Մատչելիության հղումներ

ՊՆ խոսնակ. Ադրբեջանական զինուժը կենդանի վահան է դարձնում համաքաղաքացիներին


ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյան, արխիվ

Ադրբեջանական զինված ուժերը կենդանի վահան են դարձնում իրենց իսկ քաղաքացիներին, պնդում է Հայաստանի պաշտպանության նախարարությունը:

Նախարարության խոսնակ Շուշան Ստեփանյանը Ֆեյսբուքում տեսանյութ է հրապարակել՝ գրելով. - «Կադրերում երևում է, թե ինչպես են ադրբեջանական ՏՕՍ-1Ա ծանր հրետանային համակարգերը տեղակայվում բնակավայրում և այնտեղից կրակ բացում` կենդանի վահան դարձնելով իրենց իսկ քաղաքացիներին»:

Ստեփանյանը ֆեյսբուքյան մեկ այլ հրապարակմամբ տեղեկացնում է՝ Արցախի Պաշտպանության բանակը «շարունակում է վստահորեն ոչնչացնել ադրբեջանական բանակի զինվորականներին և մարտական տեխնիկան»։ Հրապարակելով տեսանյութ՝ Պաշտպանության նախարարության խոսնակը գրում է. - «Կադրերում միանգամից ամբողջ ստորաբաժանման ոչնչացման փայլուն իրականացված գործողություն է»:

Ստեփանյանի հրապարակած մեկ այլ տեսանյութ էլ ուղեկցվում է հետևյալ գրառմամբ՝ «Արցախի ՊԲ, արևելյան ուղղություն․ հակառակորդի զինամթերքով բեռնված մեքենաների շարասյան խոցումը»:

Նշենք, որ Ադրբեջանը չի բացահայտում իր ռազմական կորուստները, հաղորդում է միայն սեպտեմբերի 27-ին լայնածավալ ռազմական գործողություններն սկսվելուց ի վեր քաղաքացիական բնակչության շրջանում 10 զոհվածների և 30 վիրավորների մասին:

Հայկական կողմից քաղաքացիական բնակչության շրջանում զոհվածների թիվը հասել է 5-ի, ևս 30 մարդ վիրավորվել է: Ադրբեջանական զինուժի կողմից քաղաքացիական բնակչության և օբյեկտների թիրախավորման հետ կապված Հայաստանը դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան:

XS
SM
MD
LG