Մատչելիության հղումներ

Մինսկի խմբի համանախագահող երկրների առաջնորդները հնարավոր է Ղարաբաղի հարցով հանդես գան համատեղ հայտարարությամբ


Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոն և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտին, արխիվ
Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոն և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտին, արխիվ

Ակնկալվում է, որ այսօր Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը Ղարաբաղի հարցով հեռախոսազրույց է ունենալու Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հետ։

Դատելով Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ երեկ Մակրոնի հեռախոսազրույցի մասին հաղորդագրությունից՝ հնարավոր է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների առաջնորդները՝ Դոնալդ Թրամփը, Էմանյուել Մակրոնը և Վլադիմիր Պուտինը Ղարաբաղի հարցով հանդես գան համատեղ հայտարարությամբ։

Ֆրանսիական կողմի նախաձեռնությամբ Մակրոնը երեկ երեկոյան հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ։

Ռուսաստանի նախագահի պաշտոնական կայքէջը հայտնում է, որ հանգամանալից քննարկվել է իրավիճակի կտրուկ սրացումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում, լուրջ մտահոգություն է արտահայտվել լայնածավալ մարտական գործողությունների շարունակման կապակցությամբ։

Վլադիմիր Պուտինը և Էմանյուել Մակրոնը հակամարտ կողմերին կոչ են արել շուտափույթ և ամբողջովին դադարեցել կրակը, լիցքաթափել լարվածությունը և առավելագույն զսպվածություն ցուցաբերել։

Նշվել է, որ Լեռնային Ղարաբաղի ճգնաժամի քաղաքական- դիվանագիտական մեթոդներով լուծումն այլընտրանք չունի։ Այս համատեքստում քննարկվել են հետագա համագործակցության կոնկրետ պարամետրեր, առաջին հերթին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափով։

Պատրաստակամություն է ցուցաբերվել, որ Մինսկի խմբի համանախագահ երկրների՝ Ռուսաստանի, Ֆրանսիայի, Միացյալ Նահանգների առաջնորդների անունից հայտարարություն արվի՝ ռազմական առճակատումն անհապաղ դադարեցնելու և բանակցային գործընթացը վերսկսելու մասին։

Նշենք, որ սեպտեմբերի 29-ին Մոսկվայում Հայաստանի ու Ադրբեջանի դեսպանները միաժամանակ գտնվել են Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության շենքում։ Նախարարության մամուլի խոսնակ Մարիա Զախարովան երեկ ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել է, որ դեսպանների հետ երկու առանձին հանդիպումներ են եղել։

Նա նշել է, որ հանդիպումները տարբերվել են ավանդական դիվանագիտական հանդիպումներից, քանի որ դրանց մասնակցել են նաև Ներքին գործերի նախարարության ներկայացուցիչները, ներքին գործերի նախարարի առաջին տեղյակալը, իսկ ԱԳՆ-ից՝ նախարարի տեղակալ Անդրեյ Ռուդենկոն։

Զախարովան ասել է, որ այդ հանդիպումներում իհարկե քննարկվել է Ղարաբաղի իրավիճակը, բայց հիմնականում խոսքը վերաբերել է Ռուսաստանում ապրող, ՌԴ քաղաքացիություն ունեցող հայերին ու ադրբեջանցիներին, որոնց շատ է հուզում Ղարաբաղի իրավիճակը, բայց Ռուսաստանում չպետք է տրվեն էմոցիաներին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG