց միևնույնն է` պաշտոնական մակարդակով այս պատերազմի հրամանատարությունը ստանձնել է Լեռնային Ղարաբաղի ռազմաքաղաքական ղեկավարությունը, Հայաստանը հանդես է գալիս որպես Արցախի անվտանգության երաշխավոր, մենք դա տեսնում ենք շատ գրագետ: Եվ այս կտրվածքով Իլհամ Ալիևը մեկ զրուցակից կարող է ունենալ` Ստեփանակերտը, ում հետ կարող է քննարկել դեէսկալացիայի տարբերակները կամ միգուցե կապիտուլացիայի տարբերակները` իր կապիտուլացիայի:

«Ազատություն» - Լեռնային Ղարաբաղի ճանաչման մասին էլ, ե՞րբ, եթե ոչ հիմա:

Ստեփան Սաֆարյան - Մեր հանրությունն այդ պահանջը ներկայացնում է, որ արդեն ժամանակն է ուղղակի այսքանից հետո, կամ ճանաչում, կամ վերամիավորում, կամ ռազմաքաղաքական դաշինքը: Նորմատիվային անորոշություն կա, և անորոշությունը վերաբերում է նրան, որ պարոն Ալիևին թվում է, որ եթե Հայաստանը չի ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը կամ վերամիավորումը, ապա իրեն թվում է, թե այդ տարածքն անտեր է, հետևաբար եթե այդ տարածքի ստատուսի նկատմամբ մենք դե յուրե որևէ գնահատական չեն տալիս, ինքը կարող է իրեն թույլ տալ արդեն որերորդ անգամ պատերազմ սանձազերծել: Պետք է ուղղակի Ալիևին զրկել այդ հաճույքից, հասկացնել, որ իհարկե, այդ տարածքի տերն այնտեղ ապրող ժողովուրդն է, որն ինքնորոշվել է, որը իր անկախությունն ամրապնդել է իր բոլոր պետական ինստիտուտներով, և Հայաստանն այդ որոշումը հարգում է: Դրանից հետո եթե մենք երկու հայկական պետականություններով որոշում կընդունենք վերամիավորվել, ապա դա նույնպես, ըստ էության, տեխնիկական խնդիր է և կլուծվի: Բայց առաջինն այս փուլում, ես ուզում եմ սա լավ շեշտել, որովհետև մեր հանրության մեջ շատ հաճախ այդ շահարկումները կան, ասում են` ինչո՞ւ եք ճանաչում, առանձնացնում: Չէ, դա առաջին քայլն է` ուղղակի փակելու այն էջը, այն անորոշությունը, որը ստեղծվել է այն պատճառով, որ Հայաստանն, այսպես ասած, գնալով բանակցությունների ոգով, չի կանխորոշել Արցախի ստատուսը:

«Ազատություն» - Որքան էլ որ անկանխատեսելի է դրությունը, հնարավո՞ր է` գործ ունենանք երկարաժամկետ պատերազմի հետ:

Ստեփան Սաֆարյան - Ես երկարաժամկետ պատերազմին Կովկասում քիչ եմ հավատում, երկարաժամկետ պատերազմներ տեղի են ունենում այն տարածքներում, որտեղ կա անվտանգության լուրջ վակուում: Սա այն տարածաշրջանը չէ, որ մենք նույնացնենք ոչ միայն Ուկրաինայի կամ առավել ևս Սիրիայի հետ, այս տարածաշրջանում և Ռուսաստանը, և արևմուտքն ունեն կայուն շահեր և գոնե բավարար ներկայացվածություն, որ բավարար է ուղղակի վերջ դնել այս արյունահեղությանը և զսպել:

Ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ.

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG